Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տպավորությամբ՝ Բելառուսում գունավոր հեղափոխության, գունավոր հեղաշրջման փորձ է». Էդուարդ Շարմազանով

Օգոստոս 16,2020 21:03

«Մեր երկրում այնքան խնդիրներ կան, որ չեմ կարծում, թե հիմա պիտի նստեմ, Բելառուսի նախագահի նախկին գնահատականներով խոսեմ այսօրվա իրավիճակի մասին»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը իր ուղերձում հայտարարել էր, թե հրաժարվում է երկրում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտադրություններից՝ օրինակ բերելով Հայաստանին, թե մեկ անձի համար Սահմանադրություն է փոխվում ու փաստմանը, թե ինչ է հիմա կատարվում Բելառուսում, այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր ամենամյա ուղերձում դիմելով Բելառուսի խորհրդարանի անդամներին՝ հայտարարել էր, որ հրաժարվում է երկրում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտադրությունից. «Ես խոստանում եմ, որ երբեք ձեզ, մասնագետներին, դատավորներին չեմ կանգնեցնի մի ընտրության առջև, երբ հարկավոր լինի պետության սահմանադրական հիմքերը փոխել առանձին վերցված մեկ անձի համար: Մենք սրանում համոզվեցինք նաև Հայաստանի օրինակով»: Լուկաշենկոն նույն այդ ելույթում նաև խոստովանել է, որ ժամանակին Սերժ Սարգսյանի հետ խոսել է ժողովրդի հետ ազնիվ չվարվելու մասին. «Մենք քննարկել ենք այս հարցը Հայաստանի նախկին նախագահի հետ, և ես իմ տեսակետը շատ հստակ բարձրաձայնել եմ` հարկավոր է գնալ և ամեն ինչ ազնվորեն ասել սեփական ժողովրդին: Ի՞նչ կարիք կար փոփոխության ենթարկել պետության հիմքերը, կոտրել երկիրը մեկ անձի համար: Իսկ եթե այդ մա՞րդը կոտրվի. դա էլ տեղի ունեցավ»:

Էդուարդ Շարմազանովը կարճ ձևակերպեց, թե իր կարծիքով ինչ է կատարվում Բելառուսում. «Իմ տպավորությամբ՝ Բելառուսում գունավոր հեղափոխության, գունավոր հեղաշրջման փորձ է: Լուկաշենկոն ինչ է անում, ոնց է անում, չեմ ուզում մեկնաբանել: Կարծում եմ՝ մեր երկրում այնքան ավելի կարևոր խնդիր կա: Թուրքիան է ակտիվացել, Ադրբեջանը, ռազմական գործողություններ սպառնալիք կա, նախիջևանյան հատվածում մեր սահմաններից ոչ շատ հեռու արդեն երկու անգամ նրանք թուրք-ադրբեջանական ռազմական զորավարժություններ են կատարել, հայագիտությանը մեծ վտանգ է սպառնում, չափորոշիչների նախագիծ կա, որտեղ գոնե ես՝ որպես պատմաբան, արտահայտվել եմ, բոլոր հայագիտական ամբիոնները բացասական գնահատական են տվել, շատ լուրջ խնդիր կա հայապահպանման ոլորտում, լուրջ խնդիրներ կան ժողովրդավարության, դատական համակարգի, միանձնյա իշխանության հետ կապված»:

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ, իսկ մենք խոսում ենք Լուկաշենկոյից: Այս առիթով ասաց. «Մի հատ մենք մեր հարցերը լուծենք, նոր խոսենք Լուկաշենկոյից: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ-ում ամեն ինչ նորմալ է, և մենք պիտի անդրադառնանք Լուկաշենկոյին: Մեր տունն է վտանգի տակ: Ունենք մի իշխանություն, որը համարժեք կերպով չի կարողանում գնահատել, էլ չեմ ասում արձագանքել իրավիճակին: Ունենք կորոնավիրուսից հազարից ավելի մահեր, առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ ենք: Ղարաբաղյան հիմնահարցում Նիկոլ Փաշինյանի hardtalk-ը նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները քննադատեցին: Այսքան խնդիրը թողած՝ մենք Լուկաշենկոյի մասի՞ն խոսենք»:

Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ իր կարծիքը հայտնեց Հայաստանում 2018-ի իրադարձությունների կապակցությամբ. «Ասել եմ՝ ՀՀ-ում 2018 թվականին տեղի է ունեցել իշխանափոխութուն, հեղաշրջում օպերացիան, որին մասնակից են եղել նաև իմ տպավորությամբ, համոզմամբ՝ այլ օտարերկրյա շահագրգիռ կողմեր: Ավելին, 2018-ին տեղի ունեցածը ռևանշիստների հեղաշրջում էր, և Նիկոլ Փաշինյանի տեսքով իշխանության են եկել ղարաբաղյան հիմնահարցում Տեր-Պետրոսյանի թեզի կողմնակիցները: Սա իմ կարծիքն է»:

Անդրադառնալով BBC-ի «HARDtalk» հաղորդման ժամանակ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ նա ասաց. «Նիկոլ Փաշինյանը երբ խոսում է ժողովրդավարության նվաճումների, տնտեսության նվաճումների մասին, կարծում եմ՝ եփած հավի ծիծաղն էլ է գալիս, էլ չասեմ նրա անգրագետ պատասխանները ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, որտեղ մի բառ չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին, որ սա ոչ թե տարածքային վեճ է, այլ ինքնորոշման խնդիր, և չի խոսում, որ ինչ ներողություն, հայերի՝ Ադրբեջանի իշխանություններից ներողություն խնդրելը նույնն է, ոնց որ նացիստները հրեաներից ակնկալեին ներողություն կամ երիտթուրքերը հայ ժողովրդից ակնկալեին ներողություն, կամ Չերչիլին ու Ռուզվելտին նացիոնալ սոցիալիստները պիտի ասեին, թե պետք է ինձնից ներղություն խնդրես երկրորդ աշխարհամարտի համար, որ ինձ հաղթել ես: Բա բերանը ջուր առել, նստել էր, բա թող խոսե՞ր: Լավ, ինքը չգիտի, բայց էս պետությունը ԱԱԾ, ԱԳՆ, փորձագիտական ՊՈԱԿ-ներ ունի, որոնք պրեմիաներ են ստանում, բա վարչապետի դեմը այդ թղթերը չե՞ն դնում, որ այդ մարդը օգտագործի: Բա գնում ես այդ ձևի եթեր, պետություն պիտի ներկայացնես: Վարչապետը պարտավոր չէ՝ անկախ անձից, ամեն ինչ իմանալ: Բա այդ ծառայություններն ինչի՞ համար են, որ այդ թղթերը դնեն դիմացը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31