Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Հիմա Հայաստանի ՄԻՊ-ը համարվում է ամենաարագ զարգացող հաստատություններից մեկը Եվրոպայում»․ Արման Թաթոյան

Դեկտեմբեր 13,2019 19:00

Արման Թաթոյանը ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՄԻՊ գրասենյակի գործունեությունից և գործառույթներից

«Անցյալ տարի վերահաստատվեց գրասենյակի «Ա» կարգավիճակը, որը շնորհում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներքո գործող անկախ հանձնախմբի կողմից։ Մենք շատ մեծ առավելությամբ ստացանք կարգավիճակը․ դա բացառիկ է, աշխարհի ոչ շատ երկրներ ունեն «Ա» կարգավիճակ։ Սա ենթադրում է, որ մենք ունենք միջազգային ճանաչում և անկախության, արդյունավետ աշխատանքի ամենաբարձր գնահատականը», Հայ-ռուսական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա անդրադառնալով գրասենյակի գործունեությանն ընդգծեց, որ այժմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի փորձը ներդրվում է աշխարհի մոտ մեկ տասնյակ երկրներում․ «Հիմա Հայաստանի ՄԻՊ-ը համարվում է ամենաարագ զարգացող հաստատություններից մեկը Եվրոպայում»։ Գրասենյակի ղեկավարը կարևորեց նաև այս տարի սեպտեմբերին Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի նախագահության ընթացքում Մարդու իրավունքների հաստատություններին նվիրված հատուկ նիստը։ Հատկանշական է, որ որպես մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի օրինակելի փորձ Ֆրանսիայի կառավարությունը Եվրոպայի խորհրդի հետ համատեղ որոշել էին հրավիրել միայն Հայաստանի ՄԻՊ-ին։

«Երբ ես ընտրվեցի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝ քաջ իմանալով բոլոր խնդիրները, մարտահրավերները, հաշվի առնելով կառավարությունում, ՄԻՊ աշխատակազմում, հասարակական և միջազգային կազմակերպություններում ձեռք բերած աշխատանքի իմ փորձը ես խնդիր դրեցի անել ամեն ինչ, որպեսզի ուժեղանա Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ ազդեցությունը մեր երկրում»,- ասաց Թաթոյանը հավելելով՝ սա պետք է նպաստեր գրասենյակի հեղինակության ամրապնդմանը։ Առաջին քայլը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն էր՝ այսօր այն Հայաստանում գոյություն ունեցող սահմանադրական յոթ օրենքներից մեկն է։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միակ հաստատությունն է աշխարհի մակարդակով, որն ունի հատուկ ներկայացուցիչներ այլ սահմանադրական մարմիններում՝  ԱԺ-ում, ՍԴ-ում։ Մենք օրենքում հատուկ ամրագրեցինք (միայն մեր օրենքում է այդպես), որ  Մարդու իրավունքների պաշտպանը կարող է լինել նաև միջազգային կազմակերպությունների անդամ, ինչը մեզ հնարավորություն է տալիս մասնացել մարդու իրավունքների ոլորտում միջազգային ստանդարտների մշակման գործին»․ ասաց  ՄԻՊ գրասենյակի ղեկավար Արման Թաթոյանը Հայ-ռուսական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը։
ՀՀ ՄԻՊ-ն ունի կոնվենցիոն երեք միջազգային կարգավիճակ

  • Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ
  • «ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ազգային մարմին
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի ազգային մարմին

«Մինչ օրս շարունակվում է և գնալով խորանում խնդիրը՝ կալանավորված անձանց նկատմամբ տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքը ընտանիքի անդամների հետ․ իմ խորին համոզմամբ այդ պրակտիկան կիրառվում է, որպես լրացուցիչ պատիժ կալանավորին, եթե վերջինս չի ուզում համագործակցել քննությունն իրականացնող մարմնի հետ։ Սա սկզբունքորեն անթույլատրելի է, և մենք մշակել ենք օրենսդրական նախագծերի փաթեթ, որն ուղարկել եմ արդեն կառավարություն, արդարադատության նախարարությունում էլ արդեն քննարկում է տեղի ունեցել։ Ես և նախարարը պայմանավորվել ենք, որ քրեական դատավարության նոր օրենսգրքում, որի աշխատանքային խմբի անդամն եմ, պետք է ներառենք այդ ողջ մեխանիզմը»․ ասաց Արման Թաթոյանը հավելելով, որ իր կարծիքով քննիչը չպետք է ոչ մի առնչություն ունենա անձի հեռախոսային խոսակցություններն ու տեսակցություններն արգելելու հարցին, եթե դա վերաբերում է մերձավոր ազգականներին։ Պաշտպանի խոսքով՝ խնդիրը պետք է լուծում ստանա առնվազն դատախազի մակարդակով՝ կոնկրետ ժամկետների սահմանափակումներով, առանձին հարկադրանքի միջոց, հիմնավորումներով և, ըստ մարդու իրավունքների պաշտպանի կարևոր է նշել կոնկրետ անձի անունը, որի հետ հանդիպումներն առաջարկվում են սահմանափակել կամ արգելել։

Արման Թաթոյանը կարևորեց նաև իր աշխատակազմի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը․ «Երբ ես նոր էի ընտրվել պաշտոնում հատուկ քննչական ծառայության ղեկավարն ինձ նամակ ուղարկեց պահանջելով այն աշխատակիցների անուն ազգանունները, որոնք գնացել էին քրեակատարողական հիմնարկ ու բացահայտել էին խոշտանգման դեպք, ինձ համար պարզ էր նպատակը՝ կանչել հարցաքննության, որը սկզբունքայնորեն անթույլատրելի է, և, եթե ես դա թույլ տայի՝ կնշանակեր մեր հեղինակության, վարկանիշի անկում, միանգամից զրոյացում, այն էլ իրավապահ մարմնի հետ հարաբերություններում»․ նամակով մերժելուց հետո ՄԻՊ աշխատակազմը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություն, որն աշխարհի մակարդակով յուրատեսակ է՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է՝ արգելվում է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչին կամ աշխատակազմի անդամին հարցաքննել, նյութեր պահանջել, եթե առկա չէ մարդու իրավունքների պաշտպանի գրավոր  համաձայնությունը, ընդ որում ըստ ձևակերպման անթույլատրելի է, եթե նույնիսկ ՄԻՊ աշխատողը կամովի գնա, փորձի տեղեկատվություն ներկայացնել, անգամ, եթե անձն այլևս պաշտոնաթող է՝ հնարավոր է պատասխանատվություն առաջացնել տվյալ մարդու համար։

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031