Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է պատճառը, որ մեր հեռուստաընկերությունները փող են ծախսում ու հնդիկներից են կինո գնում, բայց մերոնց պատվեր չեն տալիս կինո նկարելու

Ապրիլ 23,2020 22:45

Ինքնամեկուսացման այս օրերին ոչ միայն տնային տնտեսուհիները, այլ տան մյուս անդամներն էլ ստիպված «սնվում են» հայկական եթերից մատուցվող սերիալներով: Aravot.am-ը ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին հարցրեց՝ ի՞նչ կարծիք ունի հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող հայկական սերիալների մասին:

Նա պատասխանեց. «Մասնավոր են հեռուստաընկերությունները, չկա վերահսկողություն լեզվի, բարոյականության վիճակի… եղած օրենքների սահմաններում անում են այն, ինչ անում են: Կա՛մ պետք է ռիսկ վերցնել ու բավականին չափանիշներ դնել, որպեսզի հայոց լեզուն չայլանդակվի, որը շատ ամոթ է, որովհետեւ հեռուստաընկերությունը ինչպես ինֆորմացիոն, այնպես էլ դաստիարակչական լուրջ կենտրոն է, բայց նրանց այդ իրավունքները տված են ու նրանք էլ փող վաստակելու համար կարող են ամեն ինչ անել՝ մարդկանց գրավելու համար»:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մեր հեռուստաընկերությունները փող են ծախսում ու հնդիկներից են կինո գնում, բայց մերոնց պատվեր չեն տալիս կինո նկարելու՝ Հարություն Խաչատրյանը պատասխանեց. «Շատ էժան են այդ կինոները: Բացի այդ, մարդկանց, որոնք չունեն հետաքրքրություն մտածելու, բարդ ֆիլմերը շատ դժվար է նայելը: Բարդ ֆիլմերը ցավոտ է նայելը, շատ էներգիա է պահանջում, որպեսզի քո ուղեղն աշխատի: Հոգնած մարդը, հոգնած բանվորը, հոգնած գյուղացին, որն ուզում է այդ օրը մոռանալ իր դարդերն ու ցավերը, չի ուզի լուրջ հոգեբանական, խորը փիլիսոփայական ֆիլմեր դիտել: Ինչ խոսք, կարելի է ոսկե միջինին գալ դրանցից, իսկ ոսկե միջինի համար պետք են օրենքներ եւ կամք ու խիստ կարգապահություն»:

Հարցին՝ մի առիթով ասել եք, որ հայկական կինոն կարծես թուղթ ու գիր արված լինի, իրեն չի գտնում, հիմա՞ էլ ե այդ կարծիքին, Հարություն Խաչատրյանը պատասխանեց. «Հայկական կինոն մեծ պրոբլեմ ունի, որովհետեւ չունի դիստրիբյուցիա՝ տեղաբաշխում, չունի կինոթատրոններ, չունի մարդիկ, որոնք պրոպագանդեն ու  դուրս հանեն ու ամեն անգամ, երբ նույնիսկ փորձում են կես քայլ անել շուկաներին մասնակցելու համար, իրար հանդեպ այստեղ դաժան վերաբերմունքը, խանդը, նախանձը, իրար չընդունելը շատ է դժվարացնում: Փոքր ազգերի մեջ, գիտեք, բոլորը երբ իրար ճանաչում են, կարծում են իրենք արժանի են, մյուսներն արժանի չեն: Դա էլ է հասկանալի, պետք է  անցնել առաջ:

Կինոն շատ փողի հետ է կապված, չես կարող  200-300 դոլարով նկարներ անես ու հանճարեղ մի գործ նկարես այդ օրը, գումար է պետք է մթնոլորտ, պետք է հավատ, վստահություն եւ պետք են մեխանիզմներ, որպեսզի այդ ֆիլմերը կարողանան դրսերում ցուցադրել: «Ոսկե ծիրանը» շատ էր օգնում ինչի՞ համար, մարդիկ գալիս էին աշխարհի տարբեր ծայրերից, նայում էին հայկական ֆիլմերը ու հայկական ֆիլմերը հրավիրում էին տարբեր փառատոներ: Այդ մեխանիզմների մասին պետք է մտածել, իսկ դրա համար պետք է երկիրդ կուշտ լինի, ժողովուրդդ պետք է կուշտ լինի, վտանգներից հեռու լինես, պատերազմի ահը չլինի, որ կարողանաս մտածես արվեստը տարածելու մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930