Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ պահքը հոգեւո՞ր, թե՞ ֆիզիկական հանգստություն

Մարտ 12,2020 13:00

Փետրվարի 23-ին Հայ առաքելական եկեղեցին ազդարարեց Մեծ պահքի սկիզբը: Մեծ պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին եւ տեւում է 48 օր։ Այն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օր. Բուն Բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդի: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Այս ընթացքում պահք պահող անձը պետք է հետեւի բոլոր կանոններին:

Ի՞նչ ասել է պահք: «Պահք»  նշանակում է հրաժարվել կենդանական  կերակուրներից:

Ըստ բժիշկ-սննդաբան Ժենյա Բալայանի՝ սննդային պահք պահելու դրական կողմերը շատ են եւ եթե հաշվի առնենք, թե որքան վերամշակված, շաքարով լի սնունդ ենք մենք օգտագործում, ապա պահքի ժամանակ մեր օրգանիզմը հանգստանում է։ Մաքրվում է օրգանիզմը, մաշկի թարմացում ենք ունենում։ Մենք մեզ  այդ ժամանակ ռեստարտ ենք անում։ Իհարկե, պետք է նշել, որ կան մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն։ Եթե մարդ որոշել է մասնակցել պահքին, ապա լավ կլինի` դիմի  բժշկի, հասկանալու համար՝ ունի՞, արդյոք,  առողջական սահմանափակումներ։ Բժիշկ-սննդաբանը նշում է նաեւ, որ բացասական կողմերը կախված են մարդու առողջական վիճակից։ Եթե մարդ առողջական սահմանափակումներ չունի, ապա նրան ոչինչ չի արգելում մասնակցելու։ Մեկ այլ կողմը, որ կարելի է բացասական համարել, դա մարդու սովորություններն են։ Մարդիկ կան՝ ահավոր մսակեր են, խմիչքի հետ սեր ունեն, շատ շաքար են օգտագործում։ Նրանց համար դժվար կլինի, կունենան տրամադրության տատանումներ, չի բացառվում գլխացավը։ Բայց սրանք ժամանակավոր բնույթ կկրեն: Ընդհանուր առմամբ պահքը կարող է միայն ու միայն բարելավել մարդու մարմինը, առողջությունը:

Տաթեւը, որ արդեն տասը տարի է՝ պահք է պահում, ասում է, որ ի սկզբանե առանց որեւէ դժվարության է դա ստացվել իր մոտ: «Այն մի շրջան է, երբ դու կարողանում ես մաքրել օրգանիզմդ: Պահքից հետո տարբերությունը ակնհայտ է դառնում, սկսած ինքնազգացողության լավացումից, մինչեւ մաշկի որակի լավացում։ Ինչու չէ, նշեմ նաեւ,  որ այդ ընթացքում փորձում ես ազատվել վատ սովորություններից, կախվածություններից: Պահքի յուրօրինակ խորհուրդը ինձ համար` աշխատել կամքի վրա, չանելով այնպիսի բաներ, որոնք քեզ համար սովորական են դարձել, որոնք դու շատ ես սիրում։ Բայց ամենից կարեւորը ինձ համար հոգեւոր մաքրությունն է»,- ասում է մեր հերոսուհին։

Այս մասին խոսեցինք նաեւ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ. «Նախ ասեմ, որ եթե պահք պահելու ընթացքում  հոգեւոր բաղադրիչը,  մղումը, նպատակը, հոգեւոր վերանորոգման ձգտումը  բացակայի, ապա այն կարելի է համարել միայն կենդանական ծագման ուտելիքներից հրաժարվելու մի շրջան: Մարդկանց` պահք պահելու նպատակները  տարբեր կարող են լինել: Մարդիկ կան, ովքեր ինչ-որ մարդկանցից լսել են եւ ցանկացել են փորձել, կան մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն եւ այլն: Սակայն գլխավոր նպատակը հոգեպես առողջանալն է` Աստվածաշունչ ընթերցելը, Սուրբ Նարեկացի ընթերցելը, հոգեւոր գիտելիքով զորանալը: Պահք չպիտի պահեն նրանք, ովքեր մկրտված չեն, քանի որ նրանք չեն կարող սուրբ հաղորդություն ստանալ, նրանք, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ կանայք, ովքեր հղի են»:

Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031