Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցությանը դատի տվին, չեկան դատարան

Հուլիս 03,2020 13:30

Տասնամյակներ շարունակ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ջրերը մի առվով չեն հոսում:

1990 թվականից հետո, երբ կոմունիստական կուսակցության քաղաքական վերնախավը «գաղթականի» ցուպն առած հեռացավ իր միլիոնավոր կուսակիցների անդամավճարներով կառուցված շքեղագույն վարչական շենքերից, այդ օրվանից կոմկուսը, ինչպես եւ շատ կուսակցություններ, կազմակերպություններ, իրենց գործունեությունը շարունակելու համար սկսեցին վարձակալել բնակարաններ, գրասենյակներ, նկուղներ, ավտոտնակներ:

Կոմկուսի դեմ պետգույքը դատական գործընթաց սկսեց, երբ կազմակերպությունը վարձակալել էր Փ. Բուզանդի 1/3 հասցեի շենքի 5-րդ հարկում գտնվող 144 քմ մակերեսը, սկսել էր վճարել սպասարկման համար պայմանագրով նախատեսված վարձը:

Ապա, դատական գործընթաց սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը զբաղեցրեց «Պրավդա Արմենիի» եւ «Հայաստանի կոմունիստ» թերթի խմբագրությունները` Երեւան քաղաքի Արշակունյանց 2ա հասցեի շենքի 12-րդ հարկից համապատասխանաբար 16,8քմ եւ 16,5քմ ընդհանուր մակերեսով տարածքները։

«Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության միջեւ դեռեւս 2009թ. նոյեմբերի 1-ին կնքվել է օբյեկտի սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր։

Համաձայն այդ ժամանակվա պայմանագրի, հայցվորը` կատարողը, ապահովում էր տարածքի սպասարկումն ու շահագործումը: Կոմկուսը տասնմեկ տարի առաջ  Արշակունյանց 2 ա հասցեում` Մամուլի շենքում իր կողմից զբաղեցված 16,8քմ եւ 16,5քմ ընդհանուր մակերեսով տարածքների սպասարկման յուրաքանչյուր 1քմ-ի համար վճարում էր ամսական 250 դրամ, որն ընդհանուր առմամբ յուրաքանչյուր ամսվա համար կազմում է 8325 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։

Հերթական դատերից մեկի ժամանակ, պետգույքը հայտարարեց, թե կուսակցությունն անհիմն պատճառաբանություններով չի կատարել ամենամսյա սպասարկման գումարի վճարման պարտականությունը, եւ փորձեց վտարել:

Կոմկուսը մի դատական գործընթաց էլ ավարտեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, այս տարվա մայիսի 27-ին:

«Առավոտ»-ը տեղեկացրել էր, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (նախագահությամբ դատավոր Ն.Հովսեփյան), ընդդեմ Հայաստանի Կոմունիստական կուսակցության գումարի բռնագանձման, պայմանագիրը լուծելու եւ վտարման պահանջի մասին:

«Առավոտին» կոմկուսի ներկայացուցիչ, իրավապաշտպան Աշոտ Համբարձումյանն ասել էր, թե դատարան են ներկայացրել Հայաստանի կոմունիստների անդամավճարներով կառուցված պետական բոլոր շենքերը, շինությունների ցանկը, եւ հարկ եղած դեպքում կպահանջեն անգամ Սահմանադրական դատարանի շենքն իրենց վերադարձնել. «Ցանկը մոտ 280 հատ է, որից մեկը ՍԴ շենքն է, Երիտասարդության պալատը, որն արդեն քանդել են: Կներկայացնեմ գույքի ծագման հիմքը»:

Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչը դիմել է դատարան ընդդեմ Հայաստանի Կոմունիստական կուսակցության՝ գումարի բռնագանձման, պահանջով:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հունիսի18-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ եւ հայցվորի ներկայացուցչի միջնորդությամբ, որպես հայցի ապահովման միջոց՝ դատարանի նույն օրվա  որոշմամբ, հայցագնի չափով արգելանք էր դրվել Հայաստանի կոմունիստական կուսակցությանը պատկանող գույքի վրա:

Հայցվորի ներկայացուցչի կողմից 2019թ. մայիսի 27-ին ներկայացվել է հայցադիմումի լրացում՝ գումարի բռնագանձման, պայմանագիրը լուծելու եւ վտարման պահանջով, որը դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Հայցվոր Պետգույքի կառավարման կոմիտեն այլեւս դատարան չէր ներկայացել, գործում չկար միջնորդություն իր բացակայությամբ գործը լսելու վերաբերյալ:

Պատասխանողի ներկայացուցիչ Աշոտ Համբարձումյանն էլ միջնորդել էր հայցը թողնել առանց քննության։

Ըստ մայիսյան որոշման՝ «Դատարանը, լսելով պատասխանողի ներկայացուցչին, ուսումնասիրելով քաղ. գործի նյութերն, արձանագրում է, որ հայցվորի կողմից երկու հաջորդական դատական նիստերին անընդմեջ չներկայանալու, գործն իր բացակայությամբ լուծելու, գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդության բացակայության, պատասխանողի ներկայացուցչի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին ներկայացրած միջնորդության առկայության պատճառաբանությամբ, ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 180-181 հոդվածների պահանջներով, թիվ ԵԴ/11217/02/18 քաղ. գործով հայցը պետք է թողնել առանց քննության:

ՀՀ քաղ. դատ. օր.-ի 181 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում, որով լուծվում են նաեւ դատավարության մասնակիցների միջեւ դատական ծախսերի բաշխման եւ հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը»:

Դատարանը որոշմամբ վերացրել է կիրառված հայցի ապահովման միջոցը:

Երեկ տեղեկացանք, որ հունիսի 25-ին բողոքը մակագրվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին` Կարեն Համբարձումյանին, Մարգարիտա Հարթենյանին, Նաիրա Մարգարյանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031