Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի աջակիցներ. «Մենք շատ վճռական ենք, եւ մեր նախագահի համար պատրաստ ենք ավելի լուրջ քայլերի»

Սեպտեմբեր 09,2019 17:46

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Շենգավիթ դատարանի մոտ բողոքի ցույց էին անում: Մինչ այդ նրանք ցույց էին անում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրի շենքի առջեւ եւ դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջում էին կատարել Սահմանադրական դատարանի որոշումը եւ անհապաղ ազատ արձակել ՀՀ 2-րդ նախագահին:

Շենգավիթ դատարանի մոտ ցույցն էլ նույն նպատակով էր. ցույցի մասնակիցներից  Գագիկ Բաղդասարյանը դիմելով դատավոր Դանիբեկյանին, ներկայացրեց ցուցարարների պահանջը՝ կատարել ՍԴ որոշումը, անհապաղ նիստ հրավիրել եւ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացնել. «Մենք մեկ տարի համբերատար սպասել ենք, որ այսօր նախագահ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը կկայացնեք: Մենք մեկ տարի սպասելուց հետո եւ ազատություն վանկարկելով մենք չենք ակնկալում, որ հարկավոր է սպասել մինչեւ ամսի 12-ը: Հակառակը, հենց հիմա դուք պարտավոր եք խորհրդակցության սենյակում կայացնել որոշում եւ ազատ արձակել անազատության մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահին: Հարգելի տիկին Դանիբեկյան, մենք հենց այնպես չէ, որ այստեղ հավաքվել ենք, մենք շատ վճռական ենք, եւ պատրաստ ենք ավելի վճռական քայլերի՝ եթե դուք համապատասխան որոշում չկայացնեք համապատասխան ՍԴ որոշման»:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանը հոդվածներից մեկը ճանաչեց հակասահմանադրական, մյուսը՝ սահմանադրական, հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Այսօր ցուցարարները պարբերաբար վանկարկում էին՝ «Ազատություն, ան-հա-պաղ», «Քոչարյան, հերոս»: Ցույցի որոշ մասնակիցներ «Խեղափոխություն» գրառմամբ շապիկներով էին:

Բաղդասարյանը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք մեր նախագահի համար ամենալուրջ քայլերի դիմել, քանի որ հակառակ դեպքում ձեր անգործության արդյունքում, նույնիսկ մեկ րոպե նախագահի կալանքի տակ մնալը կորակենք Սահմանադրական կարգի խախտում եւ տապալում»:

Ցուցարարները հայտարարեցին, թե սպասելու են՝ եթե մինչեւ աշխատանքային օրվա վերջում դատավոր Դանիբեկյանի որոշումը չլինի՝ կհայտարարեն իրենց հաջորդ քայլերի մասին:

Ցույցի կազմակերպիչները հայտարարում էին՝ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդումների, եւ պահանջում՝ քրեական հետապնդումը դադարեցնել:

Ցույցի կազմակերպիչներից մեկը հայտարարեց՝ եթե չկատարվի իրենց պահանջը, իրենք չեն շրջափակելու դատարանները, չեն խոչընդոտելու ՀՀ-ում արդարադատության իրականացումը եւ չեն տապալելու սահմանադրական կարգը, սակայն չեն սահմանափակվելու միայն կոչերով:

Շենգավիթ դատարանի մոտ ցույցին մասնակցում է նաեւ TV5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, որը Ռոբերտ Քոչարյանի ընկերն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30