Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսն Իրանում (վերջին լուրեր)

Փետրվար 23,2020 19:59

Մինչև այսօր` կիրակի առավոտյան, Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակված վեց անձի մահ և 28 վարակակիրի դեպք. մահվան դեպքերը գրանցվել են Ղոմ քաղաքում` հինգ և հարևան Արաք քաղաքում` մեկ: Փաստված վարակակիրներից 19-ը Ղոմ քաղաքում են, 7-ը մայրաքաղաք Թեհրանում և երկուսը Գիլան նահանգում: Բուժվում են ավելի քան 700 կասկածյալ, որոնք սպասում են կորոլավիրուսի թեստի պատասխանին: Գրանցվել է Իրանից Կանադա, Լիբանան և Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած չորս ուղևորի կորոնավիրուսով վարակված լինելու դեպք:

***

Այսօր հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջանի ղեկավար` Մոռթեզա Ռահմանզադեի, կորոնավիրուսով վարակված լինելը: Լուրը հայտարարել է քաղաքապետ Հանաչին: Ռահմանզադեն օրեր առաջ հիվանդ վիճակում մասնակցել է Թեհրանի քաղաքային Խորհրդի` Ավագանու նիստին, նաև իր վարչական շրջանում ընդունել է Քաղաքային Խորհրդի նախագահ Մոհսեն Ռաֆսանջանիին: Վերջինիս վկայությամբ Ռահմանզադեն  22 բահմանին (11 փետրվարին) մասնակցել է հեղափոխության տարեդարձի երթին և մրսածություն ունի: Այժմ կաթվածահար է Քաղաքային Խորհրդի աշխատանքը. Խորհրդի նախագահն էլ կորոնավիրուսի թեստ է հանձնել և սպասում է պատասխանի:

***

Առողջապահության նախարարության որոշումով Գիլան նահանգի երկու քաղաքներում` Թալիշ և Լահիջան, հիվանդանոցներ են հատկացվել վիրուսակիրների բուժման համար. այս հիվանդանոցները պետք է սպասարկեն երկրի արևմտյան մասի հավանական վիրուսակիրներին: Գիլան նահանգը գտնվում է Կասպից ծովի հարավում և Ադրբեջանի հարևանությամբ: Սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ մի խումբ բնակիչներ բողոքելով` չեն ցանկանում, որ այլ շրջաններից վարակակիրներ բերվեն իրենց քաղաքները:

***

Իրանի Ղոմ քաղաքում երկու հիվանդանոց հատկացվել է կորոնավիրուսի վարակով կասկածվողների բուժման: Երկրի գլխավոր համաճարակաբան դոկտոր Մոհամադ Մեհդի Գույան պետական հեռուստատեսության առաջին ալիքին հայտնել է, որ վարակը բռնկվել և տարածվել է Ղոմ քաղաքից: Ղոմը կրոնական- տուրիստական կարևոր քաղաք է և` միջքաղաքային ճանապարհորդության հանգույց. այնտեղ աշխատում են նաև չինացի բանվորներ: Համաճարակաբանը կարծիք է հայտնել, որ կարանտինը հարմար ելք չէ և վարակի դեմն առնելու և  բուժման այլ մեթոդներ են անհրաժեշտ: Հաղորդման ժամանակ, հաղորդավարը հեռախոսային կապ է հաստատել նաև Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտոր Ղադիրը, որը երկրի Առողջապահության նախարարության խնդրել է յուրահատուկ ուշադրություն դարձնել այս քաղաքին, քանի որ վարակի ծավալներն ավելի շատ են և միջոցները բավարար չեն:

***

Ղոմ կրոնական քաղաքի որոշ ազդեցիկ հոգևորականներ դեռ հարցը լուրջ չեն ընդունում և դա համարում են ԱՄՆ նախագահ Թրամփի հերթական խաղը: Երկրի առաջնորդի լիազոր ներկայացուցիչ Սաիդին հայտնել է, որ Թրամփն ուզում է հեղինակազրկել Ղոմ քաղաքը և նրա մշակութային ազդեցությունը: Ղոմի կրոնական դպրոցներում ուսանում են նաև հարյուրավոր արտասահմանցիներ. այդ քաղաքում կան շիա դավանանքի մեծ թվով սրբավայրեր:

***

Կորոնավիրուսն արդեն ազդել է նաև Իրանի տնտեսության վրա. մաքսային ծառայության վկայությամբ երկրի արևելյան սահմանակետերում դեպի Իրաք, Թուրքիա կամ Եվրոպա մեկնող բեռնատարների հերթը հազարներից էլ անցել է: Իրաքը պաշտոնապես փակել է Իրանի հետ իր սահմանները, իսկ Թուրքիայում հարցը օրակարգի վրա է: Իրանական «Արման Մելլի» օրաթերթն իր այսօրվա խմբագրականում գրել է. «Կորոնավիրուսը Իրանի դեմ տնտեսական պայքարի նոր զենքն է»:

***

Իրանի խորհրդարանի առողջապահության մշտական հանձնաժողովի խոսնակ Ղորբանին վարակի տարածման համար մեղադրել է իրանական ավիաընկերություններին, որոնք կառավարության հորդորին հակառակ, դեպի Չինաստան և հետադարձ թռիչքները կանգ չտվեցին: Ակնարկը հիմնականում վերաբերում է «Մահան» ավիաընկերության, որն ասվում է պատկանում է Իսլամական հեղափոխության պահակազորին:

***

Իրանի կառավարության որոշումով փակվել են երկրի բուհերը, դպրոցները, կինոթատրոնները. բեկանվել են բոլոր սպորտային միջոցառումները: Սոցցանցերի վկայությամբ քաղաքացիները բողոքում են դեղատներում դիմակի, սպիրտի և ախտահանիչ նյութերի պակասից:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829