Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման ոճով գործում էր նաեւ ՀՀԿ-ն ու ցավոք, մենք ականատես ենք լինում, որ դեւին հաղթողը սկսում է նմանվել դեւին». Գորգիսյանը՝ Փաշինյանին

Հունվար 29,2020 14:15

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրավիճակի եւ Հրայր Թովմասյանի հարցազրույցի մասին խոսելով՝ ասաց, որ մեր դատական համակարգը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդարադատություն իրականացնել ու այստեղ մեղավորը ոչ թե ՍԴ-ն է, այլ ամբողջ դատական համակարգը: Խնդիրները մոռանալ ու մեկ անձի շուրջ կենտրոնանալը սխալ է. «Լավ, մեկ անձին փոխարինեցիք մեկ այլ անձով, համակարգը մնում է, չէ՞, անաշխատունակ վիճակում»:

Ըստ Տարոն Սիմոնյանի, սա կարող է դիտարկվել որպես մեկ իշխանության թեւի ճնշում մյուսի նկատմամբ. «Սահմանադրությամբ ամրագրված հակակշիռներ կան, բայց եթե այդ զսպումները դուրս են գալիս Սահմանադրության թույլատրելի շրջանակներից ու դա քաղաքական ճնշում է ենթադրում, ինչը տեսնում ենք ե՛ւ գործընկեր պատգամավորների, ե՛ւ գործադիր իշխանության արտահայտած մտքերում, ապա այսօր այո, մենք խնդիր այստեղ տեսնում ենք: Մենք մեկ տարի է՝ ասում ենք իշխանություններին՝ ձեր քաղաքական հորդորներում զերծ մնացեք ուղղակի մեղադրանքներից, եթե չկան դրա համար իրավական հիմքեր: Եթե կատարել են քրեական, վարչական, կարգապահական իրավախախտումներ, գործընթաց թող գնա, թող մարդիկ պատասխանատվության ենթարկվեն ու լքեն պաշտոնը: Իսկ եթե դա չի արվում, ճնշումն առկա է»:

Տարոն Սիմոնյանը նաեւ ասաց, որ Հրայր Թովմասյանի ընտրության կարգը իրենց կարծիքով սխալ է եղել: Սահմանադրական իրավունքի եւ օրենքի ոգուն չի համապատասխանել, բայց այն, որ օրենքի տառին համապատասխան է եղել, այստեղ ոչինչ չունեն ասելու. «Եթե այդ անձին մեր իշխանություններն ուզում են, որ հեռանա, իրենց գործողությունները բացառապես օրենքի դաշտում պետք է լինեն»:

Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ ասաց. «Ես ցավ եմ ապրում, որովհետեւ հեղափոխությունից անցել է մոտ երկու տարի ու այն սպասումները, որ հանրությունը ուներ կառավարությունից, ռեֆորմներն էին բոլոր ոլորտներում՝ սկսած դատաիրավականից, մինչեւ կրթություն, մշակույթ: Ռեֆորմների փոխարեն մենք տեսնում ենք մինչ օրս պայքար հների դեմ: Ես կարծում եմ, այս պայքարն արդեն ուշացած է, մենք իրական ռեֆորմների կարոտ ենք: Քաղաքական մեծամասնությունն իր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է միայն ՍԴ-ի դեմ պայքարի համար: Այստեղ երկակի ստանդարտ կա, եթե ուզում ենք բոլոր հները չլինեն, ինչո՞ւ է դա միայն ՍԴ-ին վերաբերում, մենք բազմաթիվ մարդիկ ենք տեսնում, որոնք շատ սերտ հարաբերություններ են ունեցել հների հետ»: Դիտարկմանը, որ վարչապետն ասում է՝ Հրայր Թովմասյանը կեղծիքով է ընտրվել՝ Գորգիսյանը պատասխանեց, որ նույն սկզբունքով ընտրվել են տարբեր մարդիկ:

Երեկ ակտիվիստների բռնեցին, բաց թողեցին:  Հարցին, թե այդ «բռնել-բաց թողնելու» օպերացիային ո՞րն է ձեր արձագանքը՝ ի պատասխան՝ Տարոն Սիմոնյանը հիշեց, որ Վանաձորում զինված խմբեր կային, հանցագործություններ էին կատարում, երբ ոստիկաններին ասում էին՝ ինչո՞ւ չեք ձերբակալում, պատասխանում էին, թե մենք ձերբակալում ենք, դատարանն ազատում է, որովհետեւ հիմքեր չենք կարողանում գտնել. «Քաղաքում այդ մարդիկ ման են գալիս ազատ մինչեւ սպանվեցին մեկ այլ անձի ձեռքով: Երեկվա դեպքերում էլ որեւէ ակնհայտ կասկածանքի հիմք չկար եւ անձինք ենթարկվում են շոուի շրջանակում բերման ոստիկանության կողմից»: Ըստ նրա,եթե բոլորիս մոտ է մտահոգություն առաջացել, ապա երեւում է, որ ոստիկանությունն այնքան էլ լավ չի աշխատում:

Լրագրողները հորդորեցին արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Լուսավոր Հայաստանին» ուղղված քննադատությանը՝ հիշեցնելով, որ նա պատրաստվում էր ԼՀԿ-ին ուղարկել Արմեն Աշոտյանի մոտ ու ասել էր, որ ընտրված իշխանության հետ նման բառապաշարով չեն խոսում: Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Նորմալ է, որ իշխանությունները գոհ չեն ընդդիմությունից, դա նշանակում է, որ մենք մեր գործը լավ ենք անում: Ես խնդիր եմ տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարի մեջ: Եթե դուք լեգիտիմ ուժ եք եւ շատ ձայն հավաքած, դա դեռ չի նշանակում, որ դուք պետք է դառնաք ամբարտավան եւ ամենաթողություն ձեզ թույլ տաք: Իշխանությունը, եթե ցանկացած դեպքում չի փոխզսպվում ընդդիմության կողմից ու չկա քաղաքական առողջ բանավեճ, երկիրը վերածվում է նրան, ինչ ունեինք մինչեւ հեղափոխությունը: Իշխանությունը, ցավոք, մնացել է խցանված հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսի մեջ ու որեւէ կերպ չի կարողանում վեր կանգնել դրանից, առաջ քայլել ու գնալ արդեն կառուցելու ժամանակներին: Նորից փորձել երկխոսությունը տանել այդ դաշտ, նշանակում է, որ մեր բերված փաստարկներին չկա որեւէ հակափաստարկ, դա նշանակում է՝ մենք ճիշտ ուղու վրա ենք: Իշխանությունը, չունենալով որեւէ հակափաստարկ, փորձում է իր իմացած միակ հին ձեւերով սեւացնել ընդդիմությանը: Նման ոճով գործում էր նաեւ ՀՀԿ-ն ու ցավոք, մենք ականատես ենք լինում, որ դեւին հաղթողը սկսում է նմանվել դեւին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031