Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ. նախագիծը պետք է հետ կանչվի. «Ժառանգություն»

Հուլիս 07,2020 15:11 Share

Ազգային ոգու և լեզվի վրա հիմնված կրթության հրամայականը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս խառնակ ժամանակներում շրջանառության մեջ է դրել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի որոշման հույժ խնդրահարույց նախագիծ, որը հանրության լայն շրջանակներում արդեն դժգոհությունների և պառակտումների տեղիք է տալիս, քանզի այս որոշմամբ նախատեսվելու է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև, զուգահեռաբար խոսվում է մայրենիի և օտար՝ ռուսերեն, անգլերեն լեզուների ժամերի համադրելիության մասին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին չի դասավանդվելու, փոխարենն առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական և հասարակակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում՝ առանց բացատրելու, թե ինչպե՛ս և ի՛նչ ծավալով:

«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգությամբ արձանագրում է, որ հանրակրթության ռազմավարական ծրագրի բացակայության պայմաններում ԿԳՄՍ նախարարության այսպիսի գործելակերպը՝ հատվածական քայլերով վերաձևելու ընդունված առարկայացանկն ու ժամաբաշխումը,  Հայաստանում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման և, ամենակարևորը, մասնագիտական ու քաղաքացիական հանրության առճակատման:

ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի երկրորդ կետում ամրագրված է, որ «հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»: Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ, այլ մեր ազգային ինքնության, մշակույթի մի հզոր բաղադրիչ, մեր ոգու պատմություն իր բոլոր խիզախումներով և անկումներով, ուստի հայոց լեզվի և մեր ազգային ինքնության մշակութային տարբեր բաղադրիչների ուսուցումը և՛ դպրոցներում, և՛ բուհերում պետք է դառնա առանձնահատուկ ուշադրության առարկա: Նշում ենք, որ այս և այլ բոլոր առարկաների ծրագրերի ու դասավանդման ոլորտում առկա են խնդիրներ, բայց այդ խնդիրները չեն կարող հանգուցալուծվել միակողմանի, հապճեպ՝ առանց մասնագիտական հանրության շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքների վերլուծության:

Առանց հանրային լայն քննարկումների նման որոշումների ընդունումը մեզ ավելի կհեռացնի ազգային մրցունակ պետություն զարգացնելու մեծ նպատակից: 21-րդ դարը ազգային կայացած պետությունների մրցակցության ժամանակաշրջանն է, որտեղ հաղթում և դիմակայում են իրենց պատմությամբ ու լեզվով հպարտ, գիտակ պետությունները:

«Ժառանգությունը» համոզված է, որ  այս նախագիծը պետք է նախարարության կողմից հետ կանչվի, և մասնագիտական հանրության հետ ծավալված քննարկումների, համերաշխության, միմյանց կարծիքը հարգելու մթնոլորտում կմշակվեն 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության հանրակրթությանն անհրաժեշտ չափորոշիչներ և ռազմավարություն:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031