Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն ԱԺ-ում. Իմ քայլականներն Ուրիխանյանին հիշեցրին, թե ոնց էր կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն դակում ՀՀԿ-ի վերցրած վարկային ծրագրերը

Դեկտեմբեր 12,2019 12:56

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել ու առաջարկում է վավերացնել 4 վարկային համաձայնագիր՝ ընդհանուր առմամբ 152 մլն դոլարի:

Պատգամավորները դժգոհում էին, թե տնտեսությունն աճում է, ինչո՞ւ եք էլի վարկ վերցնում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն իր ելույթում արձագանքելով այդ դժգոհություններին՝ ասաց. «Եկեք հասկանանք՝ վարկերը լա՞վ բան են, թե՞ ոչ, դրանք ինչքանո՞վ են պետքական: Այստեղ ամենահիմնական խնդիրը նրանում է, թե այդ վարկերն ինչպես են օգտագործվում: Երկար տարիներ մենք պարտքեր ենք կուտակել, վարկերն անարդյունավետ են ծախսվել, որովհետեւ որոշ մարդիկ թալանել են, կերել են դրանք եւ այդ գումարները վերջիվերջո երկրից դուրս են գնացել, հետեւաբար տնտեսական արդյունք չի առաջացել: Իսկ կարելի է վարկերը ծախսել նպատակային»:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին դիմեց. «Էնպես ստացվեց, թե բյուջեի դեֆիցիտ եթե ունենք, դա արդեն լավ չի: Դեֆիցիտ մենք միշտ ունեցել ենք ու էլի կունենանք, ինչպես աշխարհի համարյա բոլոր երկրները: Դեֆիցիտն արվում է նաեւ միտումնավոր, ավելի շատ ծախսում է պետությունը, քան հավաքում է հարկերի տեսքով, որպեսզի տնտեսությունն ակտիվացնի: Եթե դուք պարոն Մելքումյանին խնդրեք, պարոն Մելքումյանը ձեզ էդ ամբողջ մեխանիզմը կբացատրի: Որ ասում եք՝ լավ չի, լավ չի էն, որ դուք փորձառու պատգամավոր եք ու բյուջեի դեֆիցիտի մասին ասում եք՝ «լավ չի», այդտեղ վատ ու լավի բան չկա»:

Ուրիխանյանը տեղից արձագանքեց, թե դասախոսություն են կարդում. «Վեր եք կենում, ինձ սովորեցնում»: Թունյանն էլ պատասխանեց. «Ես չասացի «լեկցիա», պարզաբանում եմ այն, ինչ կատարվում է ՀՀ տնտեսության մեջ: Մեզ ասում են, թե փորձառու չեն եւ այլն, դուք արդեն չգիտեմ որերորդ գումարման պատգամավոր եք, բյուջետային դեֆիցիտը շատ պարզ հասկացություն է»:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանն էլ իր ելույթում անդրադարձավ Ուրիխանյանին. «Շատ գեղեցիկ է հնչում, երբ ասում եք՝ լավ չի, բայց մենք տարեկան պետական պարտքի սպասարկման համար ծախսում ենք 180 մլրդ դրամ: Ո՞նց է կուտակվել այդ պարտքը, կուտակվել է հենց այսպիսի համաձայնագրերով, որ տարիներ շարունակ բերել են ու այստեղ դակվել են: Ու ես չեմ հիշում դեպք, երբ որ ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, այ էնտեղից ես նայում էի, կողմ էր քվեարկում ու մենակ 2016-2017-ին հեղափոխությունից առաջ կուտակվել է, արտաքին պարտքն ավելացել է 1,7 մլրդ դոլարով ու էն ժամանակ այսպիսի ելույթներ չէին հնչում ու հանկարծ հիմա, երբ 130 մլն դոլարի մասին է խոսքը՝ «լավ չի», չգիտեմ ինչ: Շատ լավ է ու ավելի լավ է լինելու»:

Ուրիխանյանը տեղից արձագանքեց. «Ինձ մի ասեք, ես միշտ դեմ եմ քվեարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031