Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոս կինն ամեն վայրկյան սպասում է, թե իրեն նորից կտանեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ուր անցկացրել է վեց տարի

Դեկտեմբեր 05,2019 13:00

11 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Լաուրա Խաչատրյանն այս տարվա հունիսի 6-ին վաղաժամկետ ազատվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 15-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը՝ 5 տարի 4 ամիս 9 օր ազատազրկումը կրելուց: Կոտայքի մարզի դատարանի դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5.2-րդ կետի համաձայն՝ դատապարտյալ Լաուրա Խաչատրյանի նկատմամբ սահմանվել էր փորձաշրջան` պատժի չկրած մասի չափով, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության համապատասխան ստորաբաժանմանը: Նրա վրա փորձաշրջանի ընթացքում դրվել է պարտավորություն` չփոխել մշտական բնակության վայրը, ինչպես նաեւ, մինչեւ փորձաշրջանի ավարտը հատուցել ներկայացված քաղաքացիական հայցով տուժողին պատճառված վնասը:

Լ. Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով ԵՊՀ դասախոս, Երեւանի Ծ. Աղբյուր 55/5 հասցեում կառուցվող դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում բնակարանների հերթագրման ցուցակում ընդգրկելու եւ բնակարան տրամադրելու պատրվակով, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, 2011թ. փետրվար ամսից մինչեւ 2012թ. վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ խարդախությամբ հափշտակել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, նախագահող Ա. Դանիելյանի հուլիսի 26-ի որոշմամբ էլ, տուժող Կ. Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Լաուրա Խաչատրյանին պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունիսի 6-ի որոշումը բեկանվել է:

Լ.Խաչատրյանը օգոստոսի 26-ին բողոք է բերել Վճռաբեկ դատարան՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հուլիսի 26-ին կայացված որոշման դեմ: Վճռաբեկ դատարանը հարկ չի համարել վարույթ ընդունել այս գործը: Լաուրա Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց. «Գոնե կարդար քրեական պալատի կին նախագահ Լիլիթ Թադեւոսյանը: Ինչու առանց կարդալու բողոքս, վարույթ չի ընդունվել գործը»:

Տիկին Լաուրան, որն աշխատել է Ագրարային համալսարանում, որպես դասախոս, անազատության վեց տարիների ընթացքում աշխատել է «Աբովյան» ՔԿՀ-ում, որպես գրադարանավար: Նա ասում է. «Գտնվելով այնտեղ, տեսել եմ ծանր հանցագործություններ կատարած անձանց, բայց երբեք չեմ փոխել վարքագիծս, դրական բնութագրով դուրս եմ եկել այնտեղից: Սակայն վերաքննիչ դատարանում «հայտնվեց» իմ գործով մի «պահանջատեր», որին չեմ ճանաչել, չեմ տեսել, միայն իմացա, որ քաղհայց կա ինձ վրա, եւ այն էլ շատ վաղուց, ինչի մասին չեմ իմացել տարիներ շարունակ»:

Հիշեցնեմ, որ դատախազ Ա. Խաչատրյանի, ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿ հիմնարկի ներկայացուցիչ՝ Ն. Հակոբյանի, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի ներկայացուցիչ Զ. Ղազարյանի կողմից եւ տուժող ճանաչված մյուս բոլոր անձանց կողմից դատական ակտը չի բողոքարկվել: Դատական ակտը բողոքարկվել է միայն տուժող ճանաչված անձ՝ Կ. Ալեքսանյանի կողմից, որի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոքի պատասխան, որով պաշտպանական կողմը խնդրել էր տուժող Կ. Ալեքսանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո Լաուրա Խաչատրյանն ասում է, թե. «Ամեն վայրկյան սպասում եմ, թե ինձ նորից կտանեն քրեակատարողական հիմնարկ: Ինչի համար: Ես գումար չեմ տեսել, ես արարք եմ կատարել, միջնորդել եմ, որի համար զղջացել եմ, բայց բոլորի հանցագործությունները դնել ինձ վրա, ուրիշի քաղհայցը, դատարանով կասեցված գործով, ինձ առաջադրված հոդվածով՝ քրօրի 178, տալ տասնմեկ տարի, Հայաստանում չեք գտնի հաստատ»:

Նա հարցիս, թե երբվանից էր փաստացի գտնվել ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում, պատասխանում է՝ 2013թ. հոկտեմբերի 18-ից:

Տեղեկացնեմ, որ պաշտպան Գ.Գրիգորյանը, երբ դիմել էր տիկին Լաուրայի վաղաժամկետ ազատման համար, հայտնել էր. «Սահմանված քաղհայցը՝ 2.299.500 ՀՀ դրամ, մուծվել է (զեկույցի ուսումնասիրման պահին՝ 110.700 դր., որը հետագայում ավելացել է), դատական ծախս չունի»:

Քրեակատարողական հիմնարկում նա 2016-2017թթ. տարիներին սովորել է Աբովյանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանի համակարգչային բաժնում: 23.03.2017թ. ինքնագործ միավորման անդամ է եղել, մասնակցել է, կազմակերպել հիմնարկում իրականացվող մշակութային, կրոնական միջոցառումների անցկացմանը, հիմնարկում իրականացվող չվարձատրվող աշխատանքներին:

Անազատության մեջ գտնվելով, ավելի սրացել էին նրա առողջական խնդիրները:

«Ունեմ նվիրված ընտանիք, երեխաներս դժվարին տարիներին, իմ բացակայությամբ բարձրագույն կրթություն ստացան, ինչու են ձգտում ինձ նորից անազատության մեջ պահել: Չնայած ես լավ գիտեմ, որ դատախազական համակարգը չի փոխվել, եւ դիմում եմ նաեւ դատախազ Ա. Դավթյանին: Դեռ տարիներ առաջ դատախազն ասաց՝ չնայած ափսոս ես, բայց եթե վրադ չվերցնես, դատապարտելու եմ».-ասում է Լ. Խաչատրյանը:

Ի դեպ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հարց ուղղվեց, թե արդյո՞ք իր կողմից վկայակոչված 2012թ. նոյեմբերի 1-ի վճիռը այն կայացվելուց մեկ տարվա ընթացքում ներկայացվել է կատարման հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, թե՞ ոչ, որով բողոքաբերը պետք է ապացուցեր իր՝ Լ. Խաչատրյանի հանդեպ գումարային պահանջ ներկայացնելու իրավունքը եւ վերջինիս պայմանական վաղաժամկետ ազատման հարցի առնչությամբ այդ գումարի պարտավորության վերաբերելիությունը, Կ. Ալեքսանյանը դատարանին ցույց էր տվել հայցի ապահովման միջոց կիրառելու արդյունքում հարուցված կատարողական վարույթի նյութերը. «Հայցի ապահովումը որեւէ կապ չունի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատական ակտի հարկադիր կատարման նպատակով հարուցված կատարողական վարույթի հետ: Ակնհայտ էր, Կ. Ալեքսանյանը բաց է թողել կատարողական թերթը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամանակահատվածը եւ դրանով իսկ կորցրել է նման պահանջ այսուհետ ներկայացնելու իրավունքը»: Մինչդեռ, դատարանը վերաքննիչ բողոքի քննության համար կարեւոր այդ հանգամանքը հետազոտման առարկա չի դարձրել, իր դատական ակտի հիմքում վկայակոչել է հենց այն հանգամանքը՝ տուժող Կ. Ալեքսանյանի կողմից արծարծված այն պատճառաբանությունը, թե Լ. Խաչատրյանը իրեն պատճառված վնասը մինչ օրս չի հատուցել՝ խեղաթյուրելով իրական փաստերը:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել էր, թե տուժող-բողոքաբեր Կ. Ալեքսանյանի կողմից ներկայացված բողոքում նշվել է. «Իրեն հասցված վնասը հատուցելուն ուղղված որեւէ միջոց չձեռնարկելու հանգամանքը»:

«Ստացվում է այնպես, որ Կ. Ալեքսանյանը բաց թողնելով կատարողական թերթ ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը, դրանով իսկ իր գործողություններով հաստատելով այն փաստը, որ Լ. Խաչատրյանին գումարային պահանջ ներկայացնելու իրավունք չունի, այժմ, ընդամենը օգտվելով օրենսդրության այն հնարավորությունից, որ կարող է ներկա գտնվել անձի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը դատարանում քննության առնվելու ընթացքում, փորձել է բարձրաձայնել իր գումարի հարցը՝ դրանով պայմանավորելով Լ. Խաչատրյանի ազատության մեջ հայտնվելը, ընդ որում, քրեական գործի շրջանակներում Կ. Ալեքսանյանը քաղաքացիական հայց չի ներկայացրել, հետեւաբար, Լ. Խաչատրյանից բռնագանձվել է միայն ներկայացված քաղաքացիական հայցի շրջանակներում առկա պարտավորության գումարը»,-Վճռաբեկ դատարանը եթե կարդար բողոքը, կտեսներ այս հիմնավորումը նույնպես:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել էր. «Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը ցածր չէ»: Թե ինչ հանգամանքների հիման վրա է դատարանը եկել նման եզրահանգման, հայտնի չէ, քանի որ այլ պատճառաբանություններ չեն հետեւել, չկային:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
4.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031