Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժպիտը երեսին Գիշոն…». Մայրը հարմար բառեր չի գտնում երեխաներին ասելու՝ ձեր հայրը՝ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի քաջ մայորը Ջաբրայիլում զոհվել է՝ հանուն երազած հաղթանակի

Հոկտեմբեր 13,2020 22:02

«Իննա ջան, ցավդ տանեմ, սաղ լավ ա, ոչ մի բան չկա»,- սեպտեմբերի 27-ին, երբ Արցախում սկսեց պատերազմը, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի մայոր, Գրիշա Թումասյանն (Գրիգորի Թումասյանին Գրիշա են ասում մտերիմները) այսպես էր հանգստացնում Ռուսաստանում գտնվող քրոջը ու հարազատներին հորդորում պանիկա չտարածել:

Իսկ հարազատների համար «սաղ լավ էր», քանի դեռ Գրիշայի՝ Ջաբրայիլում զոհվելու լուրը չէին ստացել: Այս սարսափելի լուրն այնքան անակնկալ էր, այնքան անսպասելի, քանի որ Գրիշան, առաջնագիծ գնալուց առաջ տանը ոչ մեկին ոչինչ չի ասել, անգամ կնոջը տեղյակ չի պահել, թե ուր է գնում:

«Այնպես է գնացել առաջնագիծ, որ նույնիսկ իմ եղբայրը, որը շտաբում է աշխատում, անգամ ինքը չի իմացել, միայն մոտ ընկերոջն է ասել ու խնդրել գաղտնի պահել, որ Ջաբրայիլ է գնում: Մինչեւ հիմա չենք հավատում, որ ինքը չկա, մաման, եղբայրներս ասում են՝ չէ, Իննա, մեր Գիշոն ա, հավատս չի գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիշայի քույրը՝ Իննա Թովմասյանը, որը փոքրուց մոր պես հոգ է տարել Գրիշայի մասին, ծնողական գուրգուրանքով պահել, մեծացրել, դպրոց տարել, ուսմանը հետեւել: Ասում է՝ «Գրիշաս ծիծաղերես, ժպիտը դեմքին տղա էր ու էդպես է իմ համար մնալու»:

Վերջին անգամ, երբ կնոջ հետ խոսել է, կինը ասել է՝ էնքան անհանգիստ եմ, Գրիշան բարկացել է: Նա անգամ չի թողել Ստեփանակերտի իրենց տնից իրերը վերցնել, կնոջն ասել է՝ ինչի՞ ես վախենում, ինչի՞ ես մտածում, մենք հաղթելու ենք ու շուտով հետ ենք գալու:

Երեխաները՝ 8 եւ 5 տարեկան տղաները մինչ օրս չգիտեն, որ հայրն արդեն ողջ չի: Ընտանիքի անդամները հարմար բառեր, սփոփանքի խոսքեր չեն կարողանում գտնել, նախընտրում են լռել: Իսկ երեխաները անընդհատ տանջող հարցախեղդ են անում՝ մա՛մ, Գիշոն ե՞րբ է գալու, կարոտել ենք:

Գրիշան փոքրուց աչքի է ընկել բացառիկ ունակություններով, 3-4 տարեկանում արդեն մաթեմատիկական հաշվարկներ է արել ու երազել դառնալ հաշվապահ: Հարազատները պատմում են, որ այնքան ինքնուրույն է եղել, որ թույլ չի տվել անգամ առաջին դասարանում իր հետ տնային հանձնարարություններն անել, կողքից օգնել: Բոլորի համար ապագա տնտեսագետ-հաշվապահի երազանքները, մտքերը փոխվել են, երբ 10-րդ դասարանում դպրոցի մի քանի լավագույն աշակերտի առաջարկ են արել շարունակել ուսումը ՌԴ-ում ու հետո ծառայել ազգային անվտանգությանը:

Իննայի պատմելով՝ «Մի օր ընտանիքին հավաքեց՝ իր որոշումը հայտնելու: Ասեց՝ տնտեսագետներ, հաշվապահներ Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ շատ ունի, մեզ այլ մասնագետ է պետք, ԱԱԾ եմ մտնում: Պապաս ասեց՝ ցավդ տանեմ, բան չունեմ ասելու, բայց մենք սովորական ընտանիք ենք, պապաս նույնիսկ երկրորդ կարգի հաշմանդամ է, ասեց՝ էնտեղ էնպիսի մարդիկ են ընդունվում, որ մենք էդ թափը չունենք: Ասեց՝ պապ, ես կարող եմ, դու ինձ հավատա»:

Ռուսաստանից Գրիշան գալիս է «կարմիր դիպլոմով» ու անցնում այստեղ աշխատանքի. «Ախր էնքան երազանքներ ուներ, չեք պատկերացնի: Պապայիս ասում էր՝ կտեսնես, ես գեներալ եմ դառնալու, դուք պարծենալու եք ինձանով ու սաղ մեր Թումասանց ցեղը ինձանով հպարտանալու է: Կտեսնեք, գալու է մի ժամանակ, բոլորն ինձնով պարծենալու են: Միշտ ասում էր՝ Ղարաբաղը մերն է լինելու ու եթե կռիվ լինի, բոլորս գնալու ենք, հաղթելու ենք: Ինքը վարկով գումար էր վերցրել, որ Ստեփանակերտում տուն առնի ու այնքան էր արժևորում Ղարաբաղի հողը, որ նախընտրեց տունն իր ձեռքերով սարքի` սեփական ուժերով: Դեռ չէր ավարտել, պիտի իր երազած տունը սարքեր, վայելեր, չհասցրեց… Հասցրեց միայն մինչեւ վերջ կատարել երազանքներից մեկը՝ անմնացորդ ծառայել հայրենիքին»,- պատմեց քույրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031