Լրահոս
Օրվա լրահոսը

Խրախճանք ժանտախտի օրերին

Փետրվար 15,2020 15:30

Սկիզբը՝ այստեղ

Մանիպուլյացիա 3. ուշադրության ցրում

Հայերեն «ապուշ» բառը կազմված է «ապ» ժխտական նախածանցից եւ «ուշադրություն» բառից. բառացի նշանակում է՝ անուշադիր: Այսինքն՝ ապուշը ոչ ուշադիրն է: Ուշադիր անհատները, ուշադիր հանրույթները տեսնում են իրենց օգուտները եւ փորձում են իրենց վարքն ու գործողություններն ուղղորդել ի շահ իրենց: Ապուշ կամ ապուշացված անհատների ու հանրույթների ուշադրությունը ցրված է, նրանք կենտրոնանալ չեն կարող, ուստի բաց են թողնում ոչ միայն իրենց օգուտ խոստացող հնարավորությունները, այլեւ չեն նկատում իրենց սպառնացող վտանգները, դառնում են նվազ պաշտպանված ու խոցելի, չեն զորում տարբերել առաջնայինն ածանցյալից:

Փոքրիկի ուշադրությունը, ասենք, դասի վրա կենտրոնացնելու համար մայրը կողքից հեռացնում է շեղող առարկաները, երեւույթները, ձայները: Իսկ երբ մայրն ուզում է փոքրիկի ուշադրությունը շեղել անցանկալի բաներից, նրան վառվռուն խաղալիքներ է ցույց տալիս, ձեռքն է տալիս պլանշետը, երաժշտություն է միացնում:

Կենսական խնդիրներից ուշադրությունը շեղելու տեխնոլոգիաներն անհիշելի ժամանակներից եղել են իշխողների զինանոցում: «Հաց եւ տեսարանները» լայնորեն կիրառվել է, օրինակ, Քաղաքացի գաղափարը մարդկությանը նվիրած Հռոմում: Մանավանդ երբ հացի պակասություն է զգացվել, զարկ է տրվել տեսարաններով հանրույթի ուշադրությունը շեղելուն: Ավելի շատ զանգվածային տոնախմբություններ, գլադիատորական կռիվներ, սենատի հրապարակային բանավեճեր, քաղաքական սպանություններ, վակխանալիաներ, ինքնասպանությունների հասցնել, շքերթներ… լինում էին այն դեպքերում, երբ իշխանությունն անկայուն էր կամ հացը՝ սակավ:

Հիշո՞ւմ եք, ժամանակին Երեւանի Հանրապետության հրապարակի կենտրոնում հպարտորեն տողանի կանգնեցրին չգիտեմ որ երկրից (թեեւ ենթագիտակցականի վրա ազդեցության տեսանկյունից երկիրը կարեւոր է) բերված աղբի մեքենաներ: Օրեր շարունակ դա տարփողվեց եթերում, կիսաքաղց ու գործազուրկ բնակչությունը գնում էր այդ «հրաշքը» տեսնելու, այդ «հրաշքով» կերակրվելու՝ իրական կերակուրի համար ընդվզելու փոխարեն: Իսկը կապիկների մոլորակ, թեեւ թամաշայի սիրահարներն իրենք էին իրենց հեգնում՝ ասելով. «Գնում ենք զիբիլի ավտոների պառադի»: Որեւէ հեռուստաալիք չփորձեց հանրային ուշադրությունը կենտրոնացնել ու այդ կիսավայրենի տեսարանը վիրավորական համարել հազարամյակների մշակույթ եւ արդեն պետություն ունեցող ազգի համար, չփորձեց տեղեկացնել, թե գավառամիտ քաղաքապետը կենսական կարեւորության ի՛նչ կարեւոր բանից շեղելու պատվեր է ստացել օրվա քաղաքական իշխանությունից, ի՛նչ ցասում է փորձում կանխել:

Զանգվածի հոգեբանական լիցքաթափումն ու վերաբեռնումը ցուցքի՝ տեսարանների միջոցով հեշտությամբ լուծվեցին նույնիսկ 2008թ. Մարտի 1-ի ողբերգությունից ընդամենը երկու տարի անց՝ տպավորիչ գալա ներկայացում կազմակերպելով Ազատության հրապարակում, ուր արյունոտ ժառանգության պարտադրված Սերժ Սարգսյանը վերջապես կարողացավ տեղ զբաղեցնել ժողովրդի մեջ: Եվ դա մի կողմից՝ դեռ չսպիացած վերքի, մյուս կողմից՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ֆոնին, երբ արտագաղթն աննախադեպ ընթացքի մեջ էր, իսկ բնակչությունը՝ կիսաքաղց: Այդ օրվա կադրերում դեռ երեկ Նախագահի դեմ հոխորտալից հոդվածներ գրող մտավորականն ապուշ ժպիտը դեմքին մի քանի քայլի վրա եռագույնն էր ծածանում ու ինքնամոռաց մաստակ ծամում:

Կարող ենք պահոցներում տեսնել այն պատկերները, երբ դեռ երեկ անիծվող օլիգարխի հրամցրած «մատաղի» համար եթե իրար գլուխ չէին ջարդում, ապա գոնե «վիճակ էին գցում պատմուճանի համար» ու տրորում միմյանց: Այդ ժամանակ քաղաքացիների բազմությունը դարձել էր ամբոխ եւ տրորում էր իր իսկ երազները, իր դժվար առօրյան, իր արժանապատվությունը: Այսինքն՝ խնդիրը լուծված է – հանրույթն առժամանակ ապուշացված է, իշխանությանը սասանում սպառնացող պահանջներ չունի, իսկ եթե դժգոհ է, ապա ոչ թե Ղարաբաղի բանակցային հարցով կամ իր գործազուրկ լինելու պատճառով, խեղդող անարդարությունից, այլ որ իրեն երկու փուչիկ կամ «մատաղի մի թիքա» պակաս է հասել:

Հիմա էլ մեր երկրում քիչ չեն ոչնչով չհիմնավորված տոնակատարությունները, եւ դրանց մասնակիցների պակաս երբեք չի զգացվում, մանավանդ եթե անվճար բաժանվում են փուչիկներ, եռագույններ, ավելին՝ խորոված: Մանիպուլյացիայի այս տեսակը հընթացս լուծում է այլ դժվար լուծելի խնդիրներ եւս՝ մատուցվող երաժշտությամբ, արտասանվող ոտանավորներով, շոու-բիզնեսի «աստղերի» վարպետ ընտրությամբ, միջավայրի գունային լուծումներով, այս ամենի հեթագայությամբ եւ այլն: Երբ նախորդ ցուցքի ազդեցությունը ժամանակի մեջ նվազում է, ապա կա՛մ նոր ցուցք է կազմակերպվում, կա՛մ հրապարակ է բերվում հասարակության համար օրվա կենսական հիմնախնդրից շեղող նոր մի հնարանք, ասենք, առեղծվածային սպանություն/ինքնասպանություն, որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի զավեշտալի խոսք, քարանձավի, թատրոնի, հրապարակի կամ սեռի կուռքերից որեւէ մեկի մարտակոչ, սորոս-հակասորոս իրականում անգո լաչառակռիվ, աղմկահարույց ձերբակալություն՝ համեմված ասֆալտափռության ծիսակարգով… Դարձյալ խնդիրը լուծված է – անհատը եւ հանրույթն ապահովված են ապուշացնող զբաղվածության պարբերական չափաբաժնով: Իսկ եթե ուշադրության ցրումն ապահովված է ոչ թե մեկ տեսարանի, այլ մի քանի շեղմամբ, ապա իրական մարտահրավերը հուսալիորեն է թաքցված «յոթ ջաղչի քարի ու քառսուն գոմշի կաշվի» տակ:

1995թ.-ից մեր երկիրը Սահմանադրություն ունի: Սահմանադրության ծննդից առաջ էր սկսվել անվստահության սերմանումը նրա օրինակարգության նկատմամբ: Հետո պարոնայք Քոչարյանի եւ Սարգսյանի սահմանադրական զույգ փոփոխությունները կեղծ համարվեցին: Քաղաքական ընդդիմադիր դասը 1995թ.-ից ի վեր երբեք չդադարեց կրկնել, թե մեր Սահմանադրությունը կեղծ է, վատն է: 23-ամյա մերժման քարոզը դարձավ նաեւ 2018թ. գեղեցիկ իշխանափոխության վառվռուն անկյունաքարերից: Իշխանափոխությունից հետո երկու տարի շարունակ որպես օրակարգային մանտրա կրկնվեց Սահմանադրական նոր փոփոխությունների խոստումը, ավելին՝ պետական մակարդակով ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների ինչ-որ հանձնաժողով: Հանրային միտքը եփված էր, պատրաստ էր: Հիմա արդեն հնարավոր էր, պահպանելով «սահմանադրություն» բառը, նրան որպես կերակրահյութ (սոուս) հավելել «դատարան» բառը, եւ Սահմանադրական դատարանի հարցն օրակարգային դարձնելը մեկ բաժակ ջուր խմելու պես է դառնում այն դեպքում, երբ անցանկալի անդամների հեռացման հարցն առանց ցնցման ու լարումների հնարավոր էր լուծել դեռեւս 2018թ. գարնանը կամ ամռանը: Առաջիկա ամիսներին հանրային ջանասիրաբար ցրված ուշադրության կենտրոնական առարկան կլինի Սահմանադրական դատարանի անդամների հարցը: Այդ ընթացքում երկրորդ պլանում կլինեն թե՛ Արցախի ընտրությունները, թե՛ մայրենի լեզվի դեմ իրականացվող արշավանքը, թե՛ Հայաստանի համար կենսական եւ իրավամբ հանրաքվեի աստիճանի կարեւորության պետական այլ թնջուկներ: Անշուշտ, այդ ընթացքում կլինեն տեսարանների հանրային նոր «կերակրումներ»՝ ձերբակալությունների, սպանություն/ինքնասպանությունների, տոնախմբությունների, հաշվիչ-դրամարկղային կտրոնային հերոսամարտերի, սորոս-հակասորոսի… տեսքով:

Պարբերաբար կրկնվող ուժեղ դոզաներն ամենեւին չեն նշանակում, թե հանրային եւ անհատական գիտակցությունը թիրախավորած ապուշացման մանիպուլյացիան կարող է գեթ մեկ վայրկյան կանգ առնել. այն մարմանդ կրակի նման մշտապես վառ է պահվում ամենաստորին մակարդակի սերիալներով, ինչպես բանաստեղծ Հակոբ Մովսեսը հրաշալի ձեւակերպեց՝ իսլամիզացված երաժշտությամբ, Պարոնյան, Օտյան, Կամսար տված գրականության հետ առնչություն չունեցող ցածրակարգ երգիծանքով, հիմնականում անորակ ու հակագեղագիտական հեռուստահաղորդումներով… Այս անընդհատականությունն ուշադրության ցրման մանիպուլյացիայի պարտադիր պայմանն է, այն չի կարելի գեթ մեկ պահ ընդհատել, այլապես, ինչպես երբ յոթ տարվա մեջ մեկ պահ Իսմիլ Խաթունն ընդհատեց Մեծ Մհերին գինովցնելը, նա սթափվեց եւ վերադարձավ իր բուն կոչմանը, այդպես էլ Հայաստանի «հպարտ ու երջանիկ քաղաքացին» կարող է սթափվել եւ հարցեր առաջադրել, որոնց պատասխանելու՝ իշխանավորների ունակության վրա հույս դնելը նույնիսկ իշխանավորների համար արկածախնդրություն կլիներ:

Միայն ապուշացման՝ ուշադրության ցրման մանիպուլյացիայի միջոցով է հնարավոր փակել ճանաչողության, գիտելիքի ճանապարհը, այլապես մարդ արարածն իր բնույթով դեպի գիտելիքը, դեպի լույսն ու լուսավորությունը նախադրվածք ունի ու կարող է կրկնել Ադամի՝ արգելված պտուղը ճաշակելու սխրանքը: Ճանաչողությամբ, գիտելիքով զինված անհատն ու հանրությունը կարող են չկլլել ապուշացման խայծը, հարցեր առաջադրել, վերջին հաշվով՝ չխաբվել:

Ավետարանում ասվում է. «Ով իր եղբորն ասի ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին»: Սա դեռ եղբորը միայն ապուշ ասելու դեպքում, իսկ որքա՜ն անպատկերացնելի է նրանց պատիժը, ովքեր ոչ թե ասում, այլ հենց ապուշացնում են եղբորը: Թե՞ մենք Ազատություն եւ Հավասարություն արժեքներն ուրանալուց հետո, լլկում ենք նաեւ Եղբայրությունը: Խոցելի, չափազանց խոցելի է մեր հոգեւոր անվտանգությունը. ոչինչ չարժե նրան, որ այսպես սառնասրտորեն՝ գլոբալ ու ազգային մարտահրավերներից ուշադրությունը կենտրոնացնելու անընդունակ զանգվածի էինք վերածել եւ դեռ շարունակում ենք վերածել մեր երկրի հավաքականությունը՝ հոգին ու միտքը:

Միքայէլ  ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829