Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին պետք է արեւմտամետ ընդդիմություն, եւ նրանք սկսել են բուծել այդ ընդդիմությանը». Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 22,2020 13:31

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տարվա բոլոր եղանակները եւ բոլոր ամիսներն են թեժ եւ քաղաքական կլիշեները այս պարագայում չեն աշխատում, որովհետեւ 2018 թվականից սկսած՝ գործող կառավարությունը, տարբեր պատճառներով առիթ է ստեղծել, որ իրավիճակները թեժ լինեն. այս կարծիքին է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ թեժ քաղաքական աշնան սպասելիքների առումով: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, Արմեն Աշոտյանը նաեւ ասաց, որ այդ ամենի հիմքում Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության «կիսագրագետ, դեմագոգիկ, անպատասխանատու կեցվածքն է՝ ցանկացած ոլորտում»: Ուստի, գտնում է, որ աշունը լինելու է թեժ՝ այնպես, ինչպես գարունն ու ամառն էին թեժ, ինչպես ձմեռն է թեժ լինելու:

Բանախոսի համոզմամբ, գործընթացներն ավելի խորն են, քան պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքական տեսակետից ունենք աճող դժգոհություն, աճող հիասթափություն, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որի մասին խոսում են արդեն բոլոր մասնագետները: Ճգնաժամի կանխատեսումները հիմնված են պաշտոնական թվերի, ԿԲ նախագահի մի շարք սկանդալային հայտարարությունների վրա՝ կապված վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետեւողական նվազման հետ: Քաղաքական գործընթացների հիմքում լինելու են նաեւ տնտեսական խնդիրները, որոնք առկա են Հայաստանում եւ, որոնք հետեւանք են ոչ այնքան կորոնավիրուսի պատճառով առաջացած սահմանափակումների, որքան այս կառավարության քաղաքականության բացակայության, այդ թվում նաեւ տնտեսության ոլորտում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ընդդիմադիր դաշտում, ըստ բանախոսի, բուռն գործընթացներ են ընթանում, իշխանությունն էլ փորձում է գործի դնել «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը, ինչը դեռ հաջողությամբ չի պսակվում: «Իշխանական քարոզչամեքենան փորձում է նոր բաժանարար գծեր առաջացնել ընդդիմադիր դաշտում, դա արվում է, օրինակ՝ ՀՀԿ-Ռոբերտ Քոչարյան, Քոչարյան-Սերժ Սարգսյան, ՀՀԿ-ԲՀԿ գծերով: Դա շատ տեսանելի է: Դա դիտավորյալ քաղաքականություն է եւ ի պատիվ մեզ եւ մեր գործընկերների, մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել եւ կլինենք, հուսով եմ, անցյալում թողնել մեր տարաձայնությունների ողջ ժառանգությունն ու նստվածքը, որովհետեւ երկրին սպառնացող խնդիրները շատ ավելի կենսական են, քան անցյալի այն բեռը, որի մասին Նիկոլ Փաշինյանի քարոզչական մեքենան պարբերաբար փորձում է բարձրաձայնել»:

Արմեն Աշոտյանի գնահատմամբ, հաջորդ կարեւոր գործընթացն այն է, որ իշխանությունը դժգոհ է գործող ընդդիմությունից եւ փորձում է ստեղծել սեփական ընդդիմություն ու բաց տեքստով հայտարարում են, որ իրենց պետք է նոր որակի ընդդիմություն. «Երբ փորձում ենք հասկանալ՝ ինչ է նշանակում նոր որակի ընդդիմություն, ապա պետք է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր՝ այսօրվա ընդդիմության նման որակ, ՀՀ-ում, որեւէ ընդդիմություն չի ունեցել, այսօրվա ընդդիմության որակ Հայաստանը երբեւէ չի ունեցել: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե որակյալ ընդդիմություն, այլ անորակ ընդդիմություն»:

Հաջորդ կարեւոր դիտարկումը, որ անում է Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի թիմի պատկերացրած ընդդիմությունը բացառապես արեւմտամետ է եւ չեն էլ թաքցնում իրենց աշխարհաքաղաքական ճաշակը. «Նիկոլ Փաշինյանին պետք է արեւմտամետ ընդդիմություն եւ նրանք սկսել են բուծել այդ ընդդիմությանը՝ բրոյլերային հավերի նման հորմոնների վրա նստեցնելով, որպեսզի, այսպես կոչված, նոր ընդդիմությունն արագ աճի, դառնա խաղացող, հանրային կարծիք ձեւավորող: Բայց դա այնքան կեղծ, սուտ եւ տեսանելի պրոյեկտ է, որ մեր հանրությունն առ այսօր չի գնացել դրա ետեւից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930