Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մեկ տարեկան աղջկան խեղդամահ անելու աղմկոտ գործով վկայություն է տվել հայրը

Մարտ 03,2020 19:33 Share

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է իր 11 ամսական աղջկա սպանության մեր մեղադրվող 21-ամյա Անի Մինասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

Հիշեցնենք, որ այս պատմությունը մեծ հուզմունք ու աղմուկ էր բարձրացրել՝ երկար ժամանակ դառնալով բուռն քննարկման թեմա։ Ըստ մեղադրանքի, մայրը կապել էր երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ ու նետել էր աղբարկղ՝ վրան լցնելով աղբ։ Նա պատճառաբանել էր, որ նշված արարքը կատարել է՝ գտնվելով սոցիալապես վատ վիճակում, երեխային չկարողանալով կերակրել։

Այսօրվա դատական նիստում Անի Մինասյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Հետազոտվել են նաև քրեական գործում առկա գրավոր և իրեղեն ապացույցները։

Ըստ դատախազ Արտյոմ Ավետիսյանի, ամբաստանյալը իր նախաքննական ցուցմունքում նշել է, նախօրոք չի պլանավորել երեխայի սպանությունը, դեպքի օրն արթնացել է բացասական տրամադրությամբ, հնար չի ունեցել երեխային պահելու, երեխան խաղացել է, սովից լաց է եղել և այդ պահին մտքով անցել է վերցնել կպչուն ժապավենը ու կապել նրան։ Եղբորը չի դիմել, որովհետև նա էլ հնարավորություն չի ունեցել, չի հասկացել, որ կարելի է նրան մանկատուն հանձնել։ Երեխային աղբարկղում նետելուց հետո վարձակալած բնակարան չի վերադարձել, մոտ մի քանի ժամ քայլել է։

Այսօր դատարանում որպես վկա՝ հարցաքննվել է ամբաստանյալի նախկին ամուսինը՝ Արթուր Ալեքսանյանը, որը քրեական գործում ներգրավվել է որպես տուժողի իրավահաջորդ։ Նա դատարանին հայտնել է, որ Անին երեխային պահելու հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել, ինքը օգնել է թե՛ սննդով, թե՛ գումարով, նվիրված ամուսին է եղել։ Նա նաև պատմել է, որ երեք տարի ապրել են համատեղ, երեխայի ծնվելուց հետո կինը մի քանի անգամ թողնելով երեխային՝ օրերով անհետացել է։

«Պատասխան պիտի տա իր արարքի համար, նա երեխային պահելու հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել, ես իրեն սննդով էլ եմ օգնել, գումարով էլ», -ասել է նախկին ամուսինը։

Պատասխանելով դատախազ Արտյոմ Ավետիսյանի հարցերին՝ վերջինս հայտնել է, որ բնակվում է ծնողների հետ, զբաղվում մրգերի ու բանջարեղենի առևտրով, խանութ ունեն։ Նա տեղեկացրել է, որ Անի Մինասյանի հետ ծանոթացել է մոտ երեք տարի առաջ, վերջինս հագուստ էր վաճառում իրենց խանութի մոտակայքում, տատիկին էր օգնում, ամուսնացել են, որը, սակայն, պաշտոնապես գրանցված չի եղել։ Նախկին ամուսինը նաև հայտնել է, որ Անին ծնողներ չունի, ունի եղբայրներ ու քույր, բնակվել է տատիկի հետ։

Հարցին՝ երեխայի ծնվելուց հետո ինչպե՞ս էին ձեր հարաբերությունները, նախկին ամուսինը պատմել է, որ երեխայի ծնվելուց հետո կնոջը երեխայի հետ տեղափոխել են Երևան, ինքն այդ ընթացքում անընդհատ գնացել-եկել է հիվանդանոց, շատ լավ հարաբերություններ են եղել, ամեն ձևով տեր է կանգնել։

«11 ամիս երեխային մեր տանը մեծացրեցինք, 12-րդ ամսում, արդեն երեխայի ծնունդը մոտ էր, թողեց, տնից գնաց ։ Չգիտեմ ուր գնաց, ես ու իր եղբայրը ընկել սաղ քաղաքով իրեն էինք ման գալիս ու չենք գտել, այդ ընթացքում մեզ հաղորդագրություններ էր գրում, թե ես մրսում եմ, հետո դարձավ անհասանելի, կորավ։ Դրանից մի շաբաթ անց եղբայրն է եկել, խոսեց, ասեց՝ էս կողմ, էն կողմ, ես էլ չեմ ընդունել նրա նմանին»,-ասել է վկան։

Նախկին ամուսինը նաև պատմել է, որ կինը երեխային տանն է թողել հեռանալիս, երեխան մոր խնամքի կարիքն ուներ, իրենք իրավապահներին չեն դիմել, որպեսզի պարզեն գտնվելու վայրը, սակայն նախազգուշացրել են, որ եթե չհայտնվի, կդիմեն ոստիկանություն։ Դրանից երկու օր հետո կինը հայտնվել է։

Դատախազի հարցին՝ չհարցրեցի՞ք որտեղ է եղել, ըստ նախկին ամուսնու, կնոջ տատիկը իր մայրիկին ասել է ՝ «դրսերից գտանք, բերեցինք»։

Դատախազի հարցին՝ մինչ այդ եղե՞լ էր դեպք, որ Անին երեխային թողներ, տնից գնար, ամուսինը պատմել է, որ եղել է, փախել-գնացել էր եղբոր մոտ, սակայն այդ անգամ ներել է։

Ըստ նախկին ամուսնու, իրենք Անիին առաջարկել են հրաժարվել երեխայից, վերջինս սակայն ասել է՝ ես կպահեմ, կմեծացնեմ իմ երեխային ու տարել է իր հետ։ Նա բնակարան է վարձակալել ու ապրել երեխայի հետ, այդ ընթացքում նախկին ամուսինը ֆինանսապես օգնել է։ Ըստ վկայի, նախկին կինը տնից տարել է ողջ ոսկեղեն՝ մոտ 600 հազար դրամի։

Կինը որևէ պատճառ չի նշել, թե ինչու չի ուզում ապրել ամուսնու հետ։

«Ինքը դիտավորյալ սպանել է իմ երեխային, ես իր նմաններին արժանի պատիժ եմ պահանջում։ Անմարդկային քայլ է, իր նմանի հետ իր նման պիտի վարվես», -հայտարարել է նախկին ամուսինը։

Դատական նիստը հետաձգվել է՝ նշանակվելով մարտի 20-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031