ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ին դասադուլ էին հայտարարել , քանի որ դեմ էին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը: Նրանց բողոքի գործողությունները շարունակվում են: Ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ուսանողները իրազեկման երթով շրջեցին բուհերի մոտով` «Ուսանող միացիր» կոչով: Իրազեկող երթի կազմակերպիչներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ուսանողներին, իր խոսքով «նախարարության շնիկները» վախեցրել են, սպառնացել բացակայություններով, ասելով, որ կհեռացվեն համալսարանից:
«Հայ ժողովրդին միշտ միացրել են Հայ առաքելական եկեղեցին, հայոց լեզուն, իսկ մեր նախարարը ցանկանում է սպանել հայոց լեզուն, մեր կրոնը, մեր պատմությունն ու ազգային մշակույթը»,-հայտարարեց մեկ այլ ուսանող:
Կարդացեք նաև
Ուսանողները վանկարկում են «Արայիկ, հեռացիր», «Դասադուլ»: Նրանք ասում են, որ վճռական են տրամադրված: «Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա: Ձգձգելով ինքն ավելի մեծացնում է այս շարժումը, սա ավելի վատ հետեւանք կարող է ունենալ հենց իր համար… Իր ուսանողին անդաստիարակ անվանողը պետք է հեռանա…Եթե ինքը չի հասկանում ազգային մշակույթը, դա չի նշանակում, որ ազգային մշակույթ գոյություն չունի, կամ շղթայով կապված կանայք են մեր մշակույթը… »,- հայտարարում էր երթի կազմակերպիչներից մեկը:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ նախարարը իր պաշտոնավարման ընթացքում մի շարք սխալներ է թույլ տվել, օրինակ. «Օրինակ, երբ նա ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական նիստի կեսից արհամարհական դուրս եկավ դահլիճից, դա ամենամեծ անհարգալից վերաբերմունքն էր 100-ամյա մայր բուհի նկատմամբ… Բացի դրանից մենք շատ խնդիրներ ենք տեսնում կրթության ոլորտում», – ասաց նա։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































