Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոյի ոլորտը կկարգավորվի. ֆիլմերի վարձույթը կլինի օրինական, ՀՀ-ում կաշխատի օտարերկրյա փորձագետ

Սեպտեմբեր 18,2020 11:30

ԱԺ այսօրվա նիստում «Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում» եւ կից օրենքներում փոփոխությունների նախագիծը քննարկվում է առաջին ընթերցմամբ, հեղինակել են մի խումբ պատգամավորներ «Իմ քայլից» եւ «Լուսավոր Հայաստանից»: Ինչպես զեկուցեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը, փաթեթը միտված է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորելուն. «Անհրաժեշտ է կանոնակարգել մասնավորապես ֆիլմարտադրության, ֆիլմվարձույթի, ցուցադրման, կինոփառատոններում եւ կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման եւ պահպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրման, տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմերի դասակարգման հետ կապված հարցերը»:

Աննա Կոստանյանը շեշտեց, որ մինչեւ օրս կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ գոյություն չի ունեցել, որի հետեւանքով նշյալ հարցերը եւ կարեւոր հարաբերություններ չեն կարգավորվել օրենքով:

«Օրենքով չի խրախուսվել օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը ՀՀ տարածքում, իսկ կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումն իրականացվում է առանց տարիքային սահմանափակման մասին նշմամբ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի եւ երեխաների իրավունքների պաշտպանության վրա: Այս փաթեթով ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում, կպաշտպանվեն հեղինակային եւ հարակից իրավունքները»,-տեղեկացրեց պատգամավորը:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը նկատեց՝ օրենսդրական փաթեթի որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու 2030թ.-ից, ինչո՞ւ: Աննա Կոստանյանն արձագանքեց, որ դա պայմանավորված է կինեմատոգրաֆիայի ոլորտի գործիչների հիմնավորումներով. «Փաթեթն ուժի մեջ է մտնելու ընդունումից կարճ ժամանակ անց, իսկ որոշ դրույթներ՝ 2030թ.-ից, որպեսզի, օրինակ, կինոթատրոնների առնչությամբ հասկանանք ազդեցության արդյունքները: Եթե կարիք լինի, դրույթները հետագայում կփոխվեն»:

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ օրենքով ամրագրված պետական աջակցությունը կինոլորտին ինչպե՞ս է իրականացվելու: Աննա Կոստանյանը պատասխանեց. «Ավելացվել է օտարերկրյա ներդրումների հնարավորությունը եւ ամրագրվել է կինոլորտի ազգային մարմնում օտարերկրյա փորձագետի ներգրավումը: Դա հավելյալ հնարավորություն է պետության համար, որպեսզի միջազգային փորձը կիրառվի մեզանում»: Հավելենք, որ օրենսդրական փաթեթը պետք է քննարկվի եւ քվեարկվի երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930