Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում. Արսեն Թորոսյան

Մայիս 19,2020 15:06

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ իր էջում դիմելով քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողներին՝ մասնավորապես գրում է. 

«Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է:

Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից:

Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։ Խնդրում և կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել դրանց:

ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե’ մեթոդական հարցերի, թե’ կոնկրետ պացիենտների վերաբերյալ: Զանգերի կենտրոնի վերաբերյալ մանրամասները ձեզ կփոխանցվի աշխատանքային կարգով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031