Լրահոս
Օրվա լրահոսը

Վիպակը մտածող մարդու մասին է. ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատունը ներկայացրեց Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ»-ի հայերեն թարգմանությունը

Հուլիս 07,2020 17:25 Share

Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Programa Sur» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում ներկայացվեց Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» վիպակի հայերեն թարգմանությունը:

Վիրտուալ այս շնորհանդեսում տեղ են գտել թե՛ թարգմանությունների այս ծրագրի, թե՛ Կորտասարի սույն ստեղծագործության մասին մտորումներ ու մեկնաբանություններ, որը ներկայացնում է Հնդկաստանում գտնվող Ջանտար-Մանտար աստղադիտարանի մասին պատմող լուսանկարչական էսսե:

Ինչպես նշեց Դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը, «Programa Sur» ծրագիրը մեկնարկել է Արգենտինայի կառավարության կողմից  արգենտինացի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության խթանման համար, նրանց օտար լեզուներով հրատարակելու և արտերկրում մեր պատկերացումները, գաղափարներն ու արժեքները տարածելու նպատակով»՝ հավելելով, որ այս ծրագիրը դարձել է ամերիկյան մայրցամաքի թարգմանչական դրամաշնորհային ամենածավալուն ծրագիրը`ներառելով տարեկան միջինը 135 գիրք:

Չիլինգիրեանը շնորհակալություն հայտնեց գրքի հայերեն թարգմանությունն իրականություն դարձնողներին՝ հատկապես գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանին ու «Ակտուալ արվեստ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Մաթևոսյանին:

Գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանն էլ իր հերթին նշեց. «Վիպակն անդրադառնում է օձաձկներին, աստղերին, սուլթան Ջայ Սինգհին, բայց այն իհարկե մտածող մարդու մասին է։ Այն մարդու, որն  ուսումնասիրելով օձաձկների կյանքի ցիկլը, մտորելով աստղագիտության ու փիլիսոփայության հարցերի շուրջ՝ երբեմն մոռանում է այդ ամենը միավորողի՝ ընդհանուր պատկերի մասին»:

Մինչ օրս Programa Sur-ը տրամադրել է 1472 դրամաշնորհ 46 լեզուներով թարգմանված աշխատանքների համար, որոնց հրատարակումը ներառում է հինգ մայրցամաքների 51 երկիր և որի համար հատկացվել է ավելի քան 4.000.000  ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ ավելի քան 420 արգենտինացի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության համար:

2010 թվականից ի վեր Հայաստանում թարգմանվել է 14 ստեղծագործություն, որոնց շարքում են այնպիսի հայտնի գրողների ստեղծագործություններ, ինչպիսիք են Անա Մարիա Շուան, Ռոբերտո Արլտը, Ադոլֆո Բիոյ Կասարեսը,  Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը և այլք:

Հայաստանում Արգենտինայի Դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031