Լրահոս
Օրվա լրահոսը

4-րդ հարկից վայր ընկած 2 տարեկան երեխային մարզից Երեւան տեղափոխելու համար 120.000 դրամ են ուզել. ահազանգ

Հուլիս 28,2020 22:45

Լոռու մարզի Ախթալա համայնքում նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Երկու տարին չլրացած մի երեխա է վայր ընկել շենքի չորրորդ հարկից: Փոքրիկ Մաքսի ընտանիքի մտերիմներից Նառա Ասրյանը Aravot.am-ին պատմեց, որ երեխային ծնողները նախ տարել են Ախթալայի բուժկետ, որը փակ է եղել, որովհետեւ բժիշկը հանգստի մեջ է եղել, իսկ հերթապահ բժիշկ չի եղել:

Ինչից հետո փոքրիկին տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ երեխան հետազոտվել է, արձանագրել են միայն քերծվածքներ, չի ունեցել լուրջ վնասվածքներ, կոտրվածքներ: Ալավերդու բժշկական կենտրոնում, ըստ մեր զրուցակցի, երեխայի բուժող բժիշկը ծնողներին ասել է, որ անհրաժեշտություն կա հետազոտել նաեւ երեխայի ներքին օրգանները՝ հասկանալու, արդյոք ներքին արյունահոսություն կա, թե՝ ոչ, միաժամանակ հայտնելով, որ Ալավերդու հիվանդանոցում նման հետազոտություն անելու համար չկան անհրաժեշտ սարքեր եւ հարկ է երեխային տեղափոխել Երեւան, ինչի համար 120.000 դրամ է հարկավոր:

Մաքսի հայրը Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է, ընտանիքը սոցիալապես անապահով, նպաստառու:

Մեր զրուցակցի խոսքով՝ հարեւաներով միջամտել են, facebook-ում ստատուսներ գրել 120.000 դրամ պահանջելու մասին, ինչից հետո մարզպետարանից կապվել են բուժկենտրոնի հետ, կազմակերպվել է երեխայի՝ Երեւան անվճար տեղափոխումը: Մեր զրուցակցի խոսքով տեղափոխումն էլ է բավականին ուշ տեղի ունեցել, երեխայի հետ դեպքը տեղի է ունեցել կեսօրին, իսկ Երեւան է հասել երեկոյան 22:00-ին:

Ալավերդու բուժկենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց 120.000 դրամ գումարի պահանջ ներկայացնելու լուրը, վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Էդ ամեն ինչը իրականությանը չի համապատասխանում: Մինչ երեխային Ալավերդու բժշկական կենտրոն հասցնելը արդեն հրավիրված և բժշկական կենտրոնում են եղել վնասվածքաբանը և սոնոգրաֆիստը: Կատարվել է ռենտգենաբանական, սոնոգրաֆիական և արյան հետազոտություն: Հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ գրանցվել է գլխի և կրծքավանդակի բութ վնասվածք, մարմնի տարբեր մասերի քերծվածք:

Ռենտգենաբանական հետազոտության արդյունքում կոպիտ ոսկրաբանական վնասվածք չի նկատվել, նշանակվել է համապատասխան բուժում: Մոտ 16-00-ին կապ է հաստատվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պատասխանատուի հետ, որը հաշվի առնելով բարձրությունից վայր ընկնելու հանգամանքը, նշել է, որ անհրաժեշտ կլինի ԿԱՏԵ հետազոտություն:

Առաջարկվել է մանկական արագ արձագանքման բրիգադայի կողմից տեղափոխել քաղաք Երևան Սուրբ Աստվածամայր մանկական բժշկական կենտրոն: Անմիջապես կապ է հաստատվել Արաբկիր բժշկական կենտրոնի հետ, ովքեր պատասխանել են, որ իրենց մեքենան այս պահին կանչ է իրականացնում Գյումրիում, ներկա պահին համաձայն գործող կանոնակարգի հաջորդ կանչը պետք է իրականացվի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնային հերթապահությամբ գործող անձնակազմի կողմից: Նորից կապ է հաստատվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի հետ, կանչն ընդունել են:

Ալավերդու բժշկական կենտրոնը մանկական վերակենդանացման ծառայություն և համապատասխան մասնագետներ չունի, հետևաբար նաև տեղափոխություն իրականացնելու իրավունք ևս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031