Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն էլի 152 մլն դոլարի վարկ է վերցնում ու հայտարարում՝ մեր վիճակը էդքան էլ վատ չի, այսուհետեւ բյուջետային վարկերից հրաժարվելու ենք, սա վերջինն է

Դեկտեմբեր 12,2019 12:18 Share

Կառավարությունն այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մի քանի վարկային ծրագրեր են՝ պետական կարիքները հոգալու համար: Պատգամավորները հետաքրքրվում էին, թե ինչու են տարվա վերջում ափալ-թափալ նման վարկեր վերցնում: Մասնավորապես, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ այն պարագայում, երբ տնտեսությունն աճում է, բյուջեն մեծանում է, հավելյալ մուտքեր են ապահովվում, ո՞րն է պատճառը դեֆիցիտ արձանագրելու եւ նման պարտք վերցնելու:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը պատասխանեց. «Մենք ունեցել ենք արդեն եկամուտների 62 մլրդ ավելի հնարավորություն, բայց ամբողջը ծրագրավորվել է ծախսերով իրականացնել, հետեւաբար, դեֆիցիտի մասով պահանջը մնացել է նույնը: ԱԱՀ-ի գերավճարների վերադարձ է հիմա իրականացվում, ընթացքի մեջ է, իսկ բյուջեով նախկինում նման նախատեսված ռեսուրս չենք ունեցել: Մենք սեպտեմբերին մի անգամ վերանայել ենք ձեր ասած կոնտեքստում՝ հնարավո՞ր է վարկերը չվերցնել, կանգնեցրել ենք, հետո հասկացել ենք, որ այնուամենայնիվ, ֆինանսական միջոցներ անհրաժեշտ են»:

Ուրիխանյանը, լսելով փոխնախարարին, արձագանքեց կարճ հոգոցով. «Լավ չի»: Արմեն Հայրապետյանը չհամաձայնեց. «Ես առաջ ընկնելով ասեմ, որ էդքան էլ վատ չի: Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բավականին արագ է իջնում, քան մեր սպասելիքները: Պարտքը լավ է, երբ իրեն ճիշտ ես կառավարում եւ իրենից ստանում ես արդյունք, որը քեզ հնարավորություն է տալիս իրեն սպասարկել, եւ մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում մենք բյուջետային վարկերից հրաժարվելու ենք, սա վերջին բյուջետային վարկն է, միայն նպատակային վարկերի ենք անցնելու, երբ կոնկրետը նպատակի համար վերցնելու ենք ու ունենանք կոնկրետ արդյունք: Իսկ բյուջետային աջակցության վարկերը, ըստ էության, ուղղվում են բոլոր ծախային հոդվածներին համամասնորեն: Սա վերջին բյուջետային աջակցությունն է»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Փաստորեն, 4 համաձայնագրով մենք 152 մլն դոլարի վարկային ռեսուրս ենք ներգրավում ու ասում եք, որ սա վերջին բյուջետային վարկերը կլինեն, հիմա սա կարո՞ղ ենք ամրագրել այս համաձայնագրի վերջում, թե՞ մտածում եք, որ մյուս տարի էլ կասեք՝ նա նախավերջինն էր, վերջինն էս տարի է լինելու»:

Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Հայտարարեք, որ սրանից հրաժարվում եք ու երկրաշարժ չի լինի, սկի մեր եղած փողը չենք կարողանում օգտագործել, դրել ենք տոկոսով, ինչի՞ եք պարտք վերցնում, էսօր աշխարհում շատ-շատ էժան փողեր կան»:

Հայրապետյանը պատասխանեց, որ այս վարկը քաղաքականությունների վրա հիմնված է տրամադրվում, եթե քաղաքականությունների ընթացքը բավարարում է միջազգային կազմակերպություններին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031