Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ է այն կարծիքը, թե ֆեյքը վատ է ու վտանգավոր. Սամվել Մարտիրոսյան

Հունվար 15,2020 15:12

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի համոզմամբ, «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատերը, որը հունվարի 8-ին կալանավորվեց ֆեյսբուքյան էջում պնդում հրապարակելու համար, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության առիթով, հնարավոր է ազատ արձակվի: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ներկայումս ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժ չի սահմանում կեղծ լուրեր հրապարակելու համար, նույնիսկ, եթե այդ լուրերը սպառնում են հասարակական անվտանգությանը. «Քրեական օրենսգիրքը նման նորմեր չունի։

Ըստ փաստաբանի, «Դիանա Հարությունյան» սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել 226 հոդվածով, այն է՝ հանցանքն ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը, սակայն մեղադրանքի հոդվածը պարզապես հարմարեցվել է:

Նա գտնում է, որ Ազգային անվտանգության ծառայությունն էլ ֆեյքերի դեմ պայքարելու լիազորությունը չունի՝ հակառակ այն բանի, որ հայտարարել է շարունակելու է պայքարը:

Ասուլիսին ներկա մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է՝ ճիշտ չէ ֆեյքերի դեմ պայքարել, պարզապես պետք է տեղեկատվական հոսքերը կարգի բերել եւ սովորել սխալների վրա եւ լուծել դաշտում առկա խնդրահարույց հարցերը:

Ինչ վերաբերում է ֆեյք «Դիանա Հարությունյանին», ապա Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Բանն այն է, որ Ադրբեջանում էլ կարող են նման ֆեյք օգտագործել։ Այդ դեպքում հեղինակին բռնելու փորձն արդեն անիմաստ է դառնում»։

Նա կասկածելի է համարում, որ «Դիանա Հարությունյանին» բացահայտելու համար մեկ օր պահանջվեց. «Հատուկ ծառայությունների կողմից ֆեյքերի հայտնաբերման գործընթացը վերջերս արագանում է։ Կարելի է ենթադրել, որ հնարավորություններն ու միջոցներն ընդարձակվում են»։

Պարոն Մարտիրոսյանի խոսքով, սխալ է այն կարծիքը, թե ֆեյքը վատ է ու վտանգավոր եւ որ համացանցում բոլորը պետք է «բաց» հանդես գան. «Կան մարդիկ, որոնք ասելիք ունեն, բայց անվտանգության նկատառումներից դրդված՝ նրանք պետք է անանուն մնան։ Հատկապես, որ երկրում արդեն անանուն «իրազեկիչի» ինստիտուտ կա»:

Անվտանգության փորձագետը լուծումներից մեկը համարում է երկրում վստահություն վայելող լրատվամիջոցների առկայությունը, որոնք եվրոպական երկրներում կան եւ ինչ-որ չափով լուծում են այդ խնդիրը. «Ֆեյքերը միեւնույնն է շարունակելու են հայտնվել։ Ծայրահեղ դեպքում, դրանք կարող են արտասահմանում ստեղծվել ու անպատիժ մնալ Պետք չէ ֆեյքերի դեմ պայքարել։ Պետք է հստակ տեղեկատվական հոսքեր ձեւավորել, բարձրացնել հասարակության կրթվածությունը, ԶԼՄ–ների օպերատիվ աշխատանքի համար պայմաններ ստեղծել։ Կան պետական կառույցներ, որոնց աշխատանքում կան թերություններ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031