Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն մի քանի տասնյակ մարդ խոչընդոտում է մի քանի հարյուր մարդու աշխատանքի սահմանադրական իրավունքը. «Լիդիան Արմենիայի» իրավաբան

Օգոստոս 21,2020 14:30

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Լիդիան Արմենիայի» իրավաբան, փաստաբան, ԵՊՀ դասախոս Նունե Հայրապետյանը:

– Երեկ մինչ Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ջերմուկցիներն ու ակտիվիստները ցույց էին անում Երեւանում, «Լիդիանը» տեղաշարժել է Ամուլսարի դեմ պայքարողների մեքենաները։ Ակտիվիստները սա որակում են սադրանք։ Ինչո՞ւ հենց երեկ որոշեցիք նման քայլի դիմել, եւ արդյոք իսկապես սադրա՞նք չէ սա։

-Ուզում եմ ոչ իրավական լեզվով պատասխանել։ Եթե ձեր տուն ներխուժի հարեւանը, տեղադրի իր գույքը, ձեզ թույլ չտա ձեր ընտանիքի անդամների համար սնունդ բերել, դուք դիմեք ոստիկանություն, հորդորեք դադարեցնել ապօրինությունը եւ ոչ մի արձագանք չստանալուց հետո, ինքնուրույն ձեր տնից հեռացնեք ներխուժած անձանց գույքը, դա սադրա՞նք է։

– Դե գուցե սադրանք է այնքանով, որ մեքենաները հեռացրել եք, երբ իրենք տարածքում չէին, եւ կամ ոչ թե բանակցել եք, այլ գործողություն եք արել։

– Տեսեք, երբ «ոչ նորմալ» իրավիճակը երկար է տեւում, դա դառնում է նոր «նորմալը»։ Երկու տարի մի խումբ մարդիկ ապօրինի փակել են աշխատելու լեգիտիմ իրավունք ունեցող տնտեսվարողի ճանապարհները, ապօրինի զրկել են հազարավոր մարդկանց աշխատանքից, եւ պատկան մարմինները օրենքը վերականգնելու փոխարեն՝ հորդորել են, խոստումներ են տվել, սպասելիքներ են առաջացրել այս մարդկանց մոտ եւ օրենքը չեն վերականգնել։ Երկու տարի դարձել է «նորմալ», որ այս տարածքում մի խումբ մարդիկ ինքնիրավչություն են իրականացնում եւ երբ տարածքի օրինական տիրապետողը անում է այն, ինչի իրավունքը օրենքով ունի՝ խախտում է ստեղծված «աննորմալ» ստատուս քվոն, հարցնում են՝ բա ինչո՞ւ, իրենցից չհարցրեցիք։ Իսկ ինչո՞ւ պետք է հարցնենք, եւ կամ ինչո՞ւ են երկու տարի խնդրում ու հարցնում պատկան մարմինները։ Սա է իրավական ու երկրի հեղինակության տեսանկյունից միակ հարցը։

-Բայց չէ՞ որ խոսքը այդ տարածքում ապրող բնակիչների մասին է, եւ իշխանությունը կարծես հենց այդ պատճառով չի ուզում սրել իրավիճակը։

– Ամուլսարի տարածքում հենց այս պահին աշխատում են ՀՀ լիիրավ քաղաքացիներ, այդ թվում՝ շրջակա համայնքներից։ Ապօրինություն իրականացնողները արդեն մի քանի շաբաթ, այդ թվում ոստիկանության թողտվությամբ կամ անգործության հետեւանքով խոչընդոտում են մարդկանց սննդի մատակարարումը։ Այսինքն` մի խումբ քաղաքացիներ ապօրինություն են դրսեւորում մեկ այլ խումբ քաղաքացիների հանդեպ։ Ի՞նչ չափանիշով է որոշվում, ով է այստեղ «ժողովուրդը» եւ ի՞նչ պետք է անեն իրավապահ մարմինները իրավական երկրում։ Թեկուզ հենց սեփական քաղաքացիների հանդեպ պատասխանատվության տեսանկյունից։

-Ակտիվիստները պնդում են, որ իրենք ներկայացնում են տեղի բնակչության մեծամասնությունը։ Երեկ էլ բազմամարդ ցույց արեցին։

-Նորագույն տեխնոլոգիաները թույլ տալիս հատ առ հատ հաշվել, թե քանի մարդ կա ամենամեծ կուտակման պահին, և կարելի է նաև անձ առ անձ հավաստիանալ, թե հատկապես ովքեր են այդ մարդիկ՝ համայնքի բնակի՞չ են, թե՞ Երևանից ակտիվիստներ։ Ինքներդ կարող եք հաշվել երեկվա ակցիայի մասնակիցներին եւ կամ հարցնել ջերմուկցիներին, թե իրենցից քանի մարդ է մասնակցել։ Մեղմ ասած՝ զավեշտալի է հավաքվել մի քանի տասնյակ հոգով եւ խոսել ժողովրդի կամ համայնքի անունից։  Համայնքի բնակիչների ճնշող մեծամասնությունը, մեր համոզմամբ սպասում է հանքի շահագործմանը։ Այլապես այդ ակցիաներին գոնե մի քանի հարյուր մարդ կլիներ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք հայտարարել ենք կադրերի բազայի հավաքագրման մասին եւ մեկ շաբաթվա ընթացքում համայնքներից մոտ 300 դիմում ենք ստացել։ Փաստորեն մի քանի տասնյակ մարդ խոչընդոտում է մի քանի հարյուր մարդու աշխատանքի սահմանադրական իրավունքը։ Սա աբսուրդ է թե’ իրավական, թե’ նաեւ ժողովրդավարական եւ բարոյական տեսանկյունից։

-Ամուլսարի դեմ ակցիայի մասնակիցները երեկ պահանջում էին ՇՄԱԳ-ի չեղարկում, դա իրակատեսակա՞ն է։ Եվ ինչ է անելու ընկերությունը, եթե կառավարությունը նման բան որոշի։

-Նախ՝ ՇՄԱԳ-ը զուտ իրավական տեսանկյունից հնարավոր չէ պարզապես «չեղարկել»։ Դրա համար պետք են իրավական որոշակի հիմքեր, եւ կամ դա հնարավոր է անել դատական կարգով։ Ո’չ մեկի, ո’չ մյուսի համար իրավական հիմք չկա։ Ամուլսարի ՇՄԱԳ-ը ամենալավ ՇՄԱԳ-ն է, որը երբևէ Հայաստանում իրականացվել է։ Երկու տարվա ընթացքում որեւէ իրավական կամ բնապահպանական խնդիր ՇՄԱԳ-ում հնարավոր չեղավ «բացահայտել»։

-Ի՞նչ է անելու «Լիդիանը», հաշվի առնելով, որ այսօր ցուցարարները ձեր տեղադրած բեռնատարը երկու կողմից փակել են իրենց մեքենաներով։

-Իրավապահ մարմինների անգործության պարագայում սա վերածվում է աբսուրդային, հակաիրավական «զոռբայության»։ «Լիդիանը» ամեն ինչ անելու է օրենքի սահմաններում։ Իսկ օրենքը մեզ իրավունք է ընձեռում եւ’ աշխատելու տարածքում, եւ’ օրենքի շրջանակներում պաշտպանելու մեր աշխատակիցների, այդ համայնքների բնակիչների իրավունքները։ Ցանկացած հակաիրավական գործողության եւ կամ համայնքներում լարման պատասխանատվությունը մնալու է իրավապահ համակարգի վրա։ Մարդկանց սահմանադրական իրավունքները, ՀՀ մի շարք օրենքներ, միջազգային նորմեր արդեն երկու տարի խախտված են եւ դրանք մի օր պետք է վերականգնվեն։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31