Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է տեղի ունեցել Արծվանիկի պոչամբարի պոչատարի վթարը

Նոյեմբեր 11,2019 20:20

«Վթարը թաքցնելու փորձ չի արվել, մենք ունենք որոշակի շղթա, որով ինֆորմացիան գնում է: Եվ քանի որ դա եղել է առավոտյան ժամը 5-ին, ամեն մեկն իր ղեկավարին տեղեկացնելով, մինչեւ ինֆորմացիան հասել է այն օղակին, որը որ պետք է տեղեկացներ տեսչական մարմնին եւ ԱԻՆ-ին, ես ինքս, 7 անց 55 ստացել եմ ահազանգ տեսչական մարմնի մարզային գրասենյակից եւ ինձ հարց են տվել, թե գետն աղտոտված է»,-այսպես ներկայացրեց կատարվածը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ էր կոմբինատի պոչամբարի պոչատարի վրա տեղի ունեցած վթարը թաքցվել՝ ինչպես որ ներկայացվեց կառավարության նիստում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կոմբինատի պոչատարի վթարման հետեւանքով արտահոսք էր եղել, եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը՝ փոխելով գետի ջրերի գույնը:  Պարոն Ալեքսանյանն ասաց, որ իրենք ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում կատարվածին եւ չեն փորձում արդարանալ. «Արտահոսքը մեր գործունեության պատճառով է եղել եւ մենք պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը»:

Ըստ նրա, ընդհանուր առմամբ վթարը տեւել է մեկուկես ժամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սամվել Ալեքսանյանը մանրամասն ներկայացրեց՝ ինչպես են պոչանքները կոմբինատից խողովակաշարով տեղափոխվում դեպի պոչամբար՝ անցնելով 32 կիլոմետր:

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է, վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասին, ապա, Սամվել Ալեքսանյանն ասաց, աղտոտման ծավալների մասին չեն կարող որեւէ տեղեկատվություն հրապարակել, քանի որ Ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմինը հաշվարկ է կատարում. «Մենք անցել ենք ստուգում անցյալ շաբաթ, տաս օրվա ընթացքում ստանալու են նախնական եզրակացությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Վթարի իրական լինելը կոմբինատի տնօրինության մոտ որոշ կասկածներ է հարուցել, քանի որ, ըստ Սամվել Ալեքսանյանի, վթարի վայրում, հայտնաբերվել են ավազով լի պարկեր, բետոնե բեկոր եւ տախտակներ: Ընդ որում, վթարը վերացնելուց հինգ օր հետո նույն տեղում ավազով լի պարկեր են հայտնաբերվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930