Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հետեւողականորեն շարունակում է այն, ինչի համար մեղադրում էր նախկիններին. «168 ժամ»

Նոյեմբեր 28,2019 12:19

Նախորդ շաբաթ կառավարությունը համաձայնություն տվեց միանգամից երեք նոր վարկային համաձայնագրերի։ Այդ համաձայնագրերով Հայաստանը կստանձնի շուրջ 86 մլն եվրոյի նոր վարկային պարտավորություններ։ Բոլոր երեք համաձայնագրերն էլ ընդունվեցին չզեկուցվող հարցերի շարքում՝ հասարակության աչքից ու ականջից հեռու։

Հասկանալի է, կառավարությունը հակված չէ շատ խոսել նոր վարկերի ներգրավման մասին։ Առավել ևս, այն կառավարությունը, որի ղեկավարը տարիներ շարունակ դեմ է արտահայտվել վարկերին։ Ու ոչ միայն դեմ է արտահայտվել, այլև լուրջ մեղադրանքներ հնչեցրել նախկինների հասցեին՝ երկիրը և բնակչությանը պարտքերի մեջ թաղելու համար։

Վարկերի ներգրավումը միշտ էլ ցավոտ խնդիր է եղել Հայաստանում։ Եվ հիմա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի համոզել, որ ժամանակները փոխվել են, այժմ արդեն վարկերը ոչ թե չարիք, այլ բարիք են, միևնույն է՝ հասարակությունը բացասաբար է տրամադրված վարկերի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ովքեր են կանգնած դրա հետևում՝ «հակաժողովրդակա՞ն», թե՞ «ժողովրդական» իշխանությունները։ Թերևս, դա էլ ստիպում է կառավարությանն աչքից հեռու պահել վարկերի ներգրավման գործընթացը։ Բայց դրանով, իհարկե, երևույթի էությունը չի փոխվում։ Պարտքը մնում է պարտք, և դա մի օր պետք է վերադարձնել։

Մինչև վերջերս կառավարությունը փորձում էր ցույց տալ, թե այլ մոտեցում ունի վարկերի հարցում, թե իշխանափոխությունից հետո սահմանափակել է դրսից ֆինանսական միջոցների ներգրավումը, թե երկրի արտաքին պարտքը թեթևացել, նույնիսկ կրճատվել է։ Բայց շատ ժամանակ պետք չէր համոզվելու համար, որ գործ ունենք ժամանակավոր երևույթի հետ։

Պարտքի նվազումը կապված էր ոչ այնքան՝ նոր վարկեր չներգրավելու՝ կառավարության մոտեցումների, որքան՝ վարկային միջոցներով նախատեսված ծրագրերը թերակատարելու հետ։ Դա է պատճառը, որ կառավարությունը սկսել է որոշ վարկային համաձայնագրերի իրականացման ժամկետների վերաձևակերպման նոր հնարավորություններ փնտրել։

Վերջերս այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Ու դա պայմանավորվել է նրանով, որ գործող պայմանագրերում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում կատարել փոփոխություններ՝ հիմնականում ժամկետների երկարաձգման նպատակով։ Ոչինչ, որ այն կապվել է իրականացվող ծրագրերի պատասխանատուների ու կառուցվածքային փոփոխությունների հետ։

Մինչ ժամկետների շեղումների հետևանքով հետաձգվում են նախկին վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքները, կառավարությունն ակտիվորեն նորերն է վերցնում։ Ընդ որում, դրանք այլևս նախկին արտոնյալ կամ գրեթե անտոկոս վարկերը չեն։ Ներգրավվող նոր միջոցները հիմնականում առևտրային կամ դրանց հավասարեցված վարկեր են։

Թերևս, պատահական չէ, որ Հայաստանի պարտքը գնալով թանկանում է. միջին տոկոսադրույքն արդեն տատանվում է 5-5,1 տոկոսի շրջանակում։ Այդպես է, որովհետև ավելանում է թանկ փողերի մասնաբաժինը:

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930