Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում ենք հրաժարվել հայոց լեզվի դեմ ցարական և կոմունիստական շրջաններին հատուկ ժխտողական վերաբերմունքից․ Պահպանողական կուսակցություն

Նոյեմբեր 02,2019 23:29

Ընդունելով, որ Հայաստանի կրթական համակարգը համաշխարհային զարգացումներին համահունչ արմատական բարեփոխման հրամայականի առջև է, միևնույն ժամանակ արձանագրելով, որ կրթական համակարգին հակացուցված են հեղափոխական մոտեցումները և սկզբունքները, Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ շտապողական և միանգամայն անընդունելի է բուհերի ոչ հումանիտար բաժիններից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման պարտադիր լինելու օրենսդրական դրույթը չեղարկելու գործադիր իշխանության մի հատվածի տրամադրվածությունը, քանի որ`

ա) Բարձրագույն կրթությունը, հանրակրթության շարունակողը լինելով, այսօր իր բուն գործառույթից բացի՝ դատապարտված է լրացնել հանրակրթության բացթողումները (թե՛ գրագիտության որոշակի շեմի, թե՛ ընդհանուր կրթական ու դաստիարակչական մակարդակի հատույթներում)։ Այսինքն՝ տրամաբանությունը պահանջում է բարեփոխումները սկսել դպրոցից և բացառապես աստիճանաբար՝ խզում և բացատներ չառաջացնելով հանրակրթության և բարձրագույն կրթության օղակների միջև։

բ) Բուհերի բոլոր բաժիններում պետական լեզվի դասավանդումը ոչ միայն չի ենթադրում ընդամենը քերականություն, այլև առաջին հերթին այն հայերեն գիտական լեզվաշինության, տերմինաշինության միակ աշխատանոցն է. այսինքն՝ անհրաժեշտ է ընկալել հայերեն գիտական լեզվի և սոսկական քերականության կամ խոսակցականի տարբերությունը, և միայն տարակուսանքն է առաջացնում, որ դեռևս 5-րդ դարասկզբին խորապես գիտակցված միանգամայն պարզ այս խնդիրը ընկալումների խոչընդոտների է հանդիպում կրթության ոլորտի նորօրյա որոշ տնօրինողների գոսացած մտքերում։

գ) Ամբողջ աշխարհում ընթացող նեղ մասնագիտացված կրթության միտմանը զուգահեռ ընթանում է ներդաշնակ և բազմակողմանի՝ հիրավի համալսարանական կրթությունը, որն իր ելքային ցանկալի տվյալները կարող է ապահովել բացառապես այն առարկաների միջոցով, որոնց դեմ ստուգողական արշավ են փորձում սկսել ԿԳՄՍ նախարարության որոշ կասկածելի պաշտոնյաներ:

Եթե խնդիրը մասնագիտական առարկաների համար ժամեր ազատելը կամ ֆինանսական միջոցներ խնայելն է, ապա Պահպանողական կուսակցությունը հորդորում է բուհական պարտադիր ծրագրերից հանել ռուսաց լեզուն, որը գլոբալ աշխարհում և Հայաստանի անկախ պետականության պայմաններում այլևս միանգամայն ավելորդ է և չունի այն նշանակությունը, ինչը պարտադրաբար ուներ խորհրդային երկաթե վարագույրի ժամանակներում: Հասունացել է անմրցունակ և Շեպետովկայից անդին ոչ պիտանի ռուսաց լեզուն նաև հանրակրթական առարկաների ցանկում աստիճանաբար կամ ընտրային դարձնելու ժամանակը՝ այն մրցակցության մեջ դնելով աշխարհում առավել գործածական այլ օտար լեզուների՝ ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, չինարենի հետ:

Այսու՝ Պահպանողական կուսակցությունը Կառավարությանը հաստատակամորեն հորդորում է հրաժարվել հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դեմ ցարական և կոմունիստական շրջաններին հատուկ ժխտողական վերաբերմունքից, իսկ Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, հասարակական կառույցներին և բոլոր հայրենակիցներին հորդորում է վճռականորեն դիմագրավել հայության հոգևոր միակ հիմնասյան դեմ նախատեսվող ոտնձգությանը. Ամուլսարն ընդամենը երկրի մի հատվածի ընդերք է, իսկ Հայոց լեզուն հայ ինքնության, հայ էության ընդերքն է, որի ավերման ցանկացած փորձ պետք է կանխվի անխնա և դեռ չսկսված:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ29.10.2019թ.Ք. ԵրևանԸնդունելով, որ Հայաստանի կրթական համակարգը համաշխարհային զարգացումներին համահունչ…

Gepostet von Mikayel Hayrapetyan Միքայէլ Հայրապետեան am Samstag, 2. November 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930