Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Hermès նորաձևության տան կրեատիվ տնօրենը, «Օսկարի» մրցանակակիրն ու այլք․ հայուհիները՝ «գեղեցկության մոլորակում»

Օգոստոս 26,2020 21:00

Երբ աշխարհը դեռ չէր պատուհասել համավարակը, մարդիկ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում բոլորովին այլ թեմաներ էին քննարկում, օրինակ՝ համացանցի հայկական տիրույթում 2019-ի աշնանն ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը նկարչուհի, գրաֆիկ-դիզայներ, մոդել Արմինե Հարությունյանն էր։ Այն, ինչ տեղի էր ունեցել 24-ամյա Արմինեի հետ, հիշեցնում է հայտնի հեքիաթներից մեկը, սակայն այս դեպքում հեքիաթի հերոսուհուն գտնում է ոչ թե սպիտակ ձիով արքայազնը, այլ աշխարհահռչակ Gucci ապրանքանիշը։

Արմինե Հարությունյանը՝ Gucci-ի ֆեյշըն շոուին մասնակցելիս

Արմինե Հարությունյանի արևելյան տպավորիչ արտաքինն ու խարիզման նկատում են Գերմանիայում, և նրան հնարավորություն է ընձեռնվում Միլանում որպես մոդել մասնակցելու Ալեսանդրո Միկելեի՝ 2020թ.-ի դիզայներական հագուստի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը։

Արմինեն, որը մինչ այդ չէր քայլել ճեմահարթակում ու չուներ մոդելային մեծ փորձ, այսօր արդեն որպես պրոֆեսիոնալ մոդել ներկայացնում է հայկական The Muse Fashion ապրանքանիշի հագուստը՝ հանդիսանալով ապրանքանիշի այս սեզոնի հավաքածուի դեմքը։

Արմինե Հարությունյանը՝ The Muse ապրանքանիշը ներկայացնելիս

Իր հարցազրույցներից մեկում արտաքինի հետ կապված բարդույթներ ունենալու մասին հարցին Արմինե Հարությունյանը պատասխանել է․ «Մի պահ ցանկացել եմ արտաքին տեսքի վրա փոփոխություն կատարել, բայց հասկացել եմ, որ ուզում եմ տեսնել ինձ այնպիսին, ինչպիսին իրականում կամ, չեմ ուզում փոխվել: Ես սիրում եմ ինձ»։

Արմինե Հարությունյանը՝ The Muse ապրանքանիշը ներկայացնելիս

Արմինե Հարությունյանի մասնակցությունը համաշխարհային նորաձևության ամենահեղինակավոր տներից մեկի հավաքածուի ցուցադրությանը մեզ համար առիթ էր անդրադառնալու այն հայուհիներին, որոնք նույնպես կարողացել են հաղթահարել «նորաձևության քմահաճ բարձունքներն» ու իրենց ուրույն դերն ունենալ գեղեցկության ինդուստրիայում։

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ

Այս իմաստով առաջին անունը, կամ ավելի ճիշտ ազգանունը, որը կհայտնվի մեզնից շատերի մտքում, Քարդաշյան ազգանունն է, թերևս ոչ մի կնոջ համար գաղտնիք չէ, որ Քարդաշյան քույրերը, մասնավորապես Քիմ Քարդաշյանը ոչ միայն թելադրում են նորաձևության, դիմահարդարման, ինչպես նաև կենսակերպի ժամանակակից միտումներն ու ձևավորում են ստանդարտներ, այլև կոտրում են բազմաթիվ կարծրատիպեր։

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը՝ Vogue-ի շապիկին, 2014 թ․

Իսկ կարծրատիպեր կոտրելու լավագույն օրինակը Քիմ Քարդաշյանի՝ նորաձևության աշխարհում ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ Vogue-ի շապիկին մի քանի անգամ հայտնվելն է, ինչն ինքնին պարտավորեցնող է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը «չափազանց վուլգար է» մեկնաբանությամբ կարող էր մերժել այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսն ու Մայլի Սայրուսը։

Քիմ Քարդաշյանը՝ Vogue-ի շապիկին, 2019 թ․

Vogue ամսագիրը երկար տարիներ ինքն էր թելադրում նորաձևության ու գեղեցկության չափանիշները՝ Vogue-ի փայլուն շապիկին կարող էին հայտնվել միայն «փայլուն» արտաքին տվյալներ ունեցող մոդելներ ու հայտնի դեմքեր, սակայն 2014 թ․-ին Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հայտնվելն ամսագրի շապիկին կարևոր ժեստ էր հենց ամսագրի կողմից․ թերևս դրանով Vogue-ը՝ Աննա Վինտուրի գլխավորությամբ ցանկանում էր ընդգծել, որ քայլում է ժամանակի միտումներին համընթաց, իսկ այդ միտումների ձևավորման հարցում պակաս դեր չուներ Քիմ Քարդաշյանը։

ՎԵՐՈՆԻԿ ՆԻՇԱՆՅԱՆ

2009 թ․-ից ֆրանսիական ամենահեղինակավոր՝ Hermès նորաձևության տան տղամարդկանց հավաքածուների կրեատիվ տնօրենը Վերոնիկ Նիշանյանն է․ ավարտելով նորաձևության փարիզյան հեղինակավոր դպրոցներից մեկը՝ Նիշանյանն աշխատանքի է ընդունվել իտալացի դիզայներ Նինո Չերուտտիի մոտ, բավարար գիտելիքներ ու փորձ ստանալուց հետո աշխատանքի անցել Hermès նորաձևության տանը։

Վերոնիկ Նիշանյան

Ոճի բացարձակ զգացողությունն ու նրբաճաշակությունը Վերոնիկ Նիշանյանին թույլ են տալիս ստեղծել տղամարդկանց հագուստ ու աքսեսուարներ, որոնք վեր են ժամանակից ու օրվա նորաձևությունից․ ոչ մի ճչացող լոգոտիպ, այլ միայն ծայրահեղ ուշադրություն դետալներին, հագուստի ձևվածքի կատարելություն, որակ ու նրբաճաշակություն։

Իր հարցազրույցներից մեկում Վերոնիկ Նիշանյանը նշել է, որ իր հաջողության գաղտնիքը համարում է հայկական ու ֆրանսիական մշակույթների ազդեցությունն իր վրա։ Հայ հայրիկի խստապահանջությունն ու սերը՝ շքեղության նկատմամբ, ինչպես նայ ֆրանսուհի մայրիկի ու տատիկի բնատուր նրբաճաշակությունը Վերոնիկի մեջ մանկուց ձևավորել են պատասխանատվության զգացում և ոճի գերազանց զգացողություն։ Հենց այդ հատկանիշներն էլ անհրաժեշտ են նորաձևության «տղամարդկանց մոլորակում» ապրելու համար։

ՎԱԼԵՐԻ ԹՈՐԱՆՅԱՆ

Ֆրանսահայ գրող, լրագրող Վալերի Թորանյանը Ֆրանսիայի ամենաազդեցիկ ֆեմինիստ կանանցից մեկն էր, որը 1980-ական թթ․-ից սկսելով համագործակցել ֆրանսիական «Elle» հեղինակավոր ամսագրի հետ՝ 2002 թ․-ին ընտրվում է ամսագրի գլխավոր խմբագիր։

Վալերի Թորանյան

Կանանց, գեղեցկությանը, նորաձևությանն ու կենսակերպին վերաբերող «Ellе» ամսագիրն աշխարհի ամենավաճառվող նորաձևության ամսագրերից մեկն է, որն իր հաջողության գագաթնակետին հասավ 2000-ական թթ․-ին։ «Ellе»-ի աննախադեպ հաջողությունն ու ազդեցությունը շատերը պայմանավորում էին Վալերիի՝ հայկական ամուր բնավորությամբ ու աշխարհայացքով։

Սակայն երևի քչերը գիտեին, որ գեղեցկության ու նորաձևության նկատմամբ նրա հետաքրքրությունը ձևավորվել է դեռևս մանկուց, երբ Վալերին հետևում էր Սանտիե փողոցում դերձակ աշխատող իր տատիկին։

2014 թ․-ի Վալերին հեռանում է ամսագրից՝ շարունակելով իր լրագրողական ու կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված գործունեությունը։

ՌՈՒԲԻՆԱ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Ռուբինա Խանզադյանը (հայտնի հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին) հայ առաջին մոդելն է, որը մասնակցել է կանանց ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող Victoria’s Secret աշխարհահռչակ ապրանքանիշի ներքնազգեստի ցուցադրությանը։

Հայուհի-հրեշտակ Ռուբինա Խանզադյանը՝ Victoria’s Secret-ի ցուցադրությանը, 2016 թ․

Ի դեպ, Ռեգինան նկարահանվել է Քրայսլեր մեքենաների գովազդում, հագուստ գովազդել Vouge և Billboard ամսագրերում։

Ռուբինա Խանզադյան

Այժմ Ռեգինա Խանզադյանը տնօրինում է հագուստի Rubina Dyan ապրանքանիշը, որը հիմնականում ներկայացված է ամերիկյան ու իսպանական շուկաներում։

ՋԵՆՆԻ ՇԻՐՔՈՐ

Հայի և ֆրանսուհու ընտանիքում ծնված Ջեննի Շիրքորը կինեմատոգրաֆիայի ամենահայտնի դիմահարդարներից մեկն է։

Ջեննի Շիրքորը 1998 թ․-ին «Էլիզաբեթ» ֆիլմի լավագույն դիմահարդարման համար արժանացել է Օսկար մրցանակի։

2009 թ․-ին «Երիտասարդ Վիկտորյան» ֆիլմում կատարած աշխատանքի համար արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին։

Ջեննի Շիրքոր

Ջեննի Շիրքորը նաև «7 օր ու գիշեր Մերիլին Մոնրոյի» հետ ֆիլմի դիմահարդարն է։

Իհարկե մի հրապարակմամբ հնարավոր չէ ներկայացնել բազմաթիվ շնորհալի հայուհիներին, որոնք իրենց կարևորագույն դերն ունեն «աշխարհը գեղեցկացնելու» գործում, նրանցից շատերի անունը այդպես էլ չի ամրագրվել նորաձևության պատմությունում, քանի որ տասնյակ տարիներ աշխարհի տարբեր ծայրերում հայ տաղանդավոր կանայք կարել, ասեղնագործել ու գործել են համաշխարհային հնչեղություն ունեցող ապրանքանիշերի համար՝ երբեմն պարզապես գոհանալով սեփական աշխատանքի կատարելությունից ու նրբությունից՝ չփնտրելով փառք ու ճանաչում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31