Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը չի կարող պարտավորեցնել մյուս պատասխանողին` իր փոխարեն եւ իր անունից հերքում հրապարակել

Ապրիլ 10,2020 14:00

Օրենսդիրը սահմանել է, որ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, Քաղօրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն`դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը: Այսինքն, դատարանը  պարտավոր է` քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի առկայությամբ եւ քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում: Ի՞նչ է ստացվել լրատվամիջոցների՝ «Առավոտ» եւ «Հրապարակ» օրաթերթերի ներգրավմամբ գործով:

Չորս հայցվորները հրաժարվել են երրորդ անձ`«Առավոտ»-ից, կարճվել է նրանց մասով վարույթը, ապա «Առավոտ»-ը ճանաչվել է պատասխանող: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020թ.  փետրվարի 19-ին գործով կայացրած որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պատասխանող Նորիկ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Վճռաբեկ դատարան դիմելով` Ն. Սարգսյանի ներկայացուցիչը հայտնել էր, որ Ն. Սարգսյանը հնարավորություն չի ունեցել մեկամսյա ժամկետ որոշումը բողոքարկելու համար այն  հրապարակվելուց հետո:

Ն. Սարգսյանը պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոխել Վերաքննիչ դատարանի դատական ակտը, այն է` մերժել Լ. Մեհրաբյանի հայցը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. հուլիսի 21-ի որոշմամբ վարույթ էր ընդունվել հայցվորներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի, պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի, ամբիոնի վարիչ Լյուբա Մեհրաբյանի, պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ նույն բուհի նախկին դասախոս Նորիկ Սարգսյանի, երրորդ անձ «Առավոտ» եւ «Հրապարակ» օրաթերթերի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պատշպանության պահանջի մասին: «Առավոտ»  օրաթերթն իր 15.06.16թ. հերթական համարում բարեխիղճ ձեւով նշել էր վիճարկվող հրապարակման` «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով` բաց նամակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին, հեղինակին` Նորիկ Սարգսյանին, հետեւաբար, «Առավոտ»  օրաթերթը չէր կարող պատասխանատվության ենթարկվել զրպարտություն տարածելու համար:

Գործի քննության ընթացքում հայցվորը միջնորդել էր փոխել հայցի առարկան եւ որպես երրորդ անձ ներգրավված «Առավոտ» եւ «Հրապարակ» օրաթերթերին գործով ներգրավել որպես երկրորդ պատասխանողներ: Երեւան քաղաքի դատարանի 2017թ. ապրիլի 20-ին ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ էր ներգրավվել  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Դատաքննության փուլում` 2019թ. սեպտեմբերի 25-ին հայցվորներ Կորյուն Աթոյանը, Պարույր Քալանթարյանը, Միհրդատ Հարությունյանը եւ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ` «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը դիմում ներկայացրեցին իրենց մասով հայցից հրաժարվելու եւ գործի վարույթը կարճելու մասին: Դատարանը կարճեց նրանց մասով գործի վարույթը:

Միակ հայցվոր Լյուբա Մեհրաբյանի հայցապահանջն ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց, որը վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել, այն է` պարտավորեցնել «Առավոտ-օրաթերթ» ՍՊԸ-ին, հրապարակել հերքում հետեւյալ բովանդակությամբ. «Ես՝ Նորիկ Սարգսյանս, հայտարարում եմ, որ չունեմ որեւէ հիմք հայտնելու, որ Լյուբա Մեհրաբյանը իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ապօրինի վարիչ է եւ լեգիտիմ չէ, չունեմ որեւէ հիմք, որ Լյուբա Մեհրաբյանը իմ նկատմամբ թույլ է տվել ապօրինություններ, իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք եւ կեղծիքներ, չունեմ հիմք նշելու, որ Լ. Մեհրաբյանը կեղծ փաստաթուղթ է կազմել, որը ՀՊՏՀ-ն ուղարկել է դատարան: Չունեմ որեւէ հիմք ասելու, որ Լյուբա Մեհրաբյանն ինձ հայտնել է, որ ՀՊՏՀ-ում տնտեսական պատմությունը դասավանդվում է գրագողության արդյունք հանդիսացող ձեռնարկներով»:

Նորիկ Սարգսյանը Վճռաբեկ դատարանին հայտնել է, որ վերաքննիչ դատարանի առջեւ բարձրացրել էր հարց այն մասին, որ գործով հայցվոր Լյուբա Մեհրաբյանը չի ներկայացրել գործով պատասխանող Նորիկ Սարգսյանի դեմ ենթադրյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները  հերքելու պահանջ եւ նշել, որ նման պարագայում  դատարանը չի կարող պարտավորեցնել մյուս պատասխանողին իր փոխարեն  եւ իր անունից հերքում հրապարակել այն պարագայում, երբ պատասխանող «Առավոտ»  օրաթերթը հոդված տպագրելուց նշել էր հոդվածի հեղինակ Նորիկ Սարգսյանի անունը:

Ըստ բողոքաբեր կողմի,  գործի քննության նախապատրաստական փուլում հայցվորների ներկայացուցիչ Ա.Ղազարյանը դատարանին է ներկայացրել նաեւ մի փաստաթուղթ, որով ներկայացրել է հայցի առարկան՝ համակարգված ձեւով եւ կիրառելի իրավունքը: Այդ փաստաթղթում վերջինս  առանձնացրել է յուրաքանչյուր հայցվորի պահանջը: Մասնավորապես, Լյուբա Մեհրաբյանի մասով պահանջը հետեւյալն էր. «Լյուբա Մեհրաբյանի մասով պարտավորեցնել «Առավոտ-օրաթերթ» ՍՊԸ-ին հրապարակել հերքում հետեւյալ բովանդակությամբ՝ ես՝ Նորիկ Սարգսյանս, հայտարարում եմ, որ որ չունեմ որեւէ հիմք հայտնելու, որ Լյուբա Մեհրաբյանը իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ապօրինի վարիչ է եւ լեգիտիմ չէ, չունեմ որեւէ հիմք, որ Լյուբա Մեհրաբյանն իմ նկատմամբ թույլ է տվել ապօրինություններ, իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք եւ կեղծիքներ, չունեմ հիմք նշելու, որ Լ. Մեհրաբյանը կեղծ փաստաթուղթ է կազմել, որը ՀՊՏՀ-ն ուղարկել է դատարան: Չունեմ որեւէ հիմք ասելու, որ Լյուբա Մեհրաբյանն ինձ հայտնել է, որ ՀՊՏՀ-ում տնտեսական պատմությունը դասավանդվում է գրագողության արդյունք հանդիսացող ձեռնարկներով: Լյուբա Մեհրաբյանին զրպարտելու համար պատասխանող Նորիկ Սարգսյանից հօգուտ Լյուբա Մեհրաբյանի՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով գումար»:

Բողոքաբերը հղում էր կատարել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասին, համաձայն որի` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաեւ այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):   Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի եւ 8-րդ մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձեւը եւ պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Ն. Սարգսյանի ներկայացուցիչը նշում է. «Հոդվածի տվյալ դրույթի հասցեատերը  հանդիսանում է զրպարտություն կատարած անձը` տվյալ դեպքում հեղինակը, եւ ոչ թե այն լրատվամիջոցը, որի միջոցով տարածվել է նյութը: Հատկանշական է ընդգծել, որ տվյալ անձի  դեմ կարող է ներկայացվել միայն 2 պահանջ կամ դրանցից որեւէ մեկը: Հակառակ պարագայում կարող է արձանագրվել Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության իրավունքի խախտում՝ արտահայտվելու սահմանափակումն օրենքով նախատեսված չլինելու հանգամանքով պայմանավորված: Տվյալ դեպքում դատարանը խախտել  կամ սխալ է կիրառել մինչեւ 09.02.2018թ. փոփոխությունները գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, 87-րդ հոդվածի 1-ին մասը, ինչը հանգեցրել է դատական ակտի սխալ լուծման: Դատարանը չի կիրառել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասը, սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին եւ  8-րդ մասերը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման»:

Բողոքաբերի ներկայացմամբ, վերաքննիչ դատարանը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ նամակագրի` ազատ արտահայտվելու իրավունքի նկատմամբ կիրառված սահմանափակումը սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ: Սույն գործով Լյուբա Մեհրաբյանի կողմից Ն. Սարգսյանի  դեմ վերջինիս ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակմանն ուղղված հնարավոր պահանջներից նկայացվել է օրենքով նախատեսված 2 հնարավոր տարբերակներից մեկը, որից վերջինս հրաժարվել է դատական գործի քննության ընթացքում: Ինչ վերաբերում է  Լ. Մեհրաբյանի կողմից պատասխանող օրաթերթի դեմ ներկայացված պահանջին, ապա բողոքաբերի կարծիքով՝ «Առավոտ»-ին դատարանը չէր կարող պարտավորեցնել հրապարակել հերքում Ն. Սարգսյանի անունից` առանց Ն. Սարգսյանին պարտավորեցնելու հերքելու ենթադրյալ զրպարտություն համարվող հրապարակված փաստացի տվյալները, քանզի օրենսդրությամբ նման հնարավորություն չկա նախատեսված: Առաջին ատյանի դատարանի եւ  հետագայում վերաքննիչ դատարանի կողմից սահմանափակվել է, առանց օրենքով նախատեսված լինելու խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքը:

Դ. Սարգսյանը նշել էր. «Իսկ եթե ընդունենք, որ Լ.Մեհրաբյանի՝ «պարտավորեցնել «Առավոտ» օրաթերթին հրապարակել հերքում»  պահանջը դատարանը վերագրել է նաեւ Ն. Սարգսյանին, ապա կարելի է փաստել, որ դատարանը դուրս է եկել ներկայացված հայցապահանջի շրջանակներից, ինչի արդյունքում խախտել է Ն. Սարգսյանի՝ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, քանզի հայցի առարկայի շրջանակներից դուրս գալու լիազորություն դատարանը չուներ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930