Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի թնդանոթները չեն լռել` մենք պետք է նրանց ողնաշարը կոտրող հարված հասցնենք. Արման Նավասարդյան

Հոկտեմբեր 10,2020 18:10 Share

«Քանի թնդանոթները չեն լռել՝ մենք պետք է նրանց ողնաշարը կոտրող հարված հասցնենք: Դրանից հետո, եթե նրանք կուզեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ այդ դեպքում կուզեն, նրանց պետք է պարտադրենք խաղաղություն»,-այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտմանը:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում շուրջ 11 ժամ տեւած բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պետք է այսօր ժամը 12-ից սկսած հրադադար հայտարարվեր: Սակայն այն խախտվեց եւ այս պահին էլ Արցախա-ադրբեջանական շփման գոտում, ըստ պաշտոնական տեղեկատվության, մարտերը շարունակվում են:

Պարոն Նավասարդյանի կարծիքով, Ադրբեջանը Թուրքիայի պահանջով է հրադադարը խախտել, քանի որ չի իրագործվել բանակցություններին մասնակցելու նրա «նենգ» ցանկությունը եւ սա պատասխանն է այդ ամենին. «Սա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, որովհետեւ Ռուսաստանն է այս խնդրի կանոնավորողն ու մոդերատորը եւ դրանից հետո ոչ միայն Հադրութի ուղղությամբ է հարված հասցվում, այլ՝ Սյունիքի՝ Կապանի եւ այլն: Սա խոսում է այն մասին, որ բանակցային գործընթաց չի կարող լինել քաղաքական այս իրադրության պայմաններում: Այն ժամանակ ո՛չ Թուրքիան էր մտել ակտիվ գործողությունների մեջ ո՛չ էլ ահաբեկիչների ակտիվ գործողությունը կար, ինչը հիմա լրիվ փոխում է քաղաքական դիմանկարը: Այսօր բանակցությունը մտել է մի այնպիսի փուլ, որ հնարավոր չէ այդ փակուղուց դուրս գալ»:

Արման Նավասարդյանը մեկնաբանեց հրադադարի փաստաթղթով հաստատված 4-րդ կետը, որով կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը: Հարցին՝ ինչ է այն ենթադրում, դեսպանն ասաց՝ դա ե՛ւ լավ է ե՛ւ այնքան էլ մեզ համար լավ չէ. «Եթե ձեւաչափի անփոփոխություն է, այսինքն՝ Թուրքիան չի կարող մասնակցել, չի լինի այն՝ ինչին նրանք ձգտում են: Եթե անգամ Ադրբեջանը համաձայնի էլ դադարեցնել կրակը, Թուրքիան թույլ չի տա: Ես չեմ բացառում, որ հրադադարի խախտումը Թուրքիայի նախաձեռնությունն է՝ շարունակել հարված հասցնել: Վատ է, որ չի մասնակցում Արցախի կողմը, դա մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ սա աննորմալ երեւույթ է, մի ժողովրդի նկատմամբ կիրառվում են բարբարոսական ագրեսիվ ռազմական գործողություններ, մարդկանց են ոչնչացնում, երեխաներին եւ ծերերին սպանում են, եկեղեցիներ են կործանում, բայց այդ ժողովրդին դու զրկում ես մասնակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա նույն բանն է, ինչ եղավ 1921 թվականին ռուս-թուրքական պայմանագրով»:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու վերաբերյալ քննարկումներին, Արման Նավասարդյանն ասաց, որ եթե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ իմաստը կորչում է. «Ես չգիտեմ՝ ինչու մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե դա ընդունեինք կարող էր իրավիճակը փոխվել: Եթե ԱՄՆ, Ֆրանսիան ճանաչեն, Ռուսաստանն անմիջապես կգնա այդ ճանապարհով: Բայց դա չեղավ: Այստեղ անհարժեշտ է թողնել ամեն ինչ եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ստորագրել ռազմաքաղաքական պայմանագիր, ինչը Սերժ Սարգսյանը չարեց 2016 թվականից հետո եւ անցնել երկրորդ, երրորդ փուլին: Եվ այդ գործընթացից հետո Հայաստանը եւ Արցախը դառնում են երկու ֆեդերատիվ սուբյեկտներ: Եթե մենք ճանաչենք եւ այլ երկրներ չճանաչեն՝ այդ դեպքում դժվար կլինի շարունակել ռազմական գործողություններն Արցախի դեմ: Այդ դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ պատերազմական գործողություններից եւ նրանք ստիպված կլինեն նստել Արցախի հետ բանակցային սեղանի շուրջ, ինչի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք: Սրանք սխալներ են, որոնք թանկ են նստում մեր վրա»:

Պարոն Նավասարդյանի խոսքով, ինքն առանձնապես հույս էլ չի ունեցել, որ ադրբեջանական կողմը կրակը դադարեցնելու է, որովհետեւ, ըստ դեսպանի, այստեղ հարցը դրված է՝ ոչնչացնելու Հայաստանը եւ հարցն ամենեւին էլ Արցախը չէ. «Խոսքը գնում է Թուրքիայի պանթյուրքիստական քաղաքականության իրագործման մասին: Տվեք նրանց Արցախը, Ստեփանակերտն էլ հետը, հարցը չի լուծվելու Թուրքիան այդպիսի նկրտումներ է երազում: Սա բոլորովին նոր իրավիճակ է, միանգամայն նոր ռազմաաշխարհաքաղաքական իրավիճակ է, որ մտել է Անդրկովկաս»:

Նրա կարծիքով, այս բոլոր գործողություններն ուղղված են նախ՝ Հայաստանի ապա՝ Ռուսաստանի դեմ. «Ռուսաստանում սկսել են սա լավ հասկանալ, անգամ այն մարդիկ, որոնք շատ բարյացակամ էին Թուրքիայի հետ կապերը զարգացնելու հարցում: Այդ բոլոր համաձայնագրերը, որոնք ստորագրվում են Մոսկվայում, ես շատ կասկածում եմ, որ որպես խաղաղ կարգավորման գործընթաց կաշխատի»:

Հարցին՝ փաստաթղթում չկա կետ, որ կողմերից մեկը եթե խախտում է պայմանը, ինչ է ենթադրում: Պարոն Նավասարդյանն ի պատասխան ասաց՝ այս մասով միջազգային իրավունքը ոչ մի բան չի ենթադրում. «Այ, եթե միջազգային իրավունքի, օրենքի սահմաններում դու քո ստորագրած փաստաթուղթը խախտում ես, ես թողնում եմ ձեր տրամաբանությանը՝ ինչպիսի արձագանք պետք է դրան լինի: Եթե հիմա վերջակետ դրվի եւ հաշտություն կնքեն, ուղիղ երեք տարի հետո Թուրքիան ավելի մեծ ռազմական գործողություն կսկսի եւ կհարձակվի Հայաստանի վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031