Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ ազգեր» չկան

Հուլիս 25,2020 10:00

Հիշո՞ւմ եք, Հայաստանի նախորդ ղեկավարներից մեկը պնդում էր, որ մենք ադրբեջանցիների հետ «էթնիկապես անհամատեղելի ենք»: Ինձ թվում է՝ դա վտանգավոր տեսություն է, որը մեր ժողովուրդներին հաստատ սխալ տեղ է տանում, որովհետեւ այդ դեպքում ստիպված կլինենք ենթադրել, որ թշնամանքը մեր արյան մեջ է, կամ՝ որ մի ազգի գեներում ներդրված են լիքը բարի, դրական, քաղաքակիրթ հատկանիշներ, իսկ ահա մյուսի մոտ հակառակը՝ գերակայում է նենգությունը, վախկոտությունը եւ դաժանությունը: Պարզ է, որ այդ դեպքում «մենք»-ի եւ «նրանց» հարաբերակցությունը հայելանման սիմետրիայի օրենքներով շրջվում է՝ կախված, թե հակամարտության որ կողմից ես նայում:

Կարծում եմ, որ ոչ մի ազգի «արյան մեջ» որեւէ բան ծրագրավորված չէ` տարբերությունը մշակույթի եւ պատմության մեջ է: Եվ այստեղ սիմետրիա չկա. հայկական հասարակությունը չի ողջունի ադրբեջանցի սպային քնած ժամանակ կացնով սպանելը, հայկական գյուղերում դհոլ-զուռնայով չեն դիմավորի ադրբեջանցի սպանված զինծառայողի կտրած գլխի ցուցադրումը: Բայց պատճառն այն չէ, որ մենք՝ որպես ժողովուրդ «ավելի լավն ենք», քան մեր հարեւանները. «լավ» կամ «վատ» ժողովուրդներ չկան: Պարզապես տարբեր ճանապարհներ ենք անցել՝ գումարած այս պահին նրանց ուղեղներն ավելի շատ են լվացած ատելությամբ, քան մերը:

Ինչո՞ւ եմ ես այդ ամենը հիշում: Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններն իրենց շարունակությունն են գտել տարբեր երկրներում հայերի եւ ադրբեջանցիների ազգամիջյան բախումների մեջ: Նման զարգացումներն, իմ կարծիքով, խիստ անցանկալի են: Մի բան է Հայաստան (կամ Արցախ) պետության եւ Ադրբեջան պետության զինված հակամարտությունը, մեկ այլ բան՝ հայերի եւ ադրբեջանցիների կռիվը ինչ-որ մի երրորդ պետության փողոցներում: Մեր զինծառայողը, որը ոչնչացնում է մեր սահմանների նկատմամբ ոտնձգություն կատարող հակառակորդի մարդուժը, արժանի է մեր անվերապահ հարգանքին եւ աջակցությանը, բայց մեր հայրենակիցներով եւ ադրբեջանցիներով, որոնք բախվում են այլ երկրներում, պետք է զբաղվեն այդ երկրների իշխանությունները՝ ով ինչում է մեղավոր, այստեղ անհրաժեշտ է չոր իրավական մոտեցում, ընդ որում՝ որքան կոշտ, այնքան լավ:

Գիտեմ, որ իմ առաջարկը «հայրենասիրական» չի հնչի, բայց ենթադրում եմ, որ այդ երկրների հայ եւ ադրբեջանական համայնքները պետք է պայմանավորվեն խաղաղ համագոյակցության մասին:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դրսում, մի հատ կռիւ տեսա՞ք, ուր նախայարձակը հայերը եղան… ուրեմն ճիշդ ի՞նչ էք ասում… երբ որ իրենք մարմնային յարձակում գործադրեն մեր վրայ, մենք չհակադարձե՞նք… կամ ել՝ ցոյց իսկ պէտք չէ որ անենք, առ ի զօրակցութիւն Հայաստանին, ամօթ ա, որովհետեւ երբ որ այդպէս ցոյց անենք, զիրենք գրգռում ենք, վիրաւորում ենք, ուրեմն երբ որ այդ առիթով մեզ հարուածում են, դարձեալ մենք ենք յանցաւորը

    ուղղակի անհեթեթ է

    մնացեալն ալ, սխալ է. ամէն ժողովուրդ, իր հաւաքական դիմագիծը, հաւաքական մասնայատուկ խառնուածքը ունի, կերտուած՝ դարերի ընթացքին. թուրքը հակում ունի վայրագութեան. հայը՝ խաղաղասէր է. այդ պատճառով ալ իրենք միշտ յաղթած են, եւ մենք՝ պարտուած.

    • Լավատես says:

      Համամիտ եմ ամեն խոսքի հետ, բացի վերջին խոսքի. ՝հայը՝ խաղաղասէր է. այդ պատճառով ալ իրենք միշտ յաղթած են, եւ մենք՝ պարտուած.՝ Ոչ թե խաղաղասիրությունն է պատճառը, որ հաճախ պարտվել ենք, այլ սեփական հերոսին կամ հանճարին կամ սուրբին թողած երկրպագել ենք օտարի հերոսին, հանճարին ու սուրբին, այսօր էլ դեռ մնացել են ազգային ինքնաուրացման եւ այլասերվածության բեկորներ, մենք պետք է ընդունենք՝ մեր նույնիսկ ամենավատը, եթե միանշանակ ընդունում ենք, որ նա հայ է՝ վե՛րջ, մե՛նք ենք՝ հայ ազգն է նրա արած էշությունների համար պատասխանատուն, դա է մեր ցավն ու խնդիրը, որ պետք է լուծենք: Ոչ թե խաղաղասիրությունն է պատճառը, այլ ազգային այլասերվածությունն է պատճառը մեր բոլոր խնդիրների:

      • Հ.Շ. says:

        խաղաղասէր ըսելով, ըսել կ’ուզէի՝ կը նախընտրէ չկռուիլ, ու զբաղուիլ այլ նիւթերով, հիմնականօրէն՝ մշակոյթ եւ առեւտուր. նաեւ՝ պարզապէս կը յոգնի կռուելէն. չի դիմանար յարատեւ կռիւին.

        իսկ այլասերուածութիւնը մեզի համար անշուշտ թէ խնդիր է, տառացիօրէն՝ գոյութենական խնդիր. այդ ուղղութեամբ ալ, մեզի – Դասական Սփիւռքի զաւակներուն – համար ամենաանսպասելին, ամենածանր ցնցումը, շոկը, յուսախաբութիւնը եւ յուսաբեկումը՝ տեսնելն էր որ հայկական հողի վրան ալ հայերը որքան շատ – եւ որքան հեշտօրէն – կարող են այլասերիլ, օտարանալ. մենք այդ էական խնդիրը ունէինք օտար հողի վրայ, եւ մեր նոր սերունդների հայապահպանման համար, մեր յոյսերը դրած էինք Հայաստանի վրայ, եւ ահա բանից դուրս եկաւ որ հայը կարող է նոյնքան օտարանալ, նոյնիսկ աւելի, Հայաստան անունով երկրի մը մէջ.

  2. Իրատես says:

    Երեսունական թվականներին Իրանը և Թուրքիան տարածքների փոխանակում արեցին Սիս լեռան մերձակայքում։ Արդյունքում Թուրքիան և Նախիջևանը ունեցան փակ բայց ընհանուր սահման։ Բնականաբար մենք զրկվեցինք Արարատյան դաշտում Իրանի հետ ընդհանուր սահմանից։ Իրանի Շահը գործարքը արդարացրեց պանթյուրքիզմի թիրախ չդառնալու ցանկությամբ։ Թուրքիան համբերատար սպասեց մի քանի տասնամյակ և ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջևանի հետ ձեռք բերած սահմանը բացվեց: Թուրքիան, եթե չեմ սխալվում առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ենթադրաբար ձեռքերը շփելով: Միգուցե նույնիսկ մեզնից շատ էին ուրախացել մեր անկախության համար։ Մենք դարձանք պանթյուրքիզմի առաջնային թիրախ: Եթե Թուրքիայում իշխանության գա մեկը, ով կհրաժարվի պանթյուրքիզմից, չկա երաշխիք որ նրան հաջորդող ղեկավարը չի լինի պանթյուրքիզմի ջատագով: Էս կոնտեքստում ինձ համար անհասկանալի են հայերի ու ադրբեջանցիների համատեղելիության մասին խոսակցությունները: Եթե քնենք արթնանանք ու Հայաստանը և Ադրբեջանը հայտնվեն տարբեր մայրցամաքներում՝ ապա կդառնանք համատեղելի։

  3. Ruben says:

    «Շնորհակալություն» Դեմիրճյանին, որ Նախիջևանից տեղահանեց վերջին հային:
    «Շնորհակալություն» Լևոն Տեր Պետրոսյանին, որ ազգային-ազատագրական պայքարը վերածեց ղարաբաղյան «շարժման» և տեղահանեց ղարաբաղի բնակչությանը, դատարկեց Արծվաշենը, ավիրեց Երևանը…
    «Շնորհակալություն» Ռոբերտ Քոչարյանին, որ վաճառեց այն ինչ մնացել էր Լևոն Տեր Պետրոսյանից և…
    «Շնորհակալություն» Սերժ Սարգսյան, որ մեզ նվիրեց Նիկոլ Փաշինյանին:
    «Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին, որ պատռեց ամբոխի ու իր դեմքը և…

    Ժողովրդին ազգ դարձնելու համար պետք են հայ` Դերժինսկի, Էնգելս, Մարքս և Ստալին:

    • Հ.Շ. says:

      Քոչարյանն ալ, անձնապէս եւ նիւթապէս, օգտուեցաւ իր պաշտօնէն, լաւ: (Մնացեալը, գումարի վերաբերեալ զուր վիճաբանութիւն է. հիմա իշխանութիւն են, թող փաստեն, գիտնանք. բայց օդին մէջ աստղաբաշխային թիւեր նետել-բռնելը, անիմաստ է… )

      Սակայն ամէն դէպքում, ի տարբերութիւն այդ բոլոր միւսներին, ինք, գոնէ, բաներ մըն ալ չկառուցե՞ց, արդեօք… («այն ինչ մնացել էր»… երեւի շատ բան ել չէր մնացած, հա՞… ԼՏՊ-ն սակայն ինք անձնապէս չգրպանեց գումարներ, այլ ալ օքէյ. սակայն իր պատասխանատւութեան տակ տեղի ունեցաւ հանրային հարստութեան անհետացումը… մինչ ինք, գոնէ տնտեսական գետնի վրայ, ոչինչ իրականացուց.

      Տարբերութիւն մը կայ՝ թալանի եւ շահաբաժինի միջեւ: (Մնացեալը՝ վիպապաշտութիւն է, դրա համար, իմ տարիքս անցած է, եւ երեւի բախտը չունիմ յաւերժական ջահել մնալու: Համակերպել եմ կեանքի իրականութիւններին: )

  4. Հ.Շ. says:

    Լաւագոյն նպատակներով ու բացառապէս բարի միտումներով արտայայտուած, Պատուարժան Տիկին Հակոբյանի նախնական խօսքերը՝ խաղաղութեան ասին, փաստօրէն սխալ հասկացուեցան թշնամիին կողմէ: Գնահատելի է որ հիմա, իր նորագոյն կոչով, նա ուղղում է, սրբագրում է այդ նախնական ձախաւեր քայլը: Սա արդէն իսկական խելացութեան նշան է: Եկէք ուրեմն նախկին խօսքերը մոռանանք, «անցուկը՝ մոռցուկ» անենք, ու կը գնանք առաջ:

    Կը մնայ որ, մի օր ել Հայաստանի Առաջին Տիկինը գիտակցի թէ՝ այդ ցեղախումբը կը հասկնայ միմիայն մի լեզու՝ ուժի լեզուն: Եւ անոնք չունեն, սոյն Տիկնոջ նման, մտային այդ նուրբ, զարգացած ու բարձր ըմբռնողութիւնը, թէ կռիւի ընթացքին խաղաղութեան մասին խօսիլն ալ, առանձնայատուկ ուժ է, աւելի զօրեղ ուժ, քան՝ բազուկի եւ զէնքի ուժը: Անոնք այդպիսի բաներ չեն կարող հասկանալ, պարապ տեղը՝ ներազգային լարուածութիւններ են արտադրում այդ զուր ջանքերը:

    Ի դէպ, Հայաստանում մի քանի պալատական շողոքորթներ շատ ձախող կերպով ուզում են կապկել Տիկին Հակոբեանի խաղաղութեան պատգամները: Ու իրենց զզուելի ելոյթներով, փաստում են որ կան նաեւ որոշ հայեր, որոնք սխալ են զինք հասկացել: (Կ’երդնում որ այս խօսքս վերեւի Խմբագրին չի վերաբերիր, նա պարզապէս ծայրայեղ ազատական մտաւորական մըն է, որ նաեւ Սովետի դաստիարակութեամբ, համաձայն չէ նոյն վախտի բանաստեղծին հետ, որ Ղարաբաղի մասին բացատրում էր թէ՝ «Հայաստանից քեզ պոկողը, Հայաստանի եղբայրը չէ) :

    Մ. Հայդուկ Շամլեան, Քանատա
    https://haytougchamlian.blog/
    https://www.facebook.com/Blog-H-368796210632940/

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031