Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսեն Երեւանսկու» գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա. Աղաջանյանը որոշում է կայացրել քննչական խումբը համալրելու մասին

Օգոստոս 08,2020 13:00

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանը, «վերանայելով» ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտից ստացված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ «Արսեն Երեւանսկի» մականվամբ հայտնի անձի գործողությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը, 2020թ. մարտի 13-ին որոշել է՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու  եւ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու դեպքերի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 223.3 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն Արմեն Մելքոնյանի պաշտպանն է, որին մեղադրում են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով`երեք դրվագով:

Լիպարիտ Սիմոնյանը քրեական գործով ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու եւ Արմեն Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությամբ դիմել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Մարգարյանին:

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանը որոշել է թիվ 58208920 քրեական գործը միացնել թիվ 58206120 քրեական գործին եւ միացյալ` թիվ 58206120 համարի տակ շարունակել գործի քննությունը:

Մայիսի 5-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա. Աղաջանյանը որոշում է կայացրել քննչական խումբը համալրելու մասին, քննչական խմբի ղեկավար է նշանակել Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Խալաթյանին: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Խալաթյանը թիվ 58206120 քրեական գործն ընդունել է վարույթ:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում հարուցված եւ քննված թիվ 58206120 քրեական գործով Արմեն Մելքոնյանին մայիսի 21-ին մեղադրանք է առաջադրվել 3 դրվագով:

«Առավոտ» -ին պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը երեկ հայտնեց, որ այս քրեական գործը մինչեւ մայիսի 27-ը քննվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որից հետո քննչական ենթակայության կարգով ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա նախաքննությունը շարունակելու նպատակով:

Քրեական ծանր գործերով հայտնի փաստաբանի գնահատմամբ, թիվ 58206120 քրեական գործը մինչեւ մայիսի 27-ը քննվել է նման իրավասություն չունեցող մարմնի՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, հետեւաբար. «այդ մարմնի կողմից ձեռք բերված բոլոր ապացույցները օգտագործման համար անթույլատրելի են»:

Ըստ Լիպարիտ Սիմոնյանի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Քննչական ենթակայություն» վերնագրով հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-164, 166-187, 190.1, 190.2, 191, 192, 195-201, 204, 212-214, 218, 222, 223, 223.1, 223.2, 223.3, 223.4, 225, 2251, 226.2, 227-232, 235-249 (բացառությամբ 235.1 հոդվածի), 251-298 (բացառությամբ 267.1 հոդվածի), 300, 300.1, 300.2, 301, 301.1, 308-328 (բացառությամբ 310.1 հոդվածի), 331-332.5, 336, 341, 341.1, 341.2, 343-3451, 347-355 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

«Միակ բացառությունը, որի համաձայն քրեական գործի վարույթը մեկ մարմնից կարող է փոխանցվել մեկ այլ մարմնի, կազմում է նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը, որի համաձայն՝

«Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով սույն մասի առաջին պարբերությունում թվարկված անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ, կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը»:

Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացնում է, որ տվյալ դեպքում քրեական գործը այլ մարմնից չի վերցվել եւ հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, այլ հարուցվել եւ քննվել է մի մարմնի կողմից, որն էլ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի, նման լիազորություն չի ունեցել, նախաքննությունն իրականացրել են, քրեական գործով բոլոր ապացույցները ձեռք են բերվել եւ Արմեն Մելքոնյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Խալաթյանի կամ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի այլ քննիչների կողմից:

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:

  1. Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության եւ դատախազության մարմինների, ինչպես նաեւ դատավարության մասնակիցների համար:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն էլ՝

  1. Փաստական տվյալների` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը, ինչպես նաեւ վարույթում դրանց սահմանափակ օգտագործման հնարավորությունը հաստատում է վարույթն իրականացնող մարմինը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ:
  2. Ապացույցի թույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունն ընկած է այն ձեռք բերող կողմի վրա: Եթե ապացույցը ձեռք բերելիս պահպանվել են սույն օրենսգրքի բոլոր պահանջները, ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունը կրում է դրա թույլատրելիությունը վիճարկող կողմը:

Լիպարիտ Սիմոնյանը մեր հեռավար զրույցի ժամանակ ասաց, որ  Արմեն Մելքոնյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները ձեռք են բերվել օրենքի էական խախտմամբ եւ պետք է օգտագործման համար ճանաչվեն անթույլատրելի ապացույցներ:

Նա նաեւ միջնորդել էր՝ հաստատել թիվ 58206120 քրեական գործով մինչեւ մայիսի 27-ը ձեռք բերված բոլոր նյութերի` ապացույցների, փաստական տվյալների՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը:

Պաշտպանը պահանջում է Արմեն Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ քրեական գործի վարույթը կարճել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31