Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը դեռ դպրոցի շենքում է

Մարտ 30,2020 12:30

Հարցազրույց դերասան, գրող, բանասիրական գիտությունների թեկնածու, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի
մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի հետ:

– Պարոն Զոհրաբյան, հայտարարված բաց մրցույթում դուք միաձայն ընտրվեցիք մասնաճյուղի տնօրեն: Գաղտնիք չէ, որ ծանր ժառանգություն եք ստացել…

– Չէի ցանկանա, ձեր որակմամբ՝ ծանր ժառանգության համատեքստում մեղադրական խոսքեր հնչեցնել, ավելին՝ գնահատելով այն, ինչ արվել է եւ ի լրումն դրա՝ բուհը պետք է տանենք հաջողության: Մեր մասնաճյուղի շենքը վերանորոգվում է, ժամանակավորապես տեղակայված ենք Վանաձորի թիվ 10 դպրոցում (բուհի շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2019թ. փետրվարից- Ս. Դ.): Առիթից օգտվելով շնորհակալական խոսքեր եմ ուզում ուղղել դպրոցի տնօրենին՝ պարոն Պարանյանին: Թեեւ սպասվում էր, որ այս ուսումնական տարվա սկզբին արդեն մենք նորացված շենքում կլինեինք, սակայն հիմա էլ կորոնավիրուսի պատճառով դադարեցված են շինաշխատանքներն ու ինչպես բոլորը, մեր դասերն էլ ընթանում են օնլայն: Ի դեպ, բուհի շենքում կային խնդիրներ, նախագծում՝ սխալներ, որոնց ժամանակին ուշադրություն չէին դարձրել եւ միայն քաղաքաշինության կոմիտեի վերանայման ու Լոռու մարզպետ պարոն Ղուկասյանի միջամտությամբ դրանք շտկվեցին: Պետք է ասեմ, որ մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը ինձ, եւ ոչ միայն, վրդովվեցրել է շինարարական աշխատանքների դանդաղ ընթացքը: Չեմ ուզում շատ խորանալ, բայց բուհն անգամ չուներ սքանավորման ու պատճենահանման սարքավորումներ, դրանք էլ ձեռք բերեցինք շնորհիվ բուհի ռեկտոր տիկին Արզումանյանի: Չունեինք համապատասխան մասնագետներ մի շարք առարկաների մասով… Իսկ մեծագույն խնդիրն, իհարկե, դասախոսին տրվող չնչին աշխատավարձն է, ինչն անտեսելով, մեր հրաշալի դասախոսական կազմը սիրով աշխատում է:

– Պատկան կառույցներն ընդհանրապես համապատասխան ուշադրություն դարձնո՞ւմ են մարզային մշակութային բուհերի մասնաճյուղերին:

– Ճշմարտությունը հետեւյալն է. եթե ժամանակին համապատասխան ուշադրություն լիներ, կոնկրետ՝ մեր բուհը, բազմաթիվ խնդիրներ չէր ունենա: Ես հարց եմ բարձրացրել, որ անհրաժեշտ է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինեն մարզային բուհերը: Տեսեք՝ կոնկրետ մեր մասնաճյուղը Լոռու մարզի համար կրթամշակութային համատեքստում ունի իսկապես ռազմավարական նշանակություն: Ի վերջո, հենց մեր բուհն է, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ապագա կադրերն է ձեւավորում: Մեր մարզում գործում են «Բոհեմ», տիկնիկային, Ալավերդու քաղաքային թատրոնները, «Հորովել» երգի-պարի անսամբլը: Կադրեր ենք պատրաստում նաեւ տեղական TV-ների, քաղաքապետարանի եւ այլ կառույցների մշակութային օջախների համար:

– Թեեւ կարճ ժամանակ է, ինչ պաշտոնավարում եք, կնշե՞ք ձեր օրոք իրականացրած մեկ-երկու արդյունավետ աշխատանքի մասին:

– Ամենաուրախալին կրթական որակի նկատելի փոփոխությունն է, մյուսը՝ դասախոսական կազմի երիտասարդացումը, մի շարք մասնագետներ էլ հրավիրել ենք Երեւանից: Մեր 17-ամյա բուհի պատմության մեջ առաջին անգամ գրանցվել են մասնագետներ, որոնք ունեն նեղ մասնագիտացում, օրինակ՝ բնանկարիչ, որը դասավանդում է «Աշխատանք նկարչի հետ» առարկան եւ այլն:

– Նշեցիք, որ դասախոսներ եք հրավիրել Երեւանից, ո՞վ է ապահովում նրանց տեղաշարժի ու կեցության ծախսերը:

– Չեմ թաքցնի. Երեւանից հրավիրված մասնագետների գալ-գնալու եւ մի շարք այլ խնդիրներ լուծում եմ անձնապես: Այսքանը:

– Անդրադառնանք մեր բուհական բարեփոխումներին…

– Մինչ համաճարակի բռնկումը մեր դասախոսները մասնակցել են հանրապետական եւ միջազգային գիտաժողովների, օրինակ՝ «Արտասահմանյան գրականության պատմություն» առարկայի երիտասարդ դասախոս Կարեն Մանուչարյանը Երեւանում անցկացված միջազգային գիտաժողովում ճանաչվեց «Լավագույն զեկուցող»: Մենք համագործակցում ենք «Լոռի» հեռուստաընկերության հետ, որի արդյունքում իրագործել ենք կարեւոր մի նախագիծ՝ «Օկտավա» վերտառությամբ, որի շրջանակներում Վանաձոր հրավիրեցինք մեր հայտնի արվեստագետներին, այդ թվում՝ ռեժիսոր Ռուբեն Բաբայանին, դերասան-ռեժիսոր Նարինե Գրիգորյանին, բալետի արտիստ, խորեոգրաֆ Ռուբեն Մուրադյանին եւ այլն: Միջբուհական մրցույթում «Թատրոն» անվանակարգում արժանացանք մրցանակի: Առաջին անգամ իրականացրել ենք դասախոսների գնահատման ընթացակարգ, կամընտրական առարկաների հետ կապված էլ որոշ բարեփոխումներ են եղել: Բուհում արդեն ակտիվություն է նկատվում նաեւ «Պարարվեստ» բաժնում, ինչի առթիվ դիմեցինք նախարարություն՝ հավելյալ տեղեր տրամադրելու համար: Չենք մոռանում մեր կրտսեր բարեկամներին. դպրոցներում հաճախ հյուրընկալվում են մեր դասախոսներն ու ուսանողները: Կարճ ասած՝ սկսվել է թիմային աշխատանք: Երեւի կրկնվեմ, բայց չեմ կարող չնշել մեր երիտասարդ դասախոսների ակտիվության փաստը: Նրանք ներկայանում են նոր նախաձեռնություններով եւս. հենց վերջերս բուհն ունեցավ պարային-պլաստիկ ներկայացում: Սա ինչու եմ առանձնացնում, որովհետեւ ներկայացմանը մասնակցություն ունեցան նաեւ բուհի ապագա դիմորդները եւս:

– Վարչական աշխատանքը բացասաբար չի՞ անդրադառնում ձեր ստեղծագործական ակտիվ կյանքի վրա. դուք ե՛ւ թատրոնի բեմում եք, ե՛ւ ֆիլմերում, բեմադրվում են ձեր պիեսները: Անցյալ տարի անդրադարձանք ձեր «Թեթեւ տարեք» պիեսների ժողովածուին, որն արժանացավ Լեւոն Շանթի անվան մրցանակի, էլ չխոսենք հեքիաթագրի ձեր գործունեության մասին…

– Սա այն դեպքն է, երբ գիտակցաբար պետք է գնաս զոհողությունների, հասկանալով, որ կարեւոր աշխատանք ես կատարում եւ դրա արդյունքում երիտասարդը ապագայում պետք է գտնի իր տեղը, դառնա իր գործի վարպետը եւ այլն:

Զրուցեց
Սամվե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031