Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսությանը անհրաժեշտ է ռազմավարական լուծումներ, այլ ոչ թե արտոնյալ վարկային բեռ․ Էդուարդ Պետրոսյան

Մարտ 28,2020 12:47

Կառավարությունը կորոնավիրուսի բացասական տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով հաստատեց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրը:

Կառավարության ցանկացած ծրագիր, բնականաբար,  պետք է միտված լինի ոլորտի խնդիրների լուծմանը կամ առնվազն նվազեցմանը: Ցանկացած ծրագիր, որը այս պահին կարող է աջակցել գյուղատնտեսությանը, գնահատում եմ դրական: Չնայած նրան, որ գործող կառավարությունն իր ձևավորման օրից սկսած գյուղատնտեսությունը հռչակեց տնտեսության համար գերակա ճյուղ, և ըստ էության 2019թ. վերընտրված կառավարությունը ևս իր տնտեսական զարգացման  ծրագրի հենասյուն հռչակեց գյուղատնտեսությունը, միևնույն է գյուղատնտեսությունը շարունակեց անկում ապրել և՛ 2018թ-ին՝ 7,2%-ով, և՛ 2019թ-ին՝ 4,2%-ով:

2019թ.-ից մեկնարկեցին գյուղատնտեսության տարբեր ճյուղերի արտոնյալ վարկավորման պետական ծրագրեր, որոնք ունեցան բազմաթիվ շահառուներ, բայց, միևնույն է, գյուղատնտեսությունն այդպես էլ ցանկալի աճի տեմպեր չգրանցեց: Գնահատելով վերջին երկու տարվա արդյունքները, կարծում եմ կարելի է գնահատել առնվազն անբավարար:

Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված, ցանկանում եմ մի անհասկանալի որոշում առանձնացնել՝գյուղատնտեսության նախարարության լուծարումը և այն էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելը, որը, բնականաբար, իր բացասական ազդեցությունը թողեց ոլորտի վրա: Ընդհանրապես, պետությունը ստեղծում է կառավարման մարմիններ ըստ իր համար առաջնահերթ ոլորտների և տարօրինակ է, որ կառավարությունը հռչակում է գյուղատնտեսությունը գերակա ճյուղ՝ միաժամանակ փակելով ոլորտի կառավարման մարմինը:

Այսօր, Կառավարությունը շարունակում է ավելի ինտենսիվ կերպով վարել արտոնյալ վարկային քաղաքականությունը՝ փորձելով էժան ֆինանսական հոսքեր ապահովելու միջոցով ապահովել ոլորտի թռիչքաձև զարգացումը: Ակնհայտ է, որ այս ճանապարհը բավարար չէ. հասկանանք, թե ինչու: Ցանկացած տնտեսական գործունեության նպատակն է շահույթի կամ  եկամտի ստացումը: Այդ թվում մեր երկրում  գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի շահութաբեր: Դիտարկենք գյուղատնտեսության ճյուղերից մեկի՝ այգեգործության օրինակը: Առանձնացնենք երկու կարևորագույն գործոն, որոնք ուղղակիորեն ազդում են ոլորտի ներդրումային գրավչության վրա: Դրանք են՝ գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը և արտադրանքի սպառման շուկան: Նորություն չէ, որ Հայաստանում արտադրված գյուղմթերքի հիմնական շուկա է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը:

Ռուբլու արժեզրկումը, իսկ մեր ազգային արժույթի կայունությունը, արդեն իսկ օրինաչափորեն բացասական հետևանք են թողել ռուսական շուկայում մեր գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության վրա, ինչը որ պարտադրում է աշխատել  գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ: Այգեգործության մեջ ինքնարժեքի վրա ազդում են աշխատուժը, ջուրը, գյուղտեխնիկան և թունաքիմիկատները:

Կառավարությունն իր ծրագրով փորձում է լուծել ջրի և գյուղտեխնիկայի հետ կապված խնդիրները, սակայն համալիր մոտեցում ցուցաբերելու փոխարեն, ցուցաբերում է հատվածական մոտեցում: Ջրային ռեսուրսները և ոռոգման համակարգերը արդիականացնելու և արդյունավետ կառավարելու արդյունքում հնարավոր է հասնել կտրուկ ջրամատակարարման ինքնարժեքի նվազեցման, փոխարենը պետությունն առաջարկում է վարկավորել ոռոգման սեփական ցանցերի արդիականացումը (կաթիլային ոռոգման համակարգերի ներդնում), այն դեպքում, երբ ՀՀ-ն  ջրային ռեսուրսների պակաս չունի, այլ կորուստները նվազեցնելու կարիք ունի:    Համաձայն տարբեր մասնագիտական գնահատականների, ՀՀ տարածքում գտնվող գյուղտեխնիկայի 70%-ից ավելին խորհրդային ժառանգության հնամաշ և ծախսատար տեխնիկա է: Աջակցելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգին, արդեն հրապարակված պայմաններով, պետության կողմից խնդրին համալիր լուծում չի տրվում, ակնհայտ է, որ այդ աջակցությունից կկարողանան օգտվել սահմանափակ թվով շահառուներ:

Ինչ վերաբերում է թունաքիմիկատներին, շուկան հիմնականում հագեցած է Չինաստանից էժան ներկրված, սակայն գյուղացու համար ոչ այդքան մատչելի գներով, ցածր որակի ապրանքով: Այս փաստը հուշում է, որ պետությունը պետք է օր առաջ տարբեր խրախուսման միջոցներով նպաստի տվյալ ոլորտում ներդրումների ներգրավվմանը:

Այս փոքր օրինակով փորձեցի ցույց տալ համալիր ռազմավարական մոտեցման և հատվածական մոտեցման տարբերությունը:  Կարծում եմ, որ կառավարությունը չպետք է հույսը դնի այն բանի վրա, որ կորոնավիրուսի հետևանքով աշխարհում կտրուկ կավելանա գյուղմթերքի պահանջարկը, քանզի ինչպես մեր երկրում, այնպես էլ մյուս երկրներում, «սոցիալական հեռավորությունը պահպանելով», հնարավոր է աշխատել և գյուղմթերք արտադրել: Հավելյալ չծանրաբեռնելու համար, ոլորտային մյուս խնդիրներին կանդրադառնամ հաջորդիվ:

Էդուարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՏՆՏԵՍԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031