Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված պրոֆեսորը` ուսուցչի ապտակի, դատապարտված լինելու եւ հաջողակ լինելու ասիմպտոտիկայի մասին

Նոյեմբեր 28,2019 23:00

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի հետ զրույցը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո, բավականին անկեղծ էր: Պարոն Սարգսյանը պատմեց, որ մանկությունը տպավորիչ դրվագներով լեցուն է եղել, սակայն նա առանձնացրեց հատկապես 8-րդ դասարանում իր հետ պատահած մի միջադեպ:

«Իմ ֆիզիկայի ուսուցիչն ինձ պատժեց, քանի որ ինչ-որ մեկը մատյանում թվանշան էր նշանակել, նա ամբողջ դասարանին շարել ու փորձում էր պարզել ճշմարտությունը` ապտակելով տղաներին… Ես այդ պահին շատ վատ զգացի, թողեցի իմ դպրոցը եւ եկա քաղաք: Վրդովված էի` հայրս դպրոցի տնօրենն էր ու հանկարծ իր դպրոցի ուսուցիչն ինձ այդ ձեւով պատժում է: Եկա քաղաք, ընդունվեցի Հաշվիչ մեքենաների տեխնիկում, հետագայում իմ կյանքը դասավորվեց այդ` ըստ էության սկզբունքով, երբ չկարողացա շարունակել ուսումս հանրակրթությունում եւ ստիպված եղա երեկոյան դպրոցում սովորել ու նույնիսկ մեդալով ավարտել»,-հիշում է պրոֆեսորը: Ասում է, որ այդ դրվագը, փաստորեն, ճակատագրական նշանակություն է ունեցել իր կյանքում, եթե չլիներ, չէր հայտնվի երեկոյան դպրոցում, չէր պայքարի մեդալ ստանալու համար:

Հայկ Սարգսյանն ասում է, որ մի ժամանակ մտածում էր, թե ինքը երեկոյան դպրոց ավարտած միակ մեդալակիրն է, սակայն նախկին կրթության նախկին փոխնախարար Արա Ավետիսյանը հավաստիացրել է, որ Հայաստանում երեկոյան դպրոց ավարտած եւս մեկ մեդալակիր կա: Մեր զրուցակիցը հիշեց իր ուսումնառության տարիները ԵՊՀ-ում, ապա Նովոսիբիրսկում, հետագայում Լոմոնոսովի անվան համալսարանում, որտեղ նաեւ ասպիրանտուրա է սովորել, պաշտպանել թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ:

«Արդեն ավելի քան 4 տասնամյակ կրթության եւ պետական կառավարման համակարգում եմ»,-փաստում է մեր զրուցակիցը, որը 10 տարի աշխատել է նաեւ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում: Նաեւ ժամանակին եղել է էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում:

Հայկ Սարգսյանն ասաց, որ չի վարանում խոսել կյանքի այն հատվածի մասին, երբ դատապարտված  է եղել. «Այո, ես դատապարտված եմ եղել,  մեկ տարի, մեկ ամիս, 28 օր շատ ծանր պայմաններում եմ անցկացրել, մեկուսարանում…Դա 1993 թվականն էր…Բայց ես այն բարձրաստիճան պաշտոնյան եմ եղել, որը հետագայում արդարացվել է»:

Պրոֆեսորից հետաքրքրվեցինք` ինքը բազմաթիվ պաշտոնյաների ու հայտնի մարդկանց գիտական ղեկավարն է, դա իրեն ուժեղացնո՞ւմ է: «Հայտնի մարդիկ են եղել, նախարարներ, ամբիոնի վարիչներ, որոնք պաշտպանել են իմ գիտական ղեկավարությամբ, ներկայումս էլ ինտենսիվ շարունակվում է այդ գործընթացը…Ես միայն հպարտանում եմ իմ սաներով, որովհետեւ նրանք լավ աշխատանք են կատարում: Այսօր գիտական աշխատանքով զբաղվելն առնվազն հերոսություն է, իրենք չեն ընկրկում, ինչպես իրենց գիտական ղեկավարը չի ընկրկել երբեւէ»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է կրթության համակարգին, Հայկ Սարգսյանն ասում է, որ այն, ինչպես եւ տնտեսությունը, իներցիոն համակարգ է. «Կրթության ոլորտն առանձնանում էիր դոմինանտ արժեքով. յուրաքանչյուր ժամանակահատվածում գերխնդիրը մեկն է` ունենալ անհատի՝ կրթության ոլորտում, որը զարգացած պետք է լինի, մտածող, ստեղծարար, եւ այդ անհատի ձեւավորմանը պետք է կարողանանք մեր մասնակցությունը բերել: Կրթված քաղաքացին պետք է մեր ազգային ինքնության կրողը լինի, նա չպետք է դառնա պատանդ ինչ-ինչ տեղեկատվական շտեմարանների: Մտածելուն զուգահեռ այդ քաղաքացին պետք է կարողանա օգտվել ժամանակակից տեխնիկայի հնարավորությունից»:

Հայկ Սարգսյանը մշտապես մասնակցում է մշակութային միջոցառումներին, վերջինը Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոն էր: Մեզ հետ զրույցում, ի թիվս այլոց, նա Միքայել Թարիվերդիեւին էլ հիշեց, որի հետ շատ է շփվել ժամանակին: Ինչ վերաբերում է գեղարվեստական գրականությանը, ցավում է, որ կարդալու ժամանակ համարյա չի մնում: Բայց մի մեջբերում, այնուամենայնիվ, արեց Հակոբ Պարոնյանից, որին  վերջերս վերընթերցել է ու հիացել Սահմանադրության մասին նրա հայացքով. «Սահմանադրությունը ծույլ մարդու մը կը նմանի, որ եթե ձեռքեն չբռնես, չքալեր, նստած տեղը կը մնա, օր քան զօր կը տկարանա եւ կը մեռնի: Սահմանադրությունն ի՞նչ կրնա ընել ինք իր գլխուն, ոտ չունի, որ քալե, երեսփոխանները պետք է զանիկա քալեցնեն, անոնց ալ մեծ մասը տարին անգամ մը միայն ժողովքին ներկա կը գտնվին»:

Հայկ Սարգսյանին հարցրինք նաեւ, թե իրեն  հաջողակ համարո՞ւմ է: «Մաթեմատիկայում մի տերմին կա` ասիմպտոտիկա, որին ձգտում ես ու չես հասնում…Մղումները, ձգտումները կան, եւ շատ բան հաջողվել է, բայց ակնկալիքները դեռ առջեւում են»,-ասաց պրոֆեսորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի եւ Հայկ Սարգսյանի անձնական արխիվից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930