«Ես վստահ կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք այն նույն իրավիճակում, ինչ 2018-ի ապրիլի 21-ին էր, երբ Հանրապետության հրապարակի հարյուր հազարավոր քաղաքացիներ սպասում էին ՀՀ նախագահին, և նրա քայլը՝ Հանրապետության հրապարակ գալը, էապես լիցքաթափեց և հանգուցալուծեց հեղափոխության ընթացքն ու վճռեց հեղափոխության հաղթանակը»,- ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հնչեցված կոչից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը:
Ըստ պատգամավորի՝ այս ճակատագրական պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ունի իր պասիվ դերակատարությունը, որը չափազանց լուրջ կասկածների առիթ է տալիս, որ սա քաղաքական նպատակադրում է ՀՀ նախագահի կողմից: Նրա ակտիվ դերակատարումն այս հարցում ուղղակի պատասխան վերաբերմունքը կլինի նրա սահմանադրական առաքելության իրագործման նկատմամբ և հարցեր չի առաջացնի:
Նա կոչ արեց, որ ՀՀ նախագահը անմիջապես ձեռնամուխ լինի այս գործընթացի ազդարարմանը, քանի որ Հանրապետության հրապարակում ՀՀ քաղաքացիներն այս պահին էլ սպասում են ՀՀ նախագահի այս քայլին, որ էապես կարողանանք լիցքաթափել ներքաղաքական լարված իրավիճակը:
Ըստ նրա՝ կասկածներ կան նախագահի քաղաքականության հետ կապված, և դրանք փարատելու ամենաարդյունավետ միջոցն այն է, որ ՀՀ նախագահն ակտիվ դերակատարություն ստանձնի, քանի որ Սահմանադրությունը նրան պարտադրում է ակտիվություն հանդես բերել: Լրագրողները խնդրեցին պարզաբանել՝ ի՞նչ կասկածներ կան Արմեն Սարգսյանի հետ կապված, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Կասկածներ կան, որ նա գործում է այն շրջանակներում, որոնք շահագրգռված են Սահմանադրական դատարանի նախկին կազմի պահպանությամբ: Ես չասացի՝ պայմանավորվածություն հաստատ կա, ասում եմ՝ կասկածներ կան, որ ՀՀ նախագահի այս քայլը կարող է քաղաքական հիմքեր ունենալ այդ կասկածները փարատելու համար: Միակ միջոցն արագ ձեռնամուխ լինելն է: Խցանումը եղել է իր կողմից: Եթե որոշել է փաթեթը չուղարկել ՍԴ մինչև 21-օրյա սահմանված ժամկետը, նա կարող է ազդարարել, որ սկսում է գործընթաց ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման համար: Կարող են լինել քննարկումներ, հանդիպումներ, բայց հայտարարությունն ինքնին շատ կարևոր է քաղաքական իրավիճակի լիցքաթափման համար: Այդ քննարկումները կարող են նոր սկիզբ դառնալ այս ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ըստ Ձեզ այս ներքաղաքական լարված իրավիճակն արդյոք չի՞ առաջացել ՍԴ վերջին փոփոխությունների՝ դատավորների թոշակի անցնելու, Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնի դադարեցման պատճառով, Արման Բաբաջանյանն արձագանքեց. «Իրականում դատավորները չեն գնացել թոշակի, այլ երկրում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, ինչի արդյունքում երեք դատավորների և ՍԴ նախագահի լիազորություններ են դադարեցվել: Ըստ էության՝ հենց այդ փոփոխությունների սահմանադրական գործընթացի վերաբերյալ հայտարարությանը զուգահեռ ներքաղաքական այն գործընթացներն են, որոնք ուղեկցվեցին նախագահի հայտարարությամբ, և գործընթացներն էապես մեր համոզմամբ՝ կապ ունեն ՍԴ շուրջ ձևավորված ճգնաժամի հետ, քանի որ այդ քաղաքական շրջանակների նպատակադրումները կախված էին ՍԴ այն կազմի հետ, որն այլևս գոյություն չունի»:
Արման Բաբաջանյանի փաստմամբ՝ ՍԴ-ն կարող է վճռական դերակատարություն ունենալ ցանկացած ընտրական գործընթացի վրա: Այս առիթով նա նկատեց. «Առնվազն 25 տարի տեսել ենք, թե ինչպես է այդ դատարանը նպաստել ռեժիմի վերարտադրմանը, հանցավոր և ապօրինի մթնոլորտում, համատարած կեղծիքների պայմաններում տեղի ունեցած ընտրություններն ինչպես է վավերացրել, չի բացառվում, որ ներքին պայմանավորվածություններ կան, իսկ նման հիմնավոր կասկածներ ունենք, որ այս դատարանը նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի հետ այսօր սերտ առնչություն ունեցող քաղաքական շրջանակների հետ կարող էին ունենալ քաղաքական պայմանավորվածություն և այդպիսով նրանց քաղաքական նպատակների համար ապահովել ՍԴ-ի ճակատը կամ բաստիոնը, խրամատը, որի մասին հայտարարություններով հանդես էին գալիս ՍԴ նախագահը, ինչպես նաև խորհրդականները»:
Լրագրողների հիշեցմանը՝ մտահոգություններ կան, որ այս ՍԴ-ն էլ կարող է այս իշխանության կամակատարը լինել, Արման Բաբաջանյանն այսպես պատասխանեց. «Ուզում եմ հավատալ, որ երեք մարմիններն էլ ամեն ինչ կանեն, որ այդ դատարանի կազմը լինի անաչառ: Իհարկե, մենք չենք կարող հարյուր տոկոս անաչառության մասին խոսել ամբողջ կազմի վերաբերյալ, մանավանդ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը շարունակելու են այնտեղ գտնվել, իսկ ես կասկածներ ունեմ անձամբ երկուսի վերաբերյալ: Մյուսների մասին չեմ կարող ասել, քանի դեռ նրանք չեն առաջադրվել ԱԺ-ում. չենք քննարկել նրանց թեկնածությունը: Բայց հույս ունեմ, որ սա միջանկյալ մի իրավիճակ կստեղծի, որը էապես կփոխի ամբողջ դատարանի նկատմամբ հանրության վերաբերմունքը, դատարանն էլ ամեն բան կանի, որ վերականգնի իր հեղինակությունը հանրության մոտ»:
Լրագրողները հիշեցրին՝ Վահե Գրիգորյանը ամիսներ շարունակ չի մասնակցել ՍԴ նիստերին և ստացել է հարկատուների հաշվին աշխատավարձ, դա ինչպե՞ս կգնահատի, Արման Բաբաջանյանն արձագանքեց. «Վահե Գրիգորյանին հարգում եմ: Ես նրան կողմ եմ քվեարկել, ի տարբերություն այն ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որի մաս եմ կազմել: Ուղղակի կափսոսայի իմ քվեն, եթե Վահե Գրիգորյանն այս մեկ տարում մասնակցեր ՍԴ նիստերին, քանի որ իր մասնակցությամբ ավելորդ լեգիտիմություն կհաղորդեր այս դատարանին: Իսկ այս դատարանը հանցագործների որջ է, որը թե′ նախկինում, թե′ հիմա մինչև օրս զբաղված է եղել հանցագործության պարտակմամբ, և հիմնավոր կասկածներ կան, որ այն օրը, երբ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ էր նախաձեռնում Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, նրանց կայացրած որոշումն ուղղակի պատասխան քայլ էր ԱԺ-ին և մեր նախաձեռնությանը: Ուստի կարծում եմ, որ այդ հիմնավոր կասկածը, որ եղել է ստվերային համաձայնություն Քոչարյանի հետ, նրա փաստաբանական թիմին ձեռնտու որոշում կայացնելու առումով, եղել է նախապես ձեռնարկված ստվերային պայմանավորվածության հետևանք»:
Վահե Գրիգորյանի՝ աշխատավարձ ստանալու և ծառայողական մեքենայից չհրաժարվելու առիթով էլ Արման Բաբաջանյանն ասաց, որ նա հետևողականորեն ի ցույց է դրել իր դիմումներով, նամակներով, հայտարարություններով իր աշխատանքը: Արման Բաբաջանյանը հիշեց անցյալ տարի ԱԺ նախագահին ուղղվեց՝ Վահե Գրիգորյանի հայտնի նամակը, որն ըստ Բաբաջանյանի՝ բացահայտեց ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը և այդ ճգնաժամի հանգուցալուծելու հանապազօրյա խնդիրը օրակարգ բերելու կարևորությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































