Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Այս պարագայում ընդդիմությանը ոչ թե ագրեսիվ հռետորաբանությամբ պետք է արձագանքել, այլ ըմբռնել ու լսել նաև նրանց. Գագիկ Համբարյան. «Փաստ»

Մարտ 27,2020 12:10

«Տեսանք իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը: Երբ կորոնավիրուսը տարածվում էր աշխարհում, մեզ մոտ իշխանությունների մակարդակով հայտարարվում էր, թե այն հեռու է Հայաստանից և մեզ բացարձակ չի վերաբերում: Եթե ՀՀ իշխանությունները ժամանակին և օպերատիվ գործեին, մենք կունենայինք այն իրավիճակը, որն այսօր Վրաստանում է»,- «Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիմա մենք հայտնվել ենք ֆորսմաժորային իրավիճակում, ու, ցավոք, որքան նկատում եմ, Ն. Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունն այնքան էլ շատ չեն հասկանում հարցի լրջությունը:

«Խնդիրն այն է, որ Ն. Փաշինյանը երկու տարվա մեջ ամբողջովին իրականությունից կտրվել է: Կամ՝ ԱԺ-ի ամբիոնից մարդկանց վրա բացահայտ հարձակում է գործում, ասում՝ վաճառեք ձեր ընկերների ունեցվածքը, բաժանեք ժողովրդին: Ես չեմ հասկանում՝ սա պետական այրի, երկրի վարչապետի բառապաշար կամ մտածելակե՞րպ է:

Տեսե՛ք, թե ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ղեկավարներն ինչ քաղաքականություն են վարում, ինչ են անում սոցիալական տարբեր խավերի խնդիրները լուծելու համար: Շատ երկրներում իշխանություններն իրենց հնարավորության սահմաններում հասարակության լայն շերտերին աջակցություն են ցուցաբերում:

Այո, ՀՀ-ն չի կարող համեմատվել նման երկրների հետ, բայց Ն. Փաշինյանը թող չմոռանա, որ ընդամենն ամիսներ առաջ Վանաձորում տեղի ունեցած իր մամլո ասուլիսի ժամանակ ասաց՝ մենք գումարի հետ խնդիր չունենք:

Եվ այս դեպքում օրվա հացի փողը աշխատել չկարողացող մարդկանց սոցիալական վիճակն ինչպե՞ս պետք է կարգավորվի: Հնարավոր տնտեսական հետընթացի պայմաններում մարդկանց կողքին կանգնելու փոխարեն հաթաթաներ է տալիս, դիմում դեմագոգիայի:

Այո, ես հասկանում եմ՝ իշխանություններն էլ իրենց հերթին պետք է հավասարություն ապահովեն, բայց տեսնում ենք, որ մի քանի փաթեթ են ներկայացնում, որոնք հասարակության լայն շերտերին շատ քիչ կվերաբերեն»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Հայաստանում ապրողների քանակն այնպիսին է, որ դժվար չէ մի քանի օրվա ընթացքում նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:

Գագիկ Համբարյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել հակաճգնաժամային կառավարման արդյունքների մասին:

«Իշխանություններն այսօր, ամեն դեպքում, փորձում են հակաճգնաժամային կառավարման որոշակի ձևեր ներդնել Հայաստանում, հուսամ՝ կստացվի, թեպետ մինչ այս դիլետանտություն ու դանդաղկոտություն ցուցաբերվեց, արագ չգործեցին, ինչի արդյունքն այն է, ինչ այսօր ունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ զավեշտալի է նաև կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար որպես հնարավորություն դիտարկելը:

«Իրականում ծրագիր անգամ չեն կարող ներկայացնել, որովհետև ճգնաժամը նոր է սկսվում: Պարզապես գործող իշխանությունները պետք է ավելի զուսպ լինեն, ըմբռնումով մոտենան հասարակության պահանջներին ու լսեն նաև ընդդիմությանը: Այն իրավիճակը, որում նաև մեր երկիրն է հայտնվել, միայն գործող իշխանությունների խնդիրը չէ: Եվ այս պարագայում ընդդիմությանը ոչ թե հաթաթաներով, ագրեսիվ հռետորաբանությամբ ու պահվածքով պետք է արձագանքել և փորձել փակել ընդդիմության բերանը, այլ ըմբռնել ու լսել նաև նրանց:

Գոնե պետք է լսել, տեսնել նրանց ծրագրերը ու նոր կտրուկ արձագանքել: Բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս Ն. Փաշինյանի, հակաճգնաժամային ծրագրի որևէ դիտարկում ընդդիմության հետ քննարկելու ցանկություն չունի»,-շեշտեց քաղաքագետը՝ հավելելով, որ հարցերը չքննարկելը, դրանք անտեսելն ու ցույց տալը, թե նման խնդիրներ չկան, իրականում ջայլամային քաղաքականություն է:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031