Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ձեւավորել բժշկին վստահելու մշակույթ, որպեսզի չվերադառնանք հեքիմաբուժությանը»

Ապրիլ 17,2020 13:30

Հարցազրույց մանկաբույժ, ֆիզիոթերապեւտ, «Դոկտոր Լազեր» լազերային բժշկության կլինիկայի տնօրեն, ԵՊԲՀ Բժշկական ռեաբիլիտալոգիայի եւ ֆիզիոթերապիայի ամբիոնի դասախոս Արմեն Աբրահամյանի հետ:

Կորոնավիրուսին վերաբերող խոսքը հանրության մեջ, բնականաբար, տարբեր ընկալում եւ ուղղվածություն ունի: Գիտության մեջ, օրինակ, ամրագրված է, որ կորոնավիրուսը նոր վիրուս չէ, այլ ուղղակի մոդիֆիկացվել է՝ առաջացնելով նոր ենթատեսակ։ Նման փոփոխություններ բնորոշ են բոլոր վիրուսներին։ Կենսաբանության դասագրքում կորոնավիրուսը մտնում է վիրուսների դասակարգման մեջ։ Բժշկությունն, իր հերթին, հաշվի առնելով գիտության բանաձեւումները, կարեւորում է նաեւ որոշակի մշակույթի գործոնը: Արդյոք այդ մշակույթը պետք է կիրառել միայն արտակարգ դրության պայմաններո՞ւմ, թե՞ դա պետք է լինի մարդու բնական վարքագիծը: Օրինակ՝ օրերս ռուսաստանյան ORT հեռուստաալիքով «Ժամանակը ցույց կտա» թոք-շոուի ժամանակ կրկին քննարկում էին՝ ճիշտ է դիմակ կրելը, թե ոչ:

– Ինչպե՞ս կարող է նման պայմաններում մայրը ապահովել իր եւ իր երեխաների խնամքը:

– Ցանկացած անհատի մոտ, եթե կա ձեւավորված մշակույթ՝ հետեւել իրեն եւ երեխաներին, դա կկատարվի անկախ ամեն պայմաններից։ Անձնական մշակույթը ծնողի մոտ ձեւավորվել է իր ծնողից, հետեւաբար այս երեխաների մոտ կձեւավորվի այն մշակույթը, ինչ կա իր ծնողների մոտ։ Երեխաների մոտ շատ արագ են ձեւավորվում սովորույթները, ուստի, եթե երեխան սովորի ձեռքերը լվանալ ինչ-որ բանի ձեռք տալուց հետո կամ տուն մտնելուց հետո, դա կդառնա սովորույթ։ Հետեւաբար պարտադիր չէ մտցնել արտակարգ դրություն, որպեսզի երեխան լվանա ձեռքերը։

– Դիմակ կրե՞լ, թե՞ չկրել:

– Տարբեր մասնագետներ ունեն իրենց տեսակետը, սակայն գոյություն ունեն սանիտարահիգիենիկ նորմեր դիմակ կրելու վերաբերյալ։ Սա, եթե կուզեք իմանալ, մշակույթ է, որին պետք է տիրապետել: Դիմակ պետք է կրի հիվանդը՝ համապատասխան ստանդարտների դիմակ։ Անիմաստ է դիմակ կրել դրսում, ինչին շատ հաճախ հանդիպում ենք վերջերս։ Դիմակ անհրաժեշտ է կրել փակ տարածքներում, երբ կան մարդկանց կուտակումներ։

– Մնացինք տանը բավական երկար…

– Փակ տարածքները նպաստում են վարակի չտարածմանը, մյուս կողմից՝ իմունիտետի ընկճմանը։ Օրգանիզմը կենսական պահանջ ունի ուղիղ արեւի լույսի ազդեցության, որի ժամանակ առաջանում են մի շարք ֆոտոկենսաբանական փոփոխություններ՝ սկսած հորմոնալ ֆերմենտատիվ փոփոխություններից, մինչեւ հոգեէմոցիոնալ ստատուսի բարձրացում։ Հետեւաբար երկար զրկված լինելով այս կենսական պահանջներից, օրգանիզմի իմունային համակարգն անկում է ապրում։ Այս պարագայում բժիշկները խնդիր ունեն միջոցներ ձեռք առնել իմունային համակարգը ակտիվացնելու համար։ Այս նպատակին կարող են ծառայել ինչպես դեղորայքային, այնպես էլ ֆիզիոթերապեւտիկ մեթոդները։

– Ակադեմիական բժշկությո՞ւն, թե՞ հեքիմաբուժություն…

– Իհարկե՝ ոչ հեքիմաբուժություն։ Դասական բժշկության մեզ հասած դարավոր փորձը, գիտական եւ տեխնիկական բազան, թույլ են տալիս ունենալ ապացուցողական բժշկություն, ինչին ձգտում է ներկայիս քաղաքակիրթ աշխարհը, ինչը թույլ չի տա մեզ վերադառնալ հեքիմաբուժությանը։ Առավել եւս ներկայիս ստեղծված իրավիճակում պետք է ձեւավորել բժշկին վստահելու մշակույթ, որպեսզի չվերադառնանք հեքիմաբուժությանը։

– Կորոնավիրուս, H1N1, SARS…

– Եվ կորոնավիրուսը, եւ H1N1-ը, SARS-ը վիրուսներ են, տարբեր տեսակի, եւ մեր օրգանիզմը ոչ մի նոր վիրուսի հանդեպ իմունիտետ չունի: H1N1-ի ժամանակ մենք ունեցել ենք ավելի շատ վարակվածներ եւ մահացու դեպքեր։ Ներկայիս իրավիճակը, իմ կարծիքով, ավելի շատ ինֆորմացիոն էպիդեմիա է, որին նպաստում են շատ արագ զարգացած համացանցային կոմունիկացիաները։

– Բժշկություն, նոր աշխարհ… Նոր մշակո՞ւյթ է ձեւավորվում:

– Միանշանակ համաձայն եմ… Նոր աշխարհ կլինի եւ տնտեսության մեջ, եւ բժշկության մեջ, եւ իհարկե, կձեւավորվի նոր մշակույթ՝ գոնե անձնական հիգիենայի բնագավառում։

– Ձեր ղեկավարած կազմակերպությունը ինչո՞վ կարող է օգտակար լինել ազգաբնակչությանը:

– 15 տարի շարունակ մենք զբաղվում ենք ֆիզիոթերապիայի ուղղություններից մեկով՝ լուսաբուժությամբ։ Համաշխարհային բժշկության գրեթե բոլոր բնագավառներում լայնորեն կիրառվում են լույսի դեղին, կարմիր, կանաչ, ուլտրամանուշակագույն սպեկտրները:

– Ե՞վ: Ի՞նչ կարող է անել լազերային բժշկությունը: Ի՞նչ հնարավորություններ ունի:

– Թեեւ որպես գիտություն բժշկության այս ճյուղն ունի մոտ 70 տարվա պատմություն, բայց լույսի դրական ազդեցությունը օրգանիզմի վրա հայտնաբերվել է դեռ հարյուր տարի առաջ: Լազերային լույսի սպեկտրները օգտագործվում են թե ախտորոշման, թե բուժման նպատակով: Դեստրուկտիվ լազերները կիրառվում են վիրաբուժության մեջ` կտրվածքներ անելու նպատակով, կոսմետոլոգիայում, որպես մազահեռացման մեթոդ։ Առհասարակ չկա բժշկության այնպիսի բնագավառ, որտեղ դրական ազդեցություն չունենա լազերային լույսը, իհարկե՝ պայմանավորված տվյալ հիվանդության ցուցումներով:

– Ի՞նչ կիրառություն ունի լազերային բժշկությունը Հայաստանում:

– Մեզ մոտ առավելապես կիրառվում է կարմիր եւ ինֆրակարմիր սպեկտրը: Այն ցուցված է բոլոր հիվանդություններին` բացառությամբ արյան հիվանդությունների, սուր ինֆարկտի, հեմոռագիկ ինսուլտի եւ նորագոյացությունների (այս դեպքում կիրառվում է դեղին սպեկտրը): Մնացած բոլոր պարագաներում (գինեկոլոգիայում, սեքսապաթոլոգիայում, ստոմատոլոգիայում, հետվիրաբուժական վերականգնողական շրջանում եւ այլն) հաջողությամբ կիրառվում է կարմիր եւ ինֆրակարմիր լույսը: Միջազգային տվյալներով՝ լազերային բժշկությունն ունի 98-99% արդյունք. մեր արդյունքները գրեթե չեն զիջում այդ տվյալներին:

– Անբուժելի համարվող հիվանդությունների դեպքում լազերային բժշկությունը ի զորո՞ւ է որեւէ բան փոխել:

– Ստույգ տվյալներ կան` կապված շաքարային դիաբետի եւ պսորիազի հետ: Նախ` գործ ունենք դիաբետի չորս-հինգ եւ պսորիազի մոտավորապես տասներկու տեսակի հետ: Իհարկե, կախված հիվանդության տեսակից եւ հիվանդի անհատականությունից` ստացվում են տարբեր արդյունքներ, բայց ակնհայտ է, որ լազերային թերապիան կարողանում է զգալիորեն թեթեւացնել հիվանդի վիճակը եւ դանդաղեցնել ընթացքն այնպես, որ որոշակի ժամանակահատվածում մարդը չզգա իր հիվանդության առկայությունը: Լուսավոր շրջանի տեւողությունը կախված է հիվանդության ագրեսիվությունից, տեսակից եւ, իհարկե, հիվանդի օրգանիզմից: Որոշ դեպքերում լազերային բժշկության մեթոդների կիրառումը հնարավորություն է տալիս խուսափել վիրահատությունից: Ասենք` երեխան ունի սուր տոնզիլիտ (նշագեղձի բորբոքում), եւ ծնողը ցանկանում է հետաձգել վիրահատությունը. լազերային կուրսի միջոցով հնարավոր է լինում երկարաձգել հիվանդության զարգացման ընթացքն այնքան, մինչեւ օրգանիզմը սկսում է պայքարել ինքն իր հիվանդության դեմ եւ հաճախ վերանում է վիրահատության անհրաժեշտությունը:

– Որքա՞ն է լազերային կուրսի տեւողությունը:

– Նախ` դասական լազերաթերապիան կիրառվում է որպես կանխարգելիչ միջոց: Միջազգային վիճակագրությամբ այն մարդիկ, ովքեր մինչեւ հիսուն տարեկանը տարին երկու անգամ անցել են լազերային բժշկության կուրս, վաթսուն տոկոսով ավելի քիչ են տանում սրտամկանի ինֆարկտ եւ ինսուլտ: Միջին կուրսի տեւողությունը յոթից տասը օր է, բայց եթե գործ ունենք ոչ թե կանխարգելման, այլ արդեն հիվանդության հետ, կախված հիվանդության ծանրությունից եւ վաղեմությունից, կուրսը կարող է կրկնվել, ասենք` նույն դիաբետի եւ պսորիազի դեպքում: Բրոնխոթոքային պաթոլոգիաների, սուր եւ խրոնիկ ինֆեկցիաների դեպքում չկա կուրսը կրկնելու անհրաժեշտություն, ստոմատոլոգիայում հաճախ բավական է լինում երեք օրը:

– Ի՞նչ մեթոդներով է լույսը հասնում օրգանիզմին:

– Ներերակային, ակուպունկտուրային, ներխոռոչային եւ տեղային մեթոդներով. նայած` ինչ հիվանդության հետ գործ ունենք: Անոթների լայնացման կանխարգելման եւ նյարդային հիվանդությունների դեպքում, օրինակ, բուժումը կարող է կատարվել թե տեղային, թե ներերակային մեթոդով: Արդյունավետ է բուժումը նաեւ հիպերտոնիկ հիվանդության դեպքում, որովհետեւ լազերային լույսի ազդեցության բիոմեխանիզմը պայմանավորված է հենց անոթային փոփոխությունների, արյան հոսքի հետ:

– Լազերային սպեկտր ասվածը չի՞ նույնանում ճառագայթի եւ ճառագայթման հետ:

– Ժողովուրդը երբեմն փորձում է նույնացնել եւ դա շատերի մոտ վախ է առաջացնում: Իրականում լազերային ինտենսիվ լույսը ոչ մի առնչություն չունի ճառագայթման հետ:

– Ի՞նչ հեռանկար ունի լազերային բժշկությունը Հայաստանում:

– Կան ֆիզիոթերապեւտներ, այլ մասնագետներ, որոնք որոշակիորեն կիրառում են բժշկության այս ճյուղը իրենց պրակտիկայում: Առավել համակարգված, կենտրոնացված, բազմակողմանի կիրառում իրականացնում է «Դոկտոր Լազեր» լազերային թերապիայի կենտրոնը, որը խնդիր ունի զբաղվելու ոչ միայն պրակտիկ բժշկությամբ, այլեւ գիտական բարձր մակարդակով աշխարհին ներկայացնելու լազերային բժշկության հայկական ճյուղը:

– Արտասահմանյան երկրների հետ կա՞ համագործակցություն:

– Կա: Ցավոք, Անդրկովկասի տարածքում լազերոլոգիան ուշացել է միայն Հայաստանում: Այս ասպարեզում հարեւան հանրապետությունները առաջ են անցել: Բայց ստեղծված կապերի եւ համագործակցության շնորհիվ հաստատ կկարողանանք լրացնել բացը: Սերտորեն համագործակցում ենք Մոսկվայի եւ Պետերբուրգի խոշոր ինստիտուտների հետ. ընդհանրապես, լազերային բժշկության մեր դպրոցը ռուսական դպրոցի շարունակողն է: Համագործակցություն կա նաեւ Ուզբեկստանի լազերոլոգիայի ակադեմիայի եւ Հարավային Կորեայի Սեուլի Սոգանգի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի, Իսրայելի առաջատար մասնագետների հետ։ Վերջերս կապ ենք հաստատել մեր հայրենակցի հետ, որը աշխատում է Ֆինլանդիայում եւ ուրախ է, որ Հայաստանը վերջապես քայլեր է անում միջազգային լազերոլոգիայի ասպարեզում:

Համագործակցությունը ոչ միայն գիտական, այլեւ գործնական բնույթ ունի. կարողանում ենք ինտերնետի միջոցով ուղիղ կապ հաստատել միմյանց հետ, հրավիրել խորհրդակցություն եւ քննելով հիվանդին` գալ ընդհանուր եզրահանգման, տալ համապատասխան խորհուրդներ:

– Ո՞ր հիվանդությունները դեռ պետք է հաղթահարի լազերային բժշկությունը:

– Ամբողջ աշխարհում փորձեր են կատարվում ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ուղղությամբ. մենք նույնպես որոնումների մեջ ենք, ի վերջո լազերաթերապիան կոչված է նաեւ օրգանիզմի իմունային համակարգը ակտիվացնելուն եւ, կարծում եմ, դրական արդյունքներ կունենանք նաեւ այստեղ: Չենք կարող բավարարվել դիաբետի` արդեն ունեցած արդյունքներով, պատրաստ ենք աշխատել պարբերական հիվանդության եւ առհասարակ բոլոր այն հիվանդությունների ուղղությամբ, որոնց հակացուցված չէ լազերը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930