Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց իմաստը խեղելու

Դեկտեմբեր 11,2019 10:00

Եթե որեւէ իշխանական կամ ընդդիմադիր գործիչ քննադատվում է իր արած հայտարարության համար, ապա, անկախ նրանից՝ ես համաձայն եմ այդ քննադատության հետ թե ոչ, կարող եմ արձանագրել՝ դա կարծիք է, որը գոյության իրավունք ունի:

Բայց երբ հայտարարության իմաստը խեղաթյուրվում է (հաճախ միտումնավոր), ներկայացվում է որպես մեջբերում, եւ հետո այն սկսում են, մեղմ ասած, ոչ բարեխիղճ ոճով «քլնգել», դա արդեն այլ՝ ֆեյսբուքյան ենթամշակույթի դրսեւորում է: (Բացառված չէ, որ մի տասը տարի հետո օրենսդիրները սկսեն պայքարել նաեւ այդ ենթամշակույթի դեմ):

Վերջին օրինակներից մեկը. ներկայիս վարչապետը չի ասել, որ ինքն է որոշում Հայաստանի եւ Արցախի ապագան: ԱԺ բյուջետային քննարկումների եզրափակիչ ելույթը նա ավարտել է հետեւյալ նախադասությամբ: «Այդ բանաձևը, որ ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որդեգրի ինքն իր համար եւ բնականաբար ես էլ ինձ համար պետք է որդեգրեմ, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ»: Իմաստը, կարծում եմ, միանշանակ է՝ Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը կախված է յուրաքանչյուր հայից: Բնականաբար, կարելի է դրա հետ համաձայն չլինել եւ մտածել, որ այդ ճակատագիրը որոշում են Պուտինը կամ Թրամփը, բայց նախ՝ պետք է ճշգրտորեն մեջբերում անել, եւ հետո միայն վիճել:

Ի դեպ, Փաշինյանն արել է բազմաթիվ, իմ կարծիքով, սխալ, անզգույշ, զուտ էմոցիոնալ եւ պոպուլիստական հայտարարություններ, բայց այս մեկն, ինձ թվում է, տվյալ շարքին չի պատկանում:

Նույն տիպի խեղաթյուրումների է արժանացել պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը ծխողների մասին: Հակածխախոտային օրենքի քննարկման ժամանակ նա օգտագործել է «իզգոյ» բառը, որը կարելի է թարգմանել որպես «օտար», «մեկուսացված», ոչ թե «վտարանդի»: Մեր ծխող հայրենակիցները վիրավորվեցին՝ «էդ ո՞ւմ ասիր «իզգոյ», «իզգոյը դու ես»: Մինչդեռ այստեղ էլ է հայտարարության իմաստը միանշանակ. հանրային վայրում ծխող մարդը պետք է շատ մեծ հոգեբանական անհարմարավետություն զգա, պետք է հասկանա, որ նրա վարքը տգեղ է, անդաստիարակ, անհանդուրժելի, արտառոց, ինչպես, օրինակ, ներքնազգեստով փողոց դուրս գալը: Անձամբ ես նման անհանդուրժող մոտեցման հետ համաձայն եմ՝ չնայած նույն պատգամավորի բոլշեւիկյան ոճի բազմաթիվ հայտարարություններ ինձ դուր չեն գալիս:

Բայց այստեղ ամեն ինչ պարզ է. այն երիտասարդը, որը սրճարանում նստած ծխում է, պետք է գիտակցի, որ դրանով նա շրջապատին վիրավորում է, եւ նրան ընկալելու են որպես «սպիտակ ագռավ», որպես մեր մշակութային կանոնների մեջ չտեղավորվող անձնավորություն: Այնպես որ առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ օրենքը ճիշտ է, եւ ես անհամբեր սպասում եմ դրա ամբողջական ընդունմանն ու կիրառմանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Սեդա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ո՞ր պետությունների ո՞ր ղեկավարներն են (բացի Փաշինյանից եւ Խրուշչովից, ով Ղրիմը տվեց Ուկրաինային) արել բազմաթիվ, Ձեր կարծիքով, սխալ, անզգույշ, զուտ էմոցիոնալ եւ պոպուլիստական հայտարարություններ:

    Եթե ցանկանում եք սուրճ խմել սրճարանում և ծխել՝ գնեք սրճարանի բոլոր տեղերը: Իսկ չծխողները թող ինչ-որ տեղ փնտրեն: Կամ էլ հակառակը:

  2. Ruben says:

    Մեկ մաստակ ևս խորհրդարանի և քաղաքացիների համար.՝
    Հիգիենայի հիմնական միջազգային ստանդարտների եւ տարրական նորմերի հիման վրա ստեղծել օրենք չսափրվածների / մորուքավորների մասին՝ չհայտնվել հասարակական վայրերում:

  3. Artur Lazarian says:

    Ես ապշելու աստիճան զարմանում եմ, որ այս հակածխախոտային օրէնքը դեռ մի բան էլ քննարկւում է։ Այստեղ քննարկելու բան ՉԿԱՅ։ Հանրային փակ վայրերում ՉԵՆ ծխում եւ վերջ։

    Եւ այս օրէնքը պիտի ընդունուէր Փաշինեանի՝ վարչապետ դառնալու առաջին օրը։ Եւս մի դիպուկ օրինակ, որ Փաշինեանի թիմը նոյնիսկ ակնյայտ բարեփոխումներն է ուշացնում։

  4. Հ.Շ. says:

    «Այդ մեկ մարդը ես եմ»ի այդ խօսքերու աժան խեղաթիւրումը յատկապէս ափսոսալի է, քանի որ այս պարագային աւելի կարեւոր էր եւ օգտակար կը լինէր անոնց իսկական իմաստը պարզաբանելը:

    Արդարեւ, այսպիսի յայտարարութիւններով, երկրի վարչապետի պաշտօնին տիրացած անձը իր պաշտօնական եւ հանգամանաւոր պատասխանատւութիւնէն փախչիլ կը փորձէ : Ասում է՝ գիտէ՞ք ինչ, ինձանից լուծում մի սպասէք, հա… լուծումը կախեալ է մեր բոլորի՜ց եւ մեր իւրաքանչիւրից : Մինչդեռ, տարբեր հանկերգով է որ նա տիրացաւ բացարձակ իշխանութեան: Իր ձեռքն էր «կախարդական փայտիկ»ը (հա, ներողութիւն, այդ ալ մենք է որ սխալ էինք հասկացել… այդ փայտիկը՝ ժողովուրդն էր.. հմմմ) :

    Ամէն դէպքում հիմա ինքն է Ղեկին գլուխը: Ինչպէ՞ս կրնայ հիմա ասել որ ոեւէ մէկուն չափ է միայն իր պատասխանատւութիւնը Հայաստանի եւ Արցախի ապագայի նկատմամբ: Եւ միայն այն նիւթի կապակցութեամբ չէ որ նա տեւաբար փորձում է մոռցնել տալ իշխանութեան ճանապարհին իր բազմիցս արտայայտած երաշխիքները, պահուըտիլ՝ առաջնահերթ կերպով իր պատասխանատւութիւնը հանդիսացող բազմաթիւ էական խնդիրներէ:

    (Ուրիշ բան մը ալ՝ «Հայաստանի Հանրապետութեան» եւ «Արցախի Հանրապետութեան» ասում է այստեղ : Ես համաձայն եմ: Սակայն ինքն էր որ, երբ որ դա էր իր գործին եկածը, ասաց՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ» : Օր մը վերջապէս, որեւէ էական նիւթի վերաբերեալ, յստակ դիրքորոշում պիտի ունենա՞յ, այս մարդը: )

  5. Gohar says:

    Ես ապրում եմ մի շենքում, ուր բնակիչներին իրենց սեփական բնակարաններում ծխելն արգելվում է։ Եվ ոչ միայն ներսում, այլև դրսում։ Դրսի շքամուտքից 5-6 մետր հեռավորություն է պահանջվում պահպանել ։ Հետևաբար , մեր հարազատներից շատերը , որոնք ծխում են խուսափում են մեր տուն գալուց։ Պատճառը չ՛ծխողների գանգատներն են, այն է , որ պատերի միջով ծուխը անցնում է իրենց բնակարանը ։ Իսկ պատշգամբում ծխելը , դա արդեն գնդակահարության հոդվածին հավասար պատիժ է։ Մի ծխեք , հայեր ջան։ Շատ ուշացած օրենք է, բայց լավ է որ օրենքը ուժ է ստանում ։

  6. Gohar says:

    A 100% smoke-free building is one where smoking tobacco products are prohibited everywhere. That means no smoking in individual apartments or common indoor and outdoor areas.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031