Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրովը նոր թարգմանիչ ունի. նախկին թարգմանիչների հետ կապված վճարման խնդիրներ են առաջացել

Մարտ 03,2020 14:17 Share

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում դատարանի որոշմամբ այս գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի թարգմանիչ ներգրավվեց Ժաննա Բաղրամյանը: Հիշեցնենք, թարգմանչի բացակայության պատճառով վերջերս մի քանի դատական նիստեր հետաձգվեցին: Թարգմանիչները նիստերից բացակայում էին, քանի որ Դատական դեպարտամենտի հետ պայմանագիր չէին կնքվել եւ գումարի փոխանցման խնդիր էր առաջացել: Ուստի պաշտպանական կողմի ներկայացուցիչները թարգմանչից հետաքրքրվեցին` Դատական դեպարտամենտի հետ կնքված պայմանագիր կա՞ կամ ինչպե՞ս է այսօրվա դատական նիստին ներկայացրել. «Իմացել եք նիստ կա, եկե՞լ եք»:

Թարգմանիչն ասաց, որ իրեն հրավիրել են դատարանից, դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից են զանգահարել: Արամ Վարդեւանյանը հետաքրքրվեց`իսկ հարց չառաջացա՞վ, թե ինչո՞ւ են հենց ձեզ զանգել եւ հրավիրել: Նա ասաց, որ զանգել են ոչ միայն իրեն, այլ մի շարք թարգմանիչների: Պաշտպանն իրազեկեց, որ նախկին թարգմանիչների հետ կապված վճարման խնդիրներ են առաջացել: Թարգմանիչն ասաց, որ վճարման հետ կապված պայմանագիր կամ պայմանավորվածություն չկա:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ հարց ուղղեց` իսկ որտեղի՞ց է Ձեզ հայտնի, որ այլ թարգմանիչների էլ են զանգահարել: Տիկինը պատասխանեց`թարգմանիչների հետ խոսակցություններից:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հարց ուղղեց դատարանին` ինչո՞ւ է հենց այս թարգմանչին ներգրավել դատարանը, ի՞նչ չափանիշներով է առաջնորդվել: Դատավորն առարկեց`ասելով`եթե ձեզ հայտնի են այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են հանդիսանալ թարգմանչի բացարկի հիմք`ներկայացրեք: Իրավիճակը մեղմեց Յուրի Խաչատուրովը`հայտարարելով, որ ինքը չի կասկածում տվյալ թարգմանչի մասնագիտական որակների վրա եւ գտնում է, որ վերջինս կարող է դատարանում լինել իր թարգմանիչը:

Դատարանն այժմ քննում է ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031