Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրու աջակցություն չխնդրող, հպարտ թատրոնն ու հանդիսատեսի տարվա հումորը

Դեկտեմբեր 19,2019 22:00

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի խաղացել է 150 ներկայացում, հանդիսատեսի թիվն էլ կազմել է մոտ 53 հազար։ Ընդ որում` հանդիսատեսի մեծ մասը տոմսեր ձեռք է բերել ոչ թե աբոնենատային բաժանորդագրությամբ, այլ տոմսարկղից, այսինքն՝ թատրոն եկել է ինքնակամ, ոչ պարտադրված։ Տոմսերն էլ , որպես կանոն, սպառվել են ներկայացումից առնվազն մեկ ամիս առաջ։

Այսօր լրագրողների հետ զրույցում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը 2019 թվականը թատրոնի համար որակեց որպես հետաքրքիր ու հյուրախաղային տարի։ Այն առանձնահատուկ է նաև նրանով, որ հայ հեղինակների ստեղծագործություններ են ներկայացրել։ Լյուդվիգ Հարությունյանի ասելով՝ 2 տարի շարունակ թատրոնն ուշադրությունն է դարձնում հայ ժամանակակից դրամատուրգիային, դրա ապացույցներից մեկը Նիկոլայ Ծատուրյանի վերջին բեմադրությունն է՝ «Թռիչք»-ը՝ Սամվել Կոսյանի ստեղծագործության հիման վրա, լիբանանահայ դրամատուրգ Արա Արզրունու «Բարի լույս, պարոն Մատթեոս» ստեղծագործությունը։

«Հանդիսատեսի թիվն անցած տարի էլ գրեթե նույնն էր, այս տարի ներկայացումների քանակն էր քիչ․ անցած տարի ունեցել ենք 6 առաջնախաղ, այս տարի 4 առաջնախաղ, ու դա պայմանավորված էր հյուրախաղերով։ Տարին սկսել ենք հյուրախաղերով՝ հունվար և փետրվար ամիսներին թատրոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր, 30-ից ավելի ներկայացումներ խաղացել ենք Գյումրից դուրս։ Կես կատակ-կես լուրջ ասում ենք՝ ավելի շատ խաղացել ենք Հայաստանից դուրս կամ մայրաքաղաքում, քան Գյումրիում։ Տարին ավարտում ենք մանկական երաժշտական-հեքիաթ ներկայացմամբ՝ «Մանչուկը և Կառլսոնը», որը պիտի դիտի 14 հազար հանդիսատես-երեխա»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ 2020 թվականը սկսելու են երկու նոր ներկայացմամբ, որոնցից մեկը կլինի Շիլլերի «Սեր և խարդավանքը»՝ նվիրված Վարդան Աճեմյանի 115-ամյակին, թատրոնն այս անգամ ևս ռեժիսորի է հրավիրելու՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին։ Շիլլերի «Սեր և խարդավանքը» ժամանակին բեմադրել է նաև Վարդան Աճեմյանը։

2020 թվականին նախատեսում են չորս նոր ներկայացումներ, երկուսը Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում։ Տնօրենը նշում է նաև,որ թատրոնը կհամալրվի նոր երիտասարդ կադրերով, կան նաև դերասաններ, որոնք ծառայում են բանակում ու շուտով կվերադառնան։
Լյուդվիգ Հարությունյանի ասելով՝ թատրոնի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ տարիներ առաջ կառուցվածքային փոփոխություններ արեցին՝ հանելով ռեժիսորի հաստիքը։ Ըստ նրա, թատրոնը չպիտի լինի միանձնյա, բեմադրություն չպիտի անի մեկ գեղարվեստական ղեկավարը։
«Եթե մենք ունենք հաջողություն, կարծում եմ՝ նրանից է, որ թատրոնի դռները բաց են յուրաքանչյուր ստեղծագործողի առաջ։ Մենք այս տարի ունեցել ենք 4 ներկայացում, 4-ից երեքը հրավիրված ռեժիսորներ են, Գյումրունը Հայաստանում այն բացառիկ թատրոններից է, որ հրավիրում է նաև դերասանների, շատերը գուցե մեզ մեղադրում են, բայց մենք հրավիրում ենք»,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոնը համագործակցում է նաև դպրոցների հետ, այցելում են դպրոցներ, ճշտում, թե ինչ հեղինակներ են անցնում ու նրանց ստեղծագործությունները կյանքի կոչում թատրոնում։

Ի դեպ, թատրոնը յուրատեսակ դեր է կատարում Գյումրիում տուրիզմի զարգացման գործում։ Լյուդվիգ Հարությունյանի ասելով, երկու տարի է՝ առաջնախաղերով միանգամից չեն մեկնում մայրաքաղաք, նախ ստիպում են մայրաքաղաքի ու Հայաստանի մյուս մարզերի բնակիչներին գալ Գյումրի։ Թատրոնը համագործակցում է տուրիստական մի քանի կազմակերպությունների հետ, Գյումրիում ներկայացում դիտելու եկած հանդիսատեսը նախ պտտվում է քաղաքում։
«Եղեգնաձորի դպրոցներից գալիս են թանգարաններ, օրվա վերջում արդեն գալիս են թատրոն։ Սա ի՞նչ է տալիս մեզ, եթե ուզում եք ներկայացում դիտել, եկեք Գյումրի, որը ոչ միայն ունի լավ ներկայացումներ, այլ շատ կարևոր թանգարաններ, հետաքրքիր քաղաք է»։
Լյուդվիգ Հարությունյանը նաև ասում է, որ մի քանի թատերական նախագծեր նախարարության աջակցությամբ են իրագործվել, բայց կոնկրետ Գյումրիից աջակցություն չունեն։

«Չենք դիմել աջակցության, ինչի՞ համար դիմենք, որ տոմսեր գնե՞ն․․․ Ես կուզենամ թատրոնը ճիշտ աշխատի, որ աջակցության կարիք չունենա, իսկ եթե փոքր-ինչ աջակցության կարիք էլ լինի, կուզենամ իրենց կամքը լինի աջակցելը, հետո թատրոնին պետք չէ ֆինանսապես աջակցել։
Շատ կարևոր է իրենց ներկայությունը թատրոնում, ես անուններ չտամ, բայց իրենք գան թատրոն, ընդամենը դրա մասին է խոսքը, սիրեն թատրոնը, գնահատեն թատրոնը, պարտադիր չէ ֆինանսապես աջակցեն, տա Աստված մենք այնքան լավ լինենք․․․Մենք աջակցության կարիք չունենք, ունենք վերաբերմունքի կարիք, լինեն թատրոնի կողքին։ Ես առիթներ ունեցել եմ ասելու, ամեն տարի չէ, որ Վարդան Աճեմյանի անվան թատրոնը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Սանկտ Պետերբուգում կամ Լիբանանում ներկայացում է խաղում, իմանան, որ իրենց թատրոնը տեղ է գնում, մեր քաղաքն է ներկայացնում։ Ի վերջո, մենք Պետերբուրգում հո միայն թատրոնը չներկայացրեցինք, այլ ամբողջ Գյումրին, վերածնվող Գյումրին»,-ասում է թատրոնի տնօրենը։

Լյուդվիգ Հարությունյանը խոսեց նաև խնդիրներից․ թատրոնն ունի պատուհանները փոխելու խնդիր, սակայն Հակոբ Հակոբյանի՝ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը տեղադրել են թատրոնի ճեմասրահում, չեն տեղափոխում, որպեսզի կարողանան փոխել պատուհանները։ Բացի այդ, որմնանկարը պահպանելու խնդիր ունեն, պահանջվող ջերմաստիճանը չապահովելու պատճառով այն կամաց-կամաց վնասվում է։

«Թատրոնը պիտի ճիշտ ներկայանա զբոսաշրջիկների համար, քաղաքում զբոսաշրջիկների մեծ հոսք կա ու կարևոր է, որ թատրոնը գեղեցիկ լինի հենց դրսից։ Թատրոնն արտաքին ձևավորման խնդիր ունի»։

Երկրորդ լուրջ խնդիրը հակահրդեհային համակարգի նորացումն է, մոտ 4 միլիոն դրամ է անհրաժեշտ, դիմել են նախարարություն ու ակնկալում են դրական պատասխան։
Լյուդվիգ Հարությունյանը առանձնացրեց նաև հանդիսատեսի տարվա հումորներից՝ «Սաղ պարերը պարեցինք, հիմի էլ երկնագույն շուն պիտի խաղցնենք» կամ «Ծատուրյանն էնքան պարապ է մնացել, որ հիմի էլ դերասան կթռցնե (խոսքը «Թռիչք» ներկայացման մասին է,Ա․Ն․)»։

Տարվա ամենաշատ դիտված ներկայացումներն են եղել ՝ դրամատուրգ Անահիտ Աղասարյանի «Հարսանիք թիկունքում»-ը, Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ «Երկնագույն շան աչքերն» ու Սամվել Կոսյանի «Թռիչք»-ը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031