Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. նախնական ժամկետ կա, որից հետո մերոնք պետք է գնան, տեսնեն՝ Ադրբեջանը պնդո՞ւմ է, թե՞ ոչ իր  լիակատար հրաժարումը Մադրիդյան սկզբունքներից. «Հրապարակ»

Հունվար 30,2020 12:10

Երեւանյան փորձագիտական շրջանակները երեկ հայտարարում էին, թե հայկական կողմի խնդիրը «Մադրիդյան սկզբունքների նախկին կիրառման տրամադրությունից դուրս գալն է»։

Այս սպասումների հիմքում, Կապանում Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված միտքն է՝ «ահա թե ինչպիսի ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը մեզ»։ Նա արձանագրել է, որ վերջինս կանգ էր առել 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու կետում։ Եթե Փաշինյանը դատապարտում է այդ ժառանգությունը, տրամաբանական հարց է առաջանում՝ հիմա բանակցություններն ի՞նչ սկզբունքների շրջանակում են ընթանում, եթե ոչ մադրիդյանի։ Կարելի՞ է ասել, որ հայկական կողմը հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից, որոնց տարրերը մշտապես եղել են բանակցային սեղանին։ Նախկիններն ասում են՝ իհարկե, ոչ։ Հարցն ուղղեցինք արցախյան հակամարտության ակունքներն ուսումնասիրած Մանվել Սարգսյանին։

Նա գնդակն ուղղեց Ադրբեջանի դաշտը՝ ասելով, որ «Բաքուն լրիվ, ամբողջությամբ» դրանից հրաժարվել է․ «Ուզում եմ հիշեցնել անցյալ դեկտեմբերը՝ Բրատիսլավայից առաջ, երբ Ադրբեջանը ներկայացրեց իր պոզիցիան, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի Սահմանադրության հիման վրա։ Իրենք դա արեցին, որից հետո Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ, որում նշեց, որ Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ պետք է կյանքի կոչվի Վիեննայում ընդունված հայտարարությունը։ Եվ, փաստորեն, ստեղծված էր մի վիճակ, երբ Մինսկի խումբը ստիպված էր հայտարարել, որ ՄԽ-ն պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը, ու նաեւ կոչ արեց կողմերին՝ նախապայմաններ չդնել եւ շարունակել բանակցությունները, որովհետեւ ռազմական լուծման ճանապարհ չկա, իսկ ստատուս-քվոն էլ անընդունելի է»։

Եվ հիմա, Սարգսյանի խոսքով, կողմերն ուղղակի ընդառաջում են միջնորդների կոչին՝ շա-րու-նա-կել բանակցությունները։

Սարգսյանն արձանագրեց նաեւ, որ նախնական ժամկետ կա, որից հետո մերոնք պետք է գնան, տեսնեն՝ Ադրբեջանը պնդո՞ւմ է, թե՞ ոչ իր  լիակատար հրաժարումը Մադրիդյան սկզբունքներից։ «Հիմա եթե հանդիպում են, այս հանդիպումը նշանակում է, որ Մինսկի սահմաններում պատրաստ են շարունակել բանակցությունները։ Ոնց որ թե հիմա բանակցությունների շարունակականության խնդիրն է լուծվում, որովհետեւ Ադրբեջանը կարող էր չգալ, չէ՞։ Բայց ասել են, չէ՞, կգանք, ու հիմա դրա շուրջն է»,- ասաց նա։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031