Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Շահվերդյանը՝ ընդդիմության մասին. «Դրանք սեփական շահը հետապնդող տարրեր են»

Հուլիս 14,2020 16:01

«Ներսի մեր իրավիճակի պարագայում, երբ վարակը, քանի գնում՝ ագրեսիվ է դառնում, եւ թե սահմանային իրավիճակի պարագայում, պետք է միավորվենք, որովհետեւ միասնականության մեջ է մեր ուժն ու փրկությունը… Մենք պետք է միասին լինենք եւ աջակցենք մեր կառավարությանը, որը խելամիտ որոշումներ է կայացնում:

Ես ողջունում եմ, որ մեր կառավարությունը բավականին լուրջ ուսումնասիրում է այն մարդկանց կենսագրությունը եւ ճանապարհը, որոնք ապօրինի հարստացել են: Տարիներ շարունակ նրանք պետությունից գողացել են, եղել են «ատկատներ», որոնց մասին անընդհատ խոսվում է… Իհարկե շատերը դա շատ խելացի են արել, եւ այսօր մեր կառավարության համար բարդ խնդիր է այդ ամենը բացահայտելը, բայց հուսամ, որ մեր դատական համակարգը կդառնա անկախ եւ կգործի ի նպաստ պետության եւ ի նպաստ հայի»,- «Արարատ» ակումբում կայացած ասուլիսում ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:

Նրա խոսքով, նախորդ իշխանությունն այնպես է արել, որ մշակույթի գործիչների մեջ չեն մնացել այնպիսի հեղինակություններ, որոնց ձայնը զանգվածները պետք է լսեն,որոնց հետեւից ժողովուրդը կգնա. «Խեղաթյուրեցին մտավորական եւ մշակույթի գործիչ հասկացությունները, եւ ով հայտնի է՝ հայտնիության պատճառը կամ սոցիալական ցանցերն են, կամ լայվերը, իրենց էջերն ու անորակ հեռուստասերիալները: Ոմանց թվում է, որ ամեն մեկը մի Մհեր Մկրտչյան է, կամ նման մի կարկառուն ներկայացուցիչ… Ոչ, սիրելիներս դուք մշակույթի գործիչ կոչվելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնեք, պիտի հասկանաք ինչ ասել է մշակույթ, եւ ինչ համար է այն կոչված»:

Ռեժիսորը նմաններին որակում է ժամանակավոր գործիչներ, նաեւ ասում է, որ շատերը հենվում են մի սկզբունքի վրա, որը ձեւակերպված է հայտնի հեքիաթում. «Այնպիսի տպավորություն է, որ Թումանյանի խոսքերով՝ ով այնպիսի սուտ ասի, ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ, իրենց դեպքում էլ՝ ով որքան ահեթեթ բաներով եթեր դուրս գա, այդքան շատ ընկալելի կլինի եւ հետեւորդները շատ կլինեն»:

Անդրադառնալով այս տիրող իրավիճակին, բանախոսը նշեց. «Այսօրվա տարրերը, որ իրենց կոչում են ընդդիմություն, լուրջ աջակցություն ունեն ռուսական կայսրության կողմից: Ես ռուսների եւ ռուսական մշակույթի առաջ խոնարհվում եմ, տվյալ դեպքում, խոսքը քաղաքական գործիչների մասին է, որոնք հետապնդում են իրենց երկրի շահերը՝ վնասելով մեզ: Ես դա համարում եմ մի խնդիր, որը արդեն հարյուր տարուց ավելի մեզ հետապնդում է:

Ես քաղաքականությունից քիչ բան եմ հասկանում, բայց զգում եմ, որ մեր դժբախտության մեծ մասը հենց այդտեղից է գալիս, քանի որ մենք միշտ կախում ունենք: Բարդ տարածաշրջանում ենք ապրում…Վրացիները փորձեցին պոկվել, իրենց մոտ ստացվեց դա, բայց դրա համար շատ լուրջ վճարեցին, փոփոխություն դեպի լավը եղավ: Մենք նման փոփոխություն մեզ թույլ տալ չենք կարող, որովհետեւ պատերազմող երկիր ենք, ունենք լաշխարհաքաղաքական խնդիրներ»:

Ընդդիմությանը վերադառնալով՝ Սուրեն Շահվերդյանը նշեց. «Լավ կլիներ, որ իսկապես լավ ընդդիմություն ունենայինք, իսկ այն, ինչ ունենք, սեփական շահը հետապնդող տարրեր են, նրանց մարդիկ անվանել չի կարելի… Մենք փետրվար ամսից ծանր կացության մեջ ենք, պետությունը եւ աշխարհը համավարակով պայմանավորված՝ նոր իրականության մեջ են, թվում էր, թե պետք է բոլորը միավորվեին ու գիտակցաբար պայքարեին այս ամենի դեմ, բայց այդ տարրերը օգտվելով իրավիճակից՝ փորձում են սպեկուլյատիվ օգտագործել այդ ամենը՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սուրեն ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Կայանալու խնդիր ունի այս տղան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031