Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն անորոշ նշում է, որ կայցելի ադրբեջանական բանակի վերցրած տարածքները, «լղոզում» է Թուրքիայի դերակատարումը. Տաթեւիկ Հայրապետյանը Ալիեւի հարցազրույցի մասին

Հոկտեմբեր 11,2020 20:39

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «РБК» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, ասաց. «Ալիեւը թե՛ «РБК»-ին տված հարցազրույցում, թե՛ այլ հանրային ելույթներում ամբողջությամբ հակասում է ինքն իրեն. մի կողմից՝ նա փաստացի ակնհայտ խոստովանում է, որ իրենք են սկսել ագրեսիան եւ նշում է, որ իրենք դրանով պատժում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ հայ ժողովրդին, մյուս կողմից նշում է՝ իբրեւ թե հայկական կողմն է նախահարձակ եղել: Ընդ որում, ամբողջ աշխարհի համար ակնհայտ է, որ հայկական կողմը որեւէ ռազմական խնդիր չունի լուծելու նախահարձակ լինելու համար»:

Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ Ալիեւը նաեւ փորձում է կոտրել հայկական հզոր բանակի մասին, նրա խոսքերով ասած՝ միֆը, որը եւս իրականությունից հեռու է. «Որովհետեւ այս ընթացքում ադրբեջանական բանակը փաստացի բազմաթիվ անհաջողություններ է կրել՝ չնայած Թուրքիայից ստացվող օգնությանը, ահաբեկիչների ներգրավվածությանը, որով ադրբեջանական բանակն այդպես էլ չի կարողացել 13 օր տեւած պատերազմում էական խնդիր լուծել»:

Ըստ մեր զրուցակցի՝ Ալիեւը, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, փորձում է ներկայացնել, իբր իրենք բացառիկ դիվանագիտական հաջողության են հասել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը չդառնա բանակցային կողմ, իրականում մոռանալով, որ 1994 թվականին ամրագրված եռակողմ զինադադար է եղել:

«Նաեւ անորոշ նշում է, որ կգնա, կայցելի այն տարածքները, որոնք ադրբեջանական բանակը վերցրել է: Ալիեւը փորձում է չակերտավոր՝ լղոզված  ներկայացնել Թուրքիայի դերակատարումը: Երբ խոսք է գնում, թե Թուրքիան ինչպես պետք ներգրավվի գործընթացում, ինչ է դրանով պատկերացնում, լավ հասկանալով, որ հնչում է այդ հարցը ռուս լրագրողից եւ ռուսական կողմը, որքան քննադատաբար է մոտենում այդ հարցին, փորձում է քողարկել դա՝ իբրեւ Թուրքիան միայն եղբայրական աջակցություն է ցույց տալիս՝ թաքցնելով իրական ներգրավվածությունը, բայց շատ լավ գիտակցելով, որ  Ռուսաստանում շատ լավ գիտեն, թե Թուրքիան ընթացքում ինչ դերակատարություն ու նշանակություն է ունեցել: Եվ միեւնույն ժամանակ փորձում է ընդգծել Ռուսաստանի բացառիկ դերն ու նշանակությունը հակամարտության մեջ՝ լավ հասկանալով, որ ռուսական կողմն, իսկապես, հսկայական ջանքեր է գործադրում պատերազմական գործողությունները դադարեցնելու եւ հումանիտար հրադադար հաստատելու առումով»,-ասաց Տաթեւիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Ալիեւն իրեն պահում է ոչ թե երկրի ղեկավարի պես, այլ որպես «ինչ-որ նեղացած, վիրավորված մի գազան, որը պատրաստ է հարցականի տակ դնել ամեն ինչ՝ փոխարենը չստանալով ոչինչ եւ միայն իր անձնական էգոն բավարարելու համար»:

Տիկին Հայրապետյանը կարծում է, որ  Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդելու Ալիեւի բոլոր ուղերձները, բոլոր հակասականությամբ հանդերձ, հակառակ արդյունքն են ունենում. «Կվերաբերվի դա Փաշինյանի իշխանությանը, թե՛ նախկին կառավարություններին ու նրա հետ բանակցողներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031