Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդականների պաշտոնը կարող են տալ անգամ 3 տարվա ստաժով 25 տարեկաններին. Վաղարշակ Հակոբյանի նախագիծն ընդունվեց

Նոյեմբեր 08,2019 20:00

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարել: Գործող օրենսդրությամբ պետական պաշտոնյայի խորհրդական նշանակվում է 30 տարին լրացած քաղաքացին, պատգամավորն առաջարկում է, որ այսուհետեւ այդ պաշտոնին նշանակվեն 25 տարեկանները նաեւ:

Վաղարշակ Հակոբյանի այս նախագիծը անձնական տիրույթից է: Անցյալ տարի Վաղարշակ Հակոբյանն օրենքի խախտմամբ նշանակվել էր Սփյուռքի նախարարի խորհրդական: Ընդամենը 27 տարեկան էր ու մամուլի հրապարակումներից հետո նրան ազատեցին այդ պաշտոնից: Հիմա պատգամավոր դառնալով՝ Վաղարշակ Հակոբյանը որոշել է օրենքը փոխել:

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն առաջարկեց, որ 25 տարեկանը դարձնեն 27: Նրա առաջարկը չընդունվեց: Նրա խոսքով՝ խորհրդականն այն մարդը չի, ով ունի բացառապես լավ գիտելիքներ, այլ այն մարդն է, որն ունի հարուստ կենսափորձ, ունի աշխատանքային փորձառություն, ուստի հարցրեց՝ չե՞ք կարծում, որ այդ պաշտոնին պետք է հավակնի մի փոքր ավելի մեծ մարդը, քան 25 տարեկանը: Նա նաեւ հարցրեց՝ «պարտադիր ստաժի ցենզ կա՝ 5 տարվա, չե՞ք կարծում, որ խնդիր կարող է առաջանալ առնվազն տղամարդ թեկնածուների հետ կապված: Եթե անձն ընդունվում է համալսարան 18 տարեկանում, ավարտում է այն, երկու տարի պարտադիր զինծառայություն է անցնում, ստաժն էլ որ գումարենք, արդեն 25-ից բարձր կլինի»:

Վաղարշակ Հակոբյանն էլ պատասխանեց. «Իսկապես, 25 տարեկանը դժվար ունենա աշխատանքային 5 տարվա ստաժ, երբեմն դա լինում է,չէի ասի բացառիկ, բայց  քիչ հանդիպող դեպքերում, օրինակ, ես ունեցել եմ 25-26 տարեկանում 5 տարվա ստաժ: Բայց դա եղել է այն դեպքում, երբ մարդու կրթությունը տրամաբանական ժամկետներում չի ընդհատվել: Կոնկրետ իմ դեպքում բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա…առանց ընդհատման է եղել, որն ինձ տվել է հնարավորություն: Սա արվում է ոչ թե 25 տարեկանների համար, այլ այն անձանց համար , ում 30-ը չի լրացել»:

«Իմ քայլի» պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն առաջարկեց, 25 տարեկանից բացի, իջեցվի նաեւ ստաժը, 5 տարվա փոխարեն՝ 3 տարի:

Նախագիծը այդ առաջարկությամբ դրական եզրակացություն ստացավ՝ 4 կողմ, 2 ձեռնպահ ձայներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930