Լրահոս
Օրվա լրահոսը

«2 ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում… խոսքի տակեն գլխին՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, մի՛ սիրեք, բայց ճիշտ կառավարեք». Քոչարյան

Հուլիս 29,2020 23:23

«Մենք ունենք սահման 4 երկրի հետ, երկուսը փակ են: Իրանի հետ ունենք մեկ անցակետ, Վրաստանն է մյուս երկիրը, որտեղ կորոնավիրուս գրեթե չկա: Որտեղի՞ց հայտնվեց այս ամենը Հայաստանում: Սա մի վիճակ է, որ սահմանների փակ լինելը, մասնակի շրջափակման հանգամանքը վնաս է հասցնում մեր տնտեսությանը, գրեթե բոլոր ոլորտներին, մեկ տեղ մենք կարող էինք շահել՝ համաճարակի պայմաններում երկիրը փակել ու խուսափել այս վիճակից: Էդ էլ չստացվեց: Այն միակ դեպքը, երբ մեր մասնակի շրջափակումը կարող էր առավելություն դառնալ երկրի համար՝ չաշխատեց»,- այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» եւ «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում սկսեց վերլուծել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում:

Նա հիշեցրեց, որ 5 ամիս է, երկրում արտակարգ իրավիճակ է ու երբ համեմատում է թվերը այլ երկիրների հետ, որոնք ոչինչ չեն արել ընդհանրապես, օրինակ, Բելառուսը, մեզ մոտ վիճակը շատ ավելի վատ է, քան Բելառուսում. «Հիմա հարց է առաջանում՝ մեր կառավարության ձեռնարկած քայլերն ուր են մեզ բերել, ինչի՞ է մեզ մոտ վիճակն ավելի վատ, քան, այն երկրում, որտեղ ընդհանրապես ոչինչ չեն արել: Սա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ, դուք ունե՞ք: Ընդամենը 500 քանի մահ Բելառուսում, շատ ավելի բարվոք է իրավիճակը, քան ՀՀ-ում»:

Ըստ Քոչարյանի, առաջինը՝ իրավիճակի գնահատումն էր սխալ, նախապատրաստական աշխատանքներ չէին արել, իրար հակասող որոշումներ ընդունեցին, պաշտոնյաների կողմից իրար հակասող հայտարարություններ եղան, սխալ «մեսիջներ» ուղղեցին հանրությանը՝ դիմակ կրել, չկրել, անցքերը վիրուսի մեծ են, փոքր են. «Զավեշտալի ինչ-որ երեւույթներ, որոնք վիճակի լրջության հետ կապ չունեին: Ամենից անընդունելին իմ համար փորձն է մեղադրել ժողովրդին դիմակ չկրելու մեջ»:

Քոչարյանն ասաց, որ ընդունում է, հայերը ամենակարգապահ ազգը չեն, բայց չի էլ համեմատում մեզ գերմանացիների հետ, այլ՝ հույների, վրացիների հետ. «Իրենց հետ կենցաղային մշակույթը մեր շատ մոտ է, իրենք էլ մեզ նման են՝ սիրում են քեֆեր, բարեկամություն, հարսանիքները ավելի ճոխ են անում, թաղումները շատ հեռավոր բարեկամների պետք է գնան, Վրաստանում «պանիխիդան» 3-4 օր է տեւում: Երբ որ համեմատում ես մեր թվերը Վրաստանի ու Հունաստանի թվերի հետ, ուղղակի ապշում ես: Վրաստանում 16 մահ է, եթե չեմ սխալվում, մոտ 1100 հիվանդության դեպք…Ինչի՞ ենք մենք այս վիճակում, կարո՞ղ եք բացատրել, եւ իրենց մոտ սահմանները բաց են, տուրիստների քանակը շատ ավելի մեծ է: Պատճառը մեկն է՝ ձեռնարկված քայլերը եւ կառավարման արդյունավետությունը, ուրիշ բացատրություն ուղղակի չկա»:

Քոչարյանը նեղսրտեց, թե անհարգալից վերաբերմունք կա սեփական ժողովրդի նկատմամբ. «2 ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում: Այդքան մարդ չեն տուգանել: Եվ ինչի՞ համար՝ դիմակ չկրելու համար: Բայց խոսքի տակեն գլխին՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք: Մի՛ սիրեք, բայց ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմեռնեն: Կամ, եթե սիրում ես, մի խոսա դրա մասին, ճի՛շտ կառավարի: Հիմա թող այդ սիրված, ասֆալտին փռված հպարտ քաղաքացին ինքը մտածի, թե ինչի է երկիրը հանձնել, կամ ինչի է վստահել այս կառավարությանը: Թող իրենք մտածեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031