Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ով եւ երբ է իրականում խախտել կարմիր գիծը. Հռիփսիմե Գրիգորյանի ուշագրավ ելույթը՝ Հրայր Թովմասյանի մասին

Հոկտեմբեր 22,2019 18:25

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստերը հարցաքննելու հետ կապված քննադատություններին: Նրա խոսքով՝ արդեն մի քանի օր է, որոշ շրջանակների կողմից որպես մանրադրամ են օգտագործվում մեր ազգային արժեքները՝ ընտանիք, երեխաներ, ծնողներ: ԱԱԾ-ի կողմի ընդամենը պարզաբանումներ տալու համար հրավիրվել են Հրայր Թովմասյանի հայրը եւ դուստրերը ու սա որակվեց որպես կարմիր գծերն անցնել, 37 թիվ եւ այլն.

«Ուզում եմ հիշեցնել, թե երբ եւ ում կողմից են իրականում խախտվել այդ կարմիր գծերը: 2008-ի Մարտի 1-ին եւ դրան հաջորդող զարգացումների ընթացքում ունեցանք հարյուրավոր քաղբանտարկյալներ,որոնց գործերն այսօր հատ-հատ հետ են գալիս ՄԻԵԴ-ից՝ որպես ապտակ նախկին իշխանություններին, ա՛յն իշխանություններին, որոնց այսպես կոչված սահմանապահ է Հրայր Թովմասյանը: Մարտի 1-ին եւ դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում ՀՀ-ում բազմաթիվ մարդկանց ու նրանց ընտանիքների հանդեպ կիրառվեցին դաժան եւ անմարդկային ճնշումներ, որոնք դեռ թարմ են մեր հիշողության մեջ: Դավիթ Աղայանի նորածին երեխային ջերմության մեջ մի քանի ժամ պահեցին ոստիկանությունում, որպեսզի Դավիթ Աղայանը գնար հանձնվեր: Եղեգնաձորից Էդուարդ Ասատրյանին Մարտի 1-ի առավոտյան հրապարակում, այնուհետեւ 6-րդ վարչությունում դաժան ծեծի ենթարկելուց հետո ուսի կոտրվածք ստանալուց ու դրա արդյունքում վիրահատվելիս հենց վիրահատական սեղանի վրայից առեւանգեցին եւ տարան ոստիկանություն: Ձերբակալեցին եւ կալանավորման միջնորդություն ներկայացրեցին 17-ամյա Սարգիս Գեւորգյանին եւ 20-ամյա Անի Գեւորգյանին: Մարտի 1-ի առավոտյան ցուցարարներին ցրելուց եւ հետապնդելուց հետո Խաչիկ Գասպարյանին շփոթելով Սասուն Միքայելյանի հետ՝ դաժան ծեծի ենթարկեցին եւ հետո ստիպված եղան արձանագրել այդ ծեծի արդյունքները, որովհետեւ դրանք ակնհայտ էին, որից հետո մեղադրանք առաջադրվեց եւ կալանավորվեց նաեւ Խաչիկ Գասպարյանը»:

Դիմելով ՀՀԿ-ականներին եւ մերձՀՀԿ-ական շրջանակներին՝ Հռիփսիմե Գրիգորյանն ասաց. «Մենք մեկընդմիշտ մերժել ենք այս գործելաոճը, մենք վերականգնել ենք կարմիր գծերը, որոնք դուք խախտել եք, մենք շարժվում ենք ու շարժվելու ենք իրավական ճանապարհով, որովհետեւ վերադարձ անցյալին չի լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031