Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջում հանդիպեցինք գրառման, որտեղ շնորհավորում են դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանին՝ միջազգային նոր հաղթանակի կապակցությամբ: Պարզվեց, որ Նիկոսիայում անցկացվել է (w)in the margins միջազգային փառատոնի կարճ պիեսների մրցույթը՝ անգլերեն և հունարեն, որտեղ պետք է ընտրվեր ընդամենը 8 պիես: Եվրոպայում և ԱՄՆ-ում 21-րդ դարում մեծ տարածում ունեն կարճ պիեսները, որոնք գրելը պահանջում է տաղանդ ու թատերագրական հատուկ տեխնիկայի իմացություն՝ սեղմ ծավալում ամբողջական դրամա կառուցելու հմտություն: 180 պիեսներից ընտրվել են անգլերեն գրված ութը, և հուրախություն մեզ՝ հաղթողների մեջ է նաև հայ հեղինակ, Մարկ Տվենի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Էլֆիք Զոհրաբյանը, որի պիեսները բեմադրվում են հայկական պետական թատրոններում:
Վերջին մի քանի տարիներին լսում ենք, որ Հայաստանում թատերական մրցանակաբաշխությունների ժամանակ հայ դրամատուրգները խնդիրներ են ունենում. կա՛մ հանիրավի հանվում է անվանակարգը, կա՛մ արժանի գործը մնում է ստվերում: Այլ պատկեր է Հայաստանի գրողների միության դրամատուրգիական մրցույթներում, որտեղ գրականագետներն ավելի մասնագիտական մոտեցում են ցուցաբերում, և պիեսները գնահատվում են ըստ գեղարվեստական արժանիքների: Միջազգային մրցույթի որոշ մանրամասների ծանոթանալու համար կապվեցինք Էլֆիք Զոհրաբյանի հետ:
Տեղեկացանք, որ մրցույթին մասնակցել են 14 երկրների հեղինակներ՝ Անգլիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Կանադայից, Ավստրալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նոր Զելանդիայից, Իռլանդիայից, Ավստրիայից, Հայաստանից, Շոտլանդիայից, Հունգարիայից և Ադրբեջանից: Նախատեսվում է հաղթող պիեսները բեմադրել 2027-ի ամռանը: Ժյուրիի կազմում են եղել Նյու Յորքում «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացած, The Greenhouse Ensemble թատրոնի գեղարվեստական ղեկավար Հեյզեն Քայլերը (Hazen Cuyler), դերասանուհի, ռեժիսոր Անժելա Կոնստանտինիդուն, Սթոքթոն համալսարանի պրոֆեսոր, գրականագետ Դեյվիդ Ռոսելը և ուրիշներ: Նշենք, որ սա Էլֆիք Զոհրաբյանի 3-րդ միջազգային գրական մրցանակն է, իսկ վերջերս Հայաստանի գրողների միության հայտարարած մրցույթում նրա «Ձուկը ցամաքում» տրագիֆարսն արժանացել է առաջին մրցանակի: Նա իր սերնդակիցների մեջ ամենաշատ բեմադրվող հեղինակներից է՝ իր ինքնատիպ ձեռագրով. թեթևություն, հումոր, հեգնանք, գաղափարական թանձր շերտ, արդիականություն: Է. Զոհրաբյանն ընթերցողին հայտնի է նաև «Բյուրեղապակե մարդը» և վերջերս լույս տեսած «Փետրվարի 30» նորաշունչ հեքիաթների գրքերով,որոնց անդրադարձել է Aravot.am-ը:
Մեր կես լուրջ, կես կատակ հարցին՝ արդյո՞ք համաձայն եք, որ մեր երկրում գրողն ավելի դժվարությամբ է մրցանակ ստանում, քան դրսում, թատերագիրը պատասխանեց. «Մասամբ համաձայն եմ, մասամբ՝ ոչ: Նախ քո երկիրն առաջին փորձաքարն է քեզ համար. այո՛, փշոտ է ճանապարհդ, բայց պետք է կայանաս քո՛ երկրում: Մեկ-երկու տեղ բեմադրվելը դեռ չի նշանակում, թե լիարժեք դրամատուրգ ես. կենսափորձ ու տեխնիկա պետք է ունենալ: Գրական դաշտում պիեսներս գնահատվել են ըստ արժանվույն, թատրոններում բազմաթիվ ռեժիսորներ ու դերասաններ ևս գնահատել են, իսկ թատերական մրցանակաբաշխության զուտ դրամատուրգիական մասը դեռ մնում է կաղոտ՝ օբյեկտիվ-սուբյեկտիվ, երբեմն էլ արտարվեստային պատճառներով: Լավ գրականագետը կարողանում է որսալ ու գնահատել ասենք՝ որևէ գրական հնարանք, նոր մոտեցում, իսկ թատերական մրցանակաբաշխություններում իքսը կարող է լավ դերասանուհի լինել, բայց պիեսից այնքան էլ գլուխ չհանել: Դրամատուրգիան առանձին տիրույթ է. կուզենայի, որ պիես գնահատող հանձնաժողովներում միշտ լինեին նաև գրականագետներ: Սա ոչ ոքի դեմ չէ՝ զուտ մասնագիտական հարց է: Ամենակարևորը՝ ուրախ եմ, որ Հայաստան անունը գրվել է հաղթողների ցանկում. շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնցից ինչ-որ բան սովորել եմ, ու դեռ այնքան բան ունեմ սովորելու…»:
Կարդացեք նաև
Թատերագիրը, որը նաև Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի առաջատար արտիստներից է, նշեց, որ «The Other One» պիեսն ինքը գրել է անգլերեն: Այն կբեմադրվի Նիկոսիայում՝ 2027թ.-ին: «Ամենամեծ վախս այն էր, որ ուրիշ լեզվում չկորչեին պիեսի ենթատեքստը, հեգնանքը, լռությունները: Պարզվեց՝ չեն կորչում…»,- նշեց Էլֆիք Զոհրաբյանը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ


















































