Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին դատի է տվել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ հաղթել

Դեկտեմբեր 07,2019 13:00

Բողոքաբերը ՀՀ վարչապետն է

Պատասխանող կողմը՝ ՀՀ նախագահին ներկայացնող, առարկել է հայցի դեմ, հայտնելով, որ հրամանագրի ընդունման փաստական հիմքն այն է, որ քաղաքացիության մասին դիմումը մերժելու առաջարկությամբ ՀՀ նախագահին է դիմել ՀՀ վարչապետը:

ՀՀ նախագահի ներկայացուցիչը վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասը, 139-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը՝ պատասխանող կողմը փաստարկել է, որ հանրապետության նախագահը քաղաքացիության վերաբերյալ հարցեր լուծելիս համապատասխան փաստաթղթերը առարկություններով վերադարձնելու կամ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավական հիմքերի բացակայության դեպքում չունի քաղաքացիության հարցերի լուծման այլ սահմանադրական լիազորություն, քան ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա հրամանագրի ընդունումը:

Նշվել է, որ հայցը ենթակա է մերժման նաեւ այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող հրամանագիրն ընդունվել է գործող Սահմանադրությանը եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան եւ որպես հրամանագրի կայացման իրավական հիմք՝ վկայակոչվել են նաեւ ՀՀ Սահմանադրության 134-րդ հոդվածը, 139-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը, նույն օրենքի 26-րդ հոդվածը:

Պատասխանող կողմի դիրքորոշմամբ հանրապետության նախագահի կողմից վիճարկվող հրամանագիրն ընդունելու համար առկա են եղել բոլոր փաստական եւ իրավական հիմքերը:

Քաղաքացի Ա.Կ.-ի երկհատորանոց գործով երրորդ անձ էր ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարությունը, որն ասելիք չի ունեցել, դիրքորոշում չի հայտնել: Երրորդ անձ ճանաչված ՀՀ վարչապետի եւ Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ զինվորական ծառայության պարտականությունը ծագում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման պահից: Նշել է նաեւ, որ ամբողջությամբ համակարծիք են ՀՀ ոստիկանության կողմից հայտնված դիրքորոշման հետ:

Այս տարվա հուլիսի 25-ի դատական ակտը վիճարկման փուլում է: Սեպտեմբերի 11-ին այն վերադարձվել է վարչական վերաքննիչ դատարանի կողմից՝ վարչապետի ներկայացրած բողոքում առկա սխալները վերացնելու համար:

Վարչական դատարանը Ա. Կ.-ի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի, երրորդ անձինք՝ ՀՀ վարչապետ, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, ՀՀ ոստիկանություն, ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ՀՀ նախագահի 27.02.2019թ.-ի թիվ ՆՀ-50-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու եւ Ա.Կ.-ի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր ընդունելուն ՀՀ նախագահին պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել է:

Ա.Կ.-ի քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժելու մասով անվավեր է ճանաչվել ՀՀ նախագահի 27.02.2019թ. թիվ ՆՀ-50-Ա հրամանագիրը:

Հայցվոր կողմը հայտնել է, որ իր մայրն անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ խնդրելով դադարեցնել իր՝ անչափահաս տղայի քաղաքացիությունը: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին քննարկվել է դիմումը, կազմվել է եզրակացություն այն մասին, որ այն հնարավոր չէ բավարարել, քանի որ ըստ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարի զեկուցագրի՝ հաշվառված է զինվորական կոմիսարիատում եւ ունի պետության նկատմամբ չկատարած պարտավորություն, այն է՝ 2020թ. ամառային զորակոչին զորակոչվելու զինվորական ծառայության: ՀՀ նախագահի այս տարվա փետրվարի 27-ի հրամանագրով մերժվել է քաղաքացիության դադարեցման մասին դիմումը:

Ըստ հայցվորի դիրքորոշման, ՀՀ նախագահի հրամանագիրը ոչ իրավաչափ է, քանի որ դիմումը մերժելու որեւէ իրավական եւ փաստական հիմք չի եղել, հետեւաբար այն պետք է անվավեր ճանաչվի, պետք է պարտավորեցնել ՀՀ նախագահին կայացնել դիմումով հայցվող բարենպաստ վարչական ակտը: Հայցվորը դատարան էր ներկայացրել իր ծննդյան վկայականը, որով ակնհայտ էր այն, որ ազգությամբ հայ է, հայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, իսկ մայրը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

Համաձայն գործող Սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, վկայակոչված այլ իրավական նորմերի, ՀՀ քաղաքացին իրավունք ունի փոխելու իր քաղաքացիությունը եւ այդ իրավունքը չի կարող սահմանափակվել, իսկ ծնողներից մեկի քաղաքացիությունը կորցնելու դեպքում, եթե առկա է ծնողների համաձայնությունը, երեխան եւս կորցնում է քաղաքացիությունը՝ ընդհանուր կարգով նախատեսված ընթացակարգով: Նշվել է, որ քաղաքացիության դադարեցման մասին դիմումը կարող է մերժվել, եթե լրացել է երեխայի 14 տարեկանը եւ նա ունի «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ պետության հանդեպ չկատարած պարտավորություն:

Հայցվորի մայրը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը, դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու խնդրանքով եւ ըստ էության, առկա է երկու ծնողների համաձայնությունը՝ երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է 2020թ.. ամառային զորակոչին զորակոչվելու ծառայության, «չկատարված պարտավորություն» եզրույթի վկայակոչմանը, որի պատճառով մերժվել էր հայցվորը, կողմը պնդել էր, որ «այն պետք է համադրել սույն գործի փաստերի հետ եւ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք երեխան՝ Ա.Կ.-ն ունի պետության նկատմամբ չկատարված պարտավորություն, թե՞ ոչ»:

Ի դեպ, նմանատիպ գործերով, վկայակոչվում է միշտ թիվ ՍԴՈ-975 որոշումը, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների, հայցվոր կողմը փաստարկել է, որ Սահմանադրությամբ եւ օրենքներով կարող են ծագել բացառապես պարտականություններ եւ ոչ երբեք պարտավորություններ, պարտավորության ծագման գլխավոր նախապայմանը անձի գիտակցված կամքի առկայությունն է եւ այն կարող է ծագել բացառապես մասնավոր իրավահարաբերություններում, ուստի հայցվոր կողմի դիրքորոշմամբ, նկատի ունենալով, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է հանրային իրավահարաբերություններ՝ այդ օրենքի ուժով երբեք չեն կարող ծագել պարտավորություններ, զորակոչվելը ոչ թե պարտավորություն է, այլ պարտականություն:

Հայցվոր կողմը գտնում էր, որ Ա.Կ.-ն չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտականություններ, քանի որ ոչ միայն չի լրացել նրա 18 տարին եւ նաեւ հայտնի չէ, թե ֆիզիկապես վերջինս պիտանի՞ է ծառայության համար, թե՞ ոչ:

Ըստ ակտը կայացրած դատարանի. «Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե ներկա պահին առկա պարտականությանը, այլ ապագայում որոշակի հանգամանքների առկայության պայմանով ծագող պարտականությանը, որը չի կարող դիտարկվել որպես ներկա պահին արդեն իսկ ծագած պարտականություն, առավել եւս՝ որպես չկատարված պարտականություն»:

Հայտնի է, թե որ կազմն է լսելու ՀՀ վարչապետի բողոքը՝ Արա Բաբայան, Արթուր Պողոսյան, Աշոտ Սարգսյան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
6.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031