Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. «Հանրաքվեի ցանկացած արդյունք ինձ համար ընդունելի կլինի»

Փետրվար 06,2020 21:45

Քիչ առաջ ԱԺ-ն ն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը, որով հնարավորություն է  ստեղծվում դադարեցնել սահմանադրական դատարանի նախագահի եւ 6 անդամների պաշտոնավարումը:

Նախագիծն ընդունվեց ձայների՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Այս նախագիծը ընդդիմադիրները հակասահմանադրական էին համարում:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն Aravot.am-ի հետ զրույցում ասում է. «Նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կարծիքը ես չեմ էլ ընթերցում, որովհետեւ իրենք գոնե սահմանադրական կարգի տապալման, օրենքների խախտման, մարդու իրավունքների ոտնահարման մասին առհասարակ խոսելու տեղ չունեն ու չեն կարող: Այո, կան որոշ իրավաբաններ, որոնց մասնագիտական տեսակետն ինչ-որ չափով ընդունելի է, որովհետեւ զուտ իրավական տեսակետից են մոտենում, որ կարող են լինել որոշ խոչընդոտներ եւ խնդիրներ»:

Սակայն իրավապաշտպանն այն խնդրին, իր խոսքերով ասած՝ մոտենում է այլ տրամաբանությամբ. «Ինձ համար կա ժողովրդի իրականացրած հեղափոխություն, որի արդյունքում օրենսդիր եւ գործադիր մարմինը հեղափոխական մոտեցումով փոփոխվել է: Ես ակնկալում էի, որ 3-րդ իշխանությունը եւս փոփոխման պիտի ենթարկվի այդ նույն տրամաբանությամբ: Հետեւաբար, այո, հեղափոխության ընթացքում կարող են որոշ օրենքների եւ չնչին տառակերությամբ չզբաղվել, այլ՝ իրացնել իրավունքը: ՀՀ ժողովուրդը պետք է ունենա նոր Սահմանադրական դատարան եւ նոր սահմանադրական համակարգ: Այնպես որ, ես կարծում եմ, որ փոփոխություններն անխուսափելի են, օրհասական են:

Իրավապաշտպանը համոզված է՝ կասկած չկա, որ դատական համակարգը երբեք չի ծառայել իր նպատակին, որպես այդպիսին, դատական համակարգ չենք էլ ունեցել, ունեցել ենք կառույց, որը, իր խոսքերով ասած՝ հանցավոր ռեժիմին է ծառայել, որի ձեռամբ էլ կայացվել են այնպիսի որոշումներ, այդ թվում նաեւ սահմանադրական դատարանը, այնպիսի որոշումներ, որոնք դեմ են եղել ՀՀ շահերին, սուվերենությանը, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին. «Հեղափոխության շարունակությունը փոփոխությունն է եւ հանրաքվեն ինձ համար ընդունելի տարբերակ է»:

Մեր այն հարցին՝ արդյոք հանրությունը պատրաստ է հանրաքվեին, քանի որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը շատերի համար բարդ ընկալելի է, այն խիստ մասնագիտական է, իրավապաշտպանն այսպես պատասխանեց. «Այո, բարդ ոլորտ է, սահմանադրականությանը բավականին բարդ մասնագիտական խնդիր է, որին ոչ բոլոր իրավաբաններն են իրենց թույլ տալիս անդրադառնալ: Ամբողջ խնդիրն այն է, որ եկել է ժամանակը, երբ ժողովրդի որոշմամբ կատարվել է հեղափոխություն եւ այլընտրանք չկա: Ես անբարոյական եմ համարում այն բոլոր շահարկումները, թե ժողովուրդն անգամ ՍԴ-ի տեղը գիտի, դրա կայացրած որոշումներին է ծանոթ չէ: Բայց ՍԴ-ի որոշումներն անդրադարձել են ամբողջ ժողովրդի վրա, զարգացումն են խոչընդոտել, եւ հետեւաբար ժողովրդին պետք է բացատրել, որն է խնդիրը, խոչընդոտը, որը պետք է վերացնել: Ժողովրդին հնարավոր է բացատրել, հնարավոր է նաեւ ճիշտ ձեւակերպել եւ վստահել, ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի: Հանրաքվեի ցանկացած արդյունք ինձ համար ընդունելի կլինի: Եթե չկարողանան բացատրել այս հանրաքվեի անհրաժեշտությունը՝ մեղքն իշխանության վրա է լինելու, եթե կարողացան բացատրել՝ հեղափոխություն արած ժողովուրդը կիսելու է պատասխանատվությունը, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացի բացի իրավունքներից, նաեւ պարտականություն ունի, եւ յուրաքանչյուրի վրա է դրված ժողովրդավարության զարգացումը: Գուցե կան ընթացակարգային խնդիրներ, բայց այս Սահմանադրությունը ժողովուրդը չի ընտրել, նրա վզին են փաթաթել, հետեւաբար պետք փոխվի եւ Սահմանադրությունը եւ ՍԴ-ն»:

ԵԽԽՎ համազեկուցողները ՀՀ-ին կոչ են անում Սահմանադրության փոփոխությունների մասին կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից. «…մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից: Մենք համարում ենք՝ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում»:

Այս հայտարարության առնչությամբ Կարապետյանցն ասում է. «Բոլոր միջազգային կառույցների նկատմամբ ունեմ առանձնահատուկ հարգանք, որոշ կառույցներ աջակցությամբ է հնարավոր եղել ՀՀ-ում պաշտպանել մարդու իրավունքներն այն ժամանակ, երբ հանցավոր ռեժիմը համատարած հետապնդում էր ժողովրդին: Բայց միեւնույն ժամանակ, մենք անցնում ենք դժվար ժամանակաշրջան, պիտի նրանց խնդրեմ համբերատար եւ զուսպ լինել եւ սա ես ասում եմ միջազգային բոլոր հանդիպումներին, որ հնարավորություն տան հեղափոխության տրամաբանությունն ավարտին հասցնել եւ այնուհետեւ մեր, որպես քաղհասարակություն, վերահսկողությունն օրինակ բերելով՝ ինքներս առաջինը կբարձրաձայնեք, եթե իշխանությունն անցնի սահմանը, կարմիր գիծը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829