Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Կան քաղաքացիներ, որոնց մոտ բավարար հակամարմինների տիտր նույնիսկ վարակվելուց եւ լավանալուց հետո չի առաջանում»

Հուլիս 07,2020 16:24

«Ես հաստատում եմ իմ հայտարարությունը, որ օրգանիզմում հակամարմինների առկայությունը պարզելու թեստավորումը կարող է կրել այնպիսի բնույթ, որ եզրակացություն տա, թե օրինակ` ազգաբնակչության ո՞ր տոկոսի մոտ են առկա հակամարմիններ, բայց դա անձի մակարդակով վարքագիծ փոխելու հիմք չի կարող հանդիսանալ»,-այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե որեւէ քաղաքացու մոտ կան հակամարմիններ, դա դեռ նրան իրավունք չի տալիս, թե մտովի, թե իրավական առումով, չկրել դիմակ, չպահպանել հակահամաճարակային կանոնները, քանի դեռ չկա ապացույց, որ նորից չի վարակվի, եւ չկա ապացույց իր մոտ եղած հակամարմինների առկայության երկարատեւության մասին: Այսօր եղած հակամարմինները, ինչպես շատ հիվանդությունների դեպքում, կարող են ընդամենը մի քանի ամիս լինել բավարար մակարդակի, հետո իջնեն ու վերանան,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ կան քաղաքացիներ, որոնց հետազոտությունները ցույց են տալիս, որ բավարար հակամարմինների տիտր նույնիսկ վարակվելուց եւ լավանալուց հետո չի առաջանում. «Հետեւաբար, հիմնվել նման հետազոտությունների վրա, պետությունը չի կարող մշակել իր քաղաքականությունը, եւ անձն էլ չպետք է վարքագծային փոփոխություն կատարի: Նման հետազոտություն կատարում է մեր գործընկեր ամերիկյան համալսարանը՝ բուժհաստատություններում, որպեսզի պարզեն՝ բուժաշխատողների մոտ հակամարմինների ինչպիսի մակարդակ կա, հետո ազզաբնակչության շրջանում հետազոտություն կլինի, բայց դա չի կարող մեծ ազդեցություն ունենալ մեր քաղաքականության վրա»:

Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը. «60.000 հոգու հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ 5%-ի մոտ կան հակամարմիններ, իսկ կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է 70-90% իմունիտետ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031